Մոնթեին ասացի՝ դու դիպուկահար ես, երբ որ տեսնես՝ գերի եմ ընկնում, ինձ գլխից կկրակես

Մոնթեին ասացի՝ դու դիպուկահար ես, երբ որ տեսնես՝ գերի եմ ընկնում, ինձ գլխից կկրակես

Հայտնի մարզիկ, «Armenian Power» ակումբի նախագահ և մարտաֆիլմերի դերասան Էրիկ Օհանյանը առաջնագծից վերադարձել է գլխի բեկորային վնասվածքով։ Նրա կյանքը փրկվել է նախ մարտի դաշտում՝ ընկերոջ շնորհիվ, ով մարմնով փակել է Էրիկին, ապա Արցախում և Երևանում՝ մեր բժիշկների շնորհիվ։ Էրիկը Արցախ էր մեկնել որպես կամավոր և թշնամու դեմ մի քանի օր շարունակ կռիվ է մղել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ։

«Ես աշխատում եմ Արաբկիրի թաղապետարանում, և երբ պատերազմը սկսվեց, հենց հաջորդ օրը գնացի զինկոմիսարիատ, անուն ազգանունս տվեցի, և մյուս օրը ավտոբուսներով շարժվեցինք դեպի առաջնագիծ։ Ամսի 29-ին եղել եմ առաջնագծում, հոկտեմբերի 4-ին վիրավորվել եմ։ Կռվել եմ մեր ժամկետային զինծառայողների հետ միասին, որոնց մասին շատ բաներ կարելի է պատմել։ Ես նրանց անվանում եմ «ԱՍԱԼԱ»-ի ձագեր, որոնք հոգի դրած՝ հողը պահում էին, ինչպես մարդ կպահի իր տունը։ Հենակետից մի գրամ անգամ չէին մտածում, որ կարելի էր հետ գնալ»,-մեզ հետ զրույցում պատմեց Էրիկ Օհանյանը։

-Դուք ի՞նչ մարտական առաջադրանք եք կատարել այդ ուղղությամբ, և, եթե չեմ սխալվում, անձամբ Դուք հետախուզական առաքելություն եք իրականացրել։

-Չակերտները շատ չբացելով՝ ասեմ, որ հետախուզական ջոկատում եմ եղել, առաջադրանքը եղել է չեզոք գոտում, որտեղ մենք պետք է ականապատում իրականացնեինք, և դիտարկել տարածքը, որովհետև մինչև առաջնագիծ հասնելը՝ թշնամին պետք է նախ չեզոք գոտին անցներ։ Բայց, փառք Աստծո, թե՛ իմ ժամանակ, թե՛ հիմա, իմ տեղեկությամբ, չեզոք գոտին մերոնք հետ չեն տվել, պահում են։ Հիմնական առաջադրանքը դա էր։ Եւ ուզում եմ մի հետաքրքիր դրվագ հիշել, Մոնթե անունով մի զինվոր ունեինք, որը հիմա վիրավոր է, Երևանում է գտնվում, նա ժամկետային զինծառայող էր ու դիպուկահար էր և կարծես իր անվան հետ կապված լիներ։ Երբ իջնում էինք չեզոք գոտի՝ ականապատելու տարածքը, ես մոտեցա Մոնթեին, ասացի՝ Մոնթե, դու դիպուկահար ես, երբ որ տեսնես՝ գերի եմ ընկնում, ինձ գլխից կկրակես, որովհետև ես տանը կնոջս խոստացել եմ, որ գերի չեմ ընկնելու։ Մոնթեն, հիշում եմ, աչքերը լցրեց, ասաց՝ Էրիկ ձաձա, ես չեմ կարող դա անել, ասացի՝ դու դա պիտի կարողանաս, ես եմ դա խնդրում։ Եվ երբ հանձնարարությունը կատարելուց հետո վերադարձանք հենակետ, Մոնթեի աչքերից ես զգացի, որ ինքը կաներ դա։ Ինքն էլ ասաց, որ պատրաստ էր արդեն։ Չգիտեմ, հոգի դրած զինվորներ ու սպաներ ունենք, կամավորներ ունենք։

-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ վիրավորվեցիք։

-Հոկտեմբերի 4-ն էր, երբ, չասեմ ադրբեջանցի, որովհետև ադրբեջանցի չէին հաստատ, մոտ 22 հոգի մոտեցել էին այն դիտակետը, որտեղ ուզում էին իրենք գործողություն կատարեին՝ ականանետներ, հրետանի բերեին շարեին, որ ավելի մոտ տարածությունից խփեին Արցախի քաղաքներին, և մեր հրամանատարի՝ Մարգարի հրահանգով դիրքավորվեցինք ու սկսեցինք դիտել, ու տեսանք, որ մոտ 2 մետրանոց լավ պարապած տղերք, բայց ոչ՝ ադրբեջանցի, կյաժ մազերով, ինչ-որ գործողություններ են անում։ Եվ իրենցից մոտ 500 մետր հեռու «Կամազ» մեքենաներ էին մոտենում, որը զորքը տեսավ՝ ինչ են բերում, և մեր հրետանիին տեղեկացնելով՝ «Կամազները» կանգնեցրինք։ Դրանից հետո իրենք փորձեցին բարձրանալ դեպի մեր դիրքեր, որը նորից չեզոք գոտի էր, որ հասկանան՝ մե՞ր կողմից է ինֆորմացիան գնացել, թե չէ, ու տեղի ունեցավ փոխհրաձգություն մեր և իրենց միջև։ Մոտ ինը հոգու կտրտեցինք։ Հետո նրանք, ինչպես միշտ, վախկոտի պես փախան հետ, իրենց վառված տանկերի հետևը դիրքավորվեցին, և միացավ իրենց հրետանին՝ ականանետ, «Գրադ»։ Անձրևի պես սկսեց մեր թիկունքում թափվել։ Մենք իրենց հետ կռիվ ենք տալիս դիմացից, իրենք ծանր հրետանիով հարվածում են մեր թիկունքին։ Այդ օրը մեր կողմից երկու հոգի զոհվեց և հինգ հոգի վիրավորվեց, որոնցից մեկը ես եմ։ Հիշում եմ, որ առաջինը վիրավորվեցի թևից, փոքր բեկոր էր, ուշադրություն չդարձրի, շարունակեցի կռվել, երկրորդ ականանետը, որ խփեց, դեմքիս ուժեղ հարված զգացի, բայց, փառք Աստծո, գլխիս սաղավարտ կար, մի բեկորը մտավ սաղավարտիս մեջ, մյուսը մտավ ականջիս մոտով գլխիս մեջ։ Ինձ այդ պահին շտապ մոտեցավ Վարդանը Կիրակոսյան, որը հատուկ նշանակության բրիգադում էր աշխատել ու «Մոբով» էր եկել առաջնագիծ, ինձ ասաց՝ նստիր, էլի են խփում, երրորդ ականանետի հարվածից արդեն ինձ պաշտպանեց Վարդանը, ով թիկունքով ինձ ծածկել էր։ Եթե Վարդանը չլիներ, էսօր կա՛մ գլուխս չէր լինի, կա՛մ ավելի ծանր վնասվածք կունենայի, դրա համար շնորհակալ եմ նրան, որ փրկեց կյանքս։ Հետո մոտ 200 մետր ինձ ոտքով տարան դեպի շտապօգնության մեքենան, որով տեղափոխեցին Մարտակերտի հոսպիտալ, բժիշկները էնտեղ առաջին օգնություն ցույց տվեցին, հետո տեղափոխեցին Խոջալու, երկու օր մնացի էնտեղ, հետո արդեն տեղափոխեցին Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ էլ վերջնական վիրահատությունը արեցին և, փաստորեն, փրկեցին կյանքս, չնայած՝ բեկորը դեռ մնացել է գլխիս մեջ, որովհետև վտանգավոր հատվածում է։ Ուզում եմ ասել, որ մեր բժիշկները շատ լավ են աշխատում թե՛ Արցախում, թե՛ այստեղ՝ Երևանում։

-Հիմա ինչո՞վ եք զբաղված այստեղ, հնարավո՞ր է՝ նորից վերադառնաք առաջնագիծ։

-Առողջական վիճակս այս պահին թույլ չի տալիս նորից վերադառնալ, բայց մինչև վերջնական կապաքինվեմ, այս պահին «Կոմանդոս» ռազմական կենտրոնի հետ օգնություններ ենք ուղարկում Արցախ։ Իհարկե, լիարժեք ապաքինվելուց հետո, եթե պատերազմը վերջացած չլինի, էլի կմեկնեմ առաջնագիծ, էլի կմասնակցեմ պատերազմին։ Բայց հուսով եմ՝ շուտով ավարտված կլինի պատերազմը։ Ցավոք սրտի, մարդը երկու կյանք չունի, որ մեկը տա ընտանիքին, մյուսը՝ հայրենիքին, ուստի ուզում եմ դիմել մեր երկրի ղեկավարությանը՝ խնդրում եմ, ղեկավարություն, աչալուրջ եղեք, մարդ գնում զոհվում է, էլ երկրորդ կյանք չունի իր ընտանիքի համար, չեմ ուզի վաղը պարզվի, որ անիմաստ ենք էսքան զոհ տվել։