Ռուսաստանը նման չէ պատերազմող երկրի. «Gallup»

Ռուսաստանը նման չէ պատերազմող երկրի. «Gallup»

«Gallup»-ի նոր հարցման համաձայն, ռուսաստանցիները հիմնականում լավատես են երկրի տնտեսական իրավիճակի հարցում և մեծամասամբ զերծ են առօրյա սթրեսից ու անհանգստությունից։ Միևնույն ժամանակ, սակայն, առկա են նշաներ, որ Ռուսաստանի բնակչության շրջանում աճում է դժգոհությունը՝ կենսամակարդակի հետ կապված, ինչպես նաև խորանում է թերահավատությունը զինված ուժերի նկատմամբ։

«Gallup»-ը ներկայացրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել Ռուսաստանում ուկրաինական պատերազմի ընթացքում։

Լավատեսություն տնտեսության նկատմամբ

Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի տնտեսության նկատմամբ՝ նպատակ հետապնդելով սահմանափակել Կրեմլի ֆինանսական կարողությունները։ Պատժամիջոցների ներքո են անցել երկրի ֆինանսական համակարգը, նավթագազային ոլորտը, բազմաթիվ օլիգարխներ։

Սակայն այս միջոցները չեն սասանել ռուսաստանցիների տնտեսական լավատեսությունը։ Հարցված ռուսաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ երկրի տնտեսությունը (56%) և երկրում կենսամակարդակը (46%) բարելավվում են։ Աշխատաշուկայի վիճակը նույնպես դրական է գնահատվել. հարցվածների 50%-ը կարծում է, որ այժմ ճիշտ ժամանակն է նոր աշխատանք փնտրել։ Դրան նպաստում է բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության համեմատաբար բարձր մակարդակը (56%)։

Այնուամենայնիվ, կան նաև լարվածության որոշ նշաններ։ Իրենց կենսամակարդակից գոհ ռուսաստանցիների թիվը նախորդ տարվա 57%-ի փոխարեն այս տարի կազմել է 49%։ Հարցվածների մեկ երրորդը (34%) դժվարանում է սննդի գնման հարցում՝ 2022 թվականի 27%-ի համեմատ։

Չինաստանի ղեկավարության բարձր վարկանիշը

Ռուսաստանի տնտեսության նկատմամբ լավատեսության հավանական պատճառը Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների խորացումն է, Չինաստանի՝ որպես տնտեսական նոր, առանցքային գործընկերոջ ի հայտ գալը։ Արևմտյան

պատժամիջոցների սահմանումից հետո, հատկապես այս տարի ռուս-չինական առևտուրը ռեկորդային աճ է ցույց տալիս։

Միլիոնավոր ռուսների աչքում Պեկինը ազդեցիկ դերակատար է, և Չինաստանի ղեկավարության վարկանիշը Ռուսաստանում 2023 թվականին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 71%-ի, մինչդեռ, օրինակ, Գերմանիայի, ԱՄՆ-ի իշխանությունների վարկանիշները հավասարվել են նախորդ տասնամյակի ընթացքում գրանցված ամենից ցածր թվերին։

Ռուսաստանցիների մեծ մասը բավարարված է «անձնական ազատություններով»

Ռուսաստանցիների երեք քառորդը (75%) գոհ է իրենց ազատության մակարդակից։ Այս ցուցանիշը անշեղորեն աճել է վերջին տասնամյակի ընթացքում՝ հասնելով ռեկորդային բարձր մակարդակի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Սակայն նույնը չի կարելի ասել լրատվամիջոցների ազատության մասին։ Ռուսաստանցիների 51%-ը կարծում է, որ երկրում լրատվամիջոցները լայն ազատություններ ունեն, իսկ 48%-ը՝ ճիշտ հակառակ կարծիքի է։

Պատերազմը բացասաբար չի ազդում առօրյա կյանքի վրա

Ուկրաինայում տևական ժամանակ շարունակվող պատերազմից հետո որևէ էական նշան չկա, թե արյունահեղությունը խորացրել է բացասական մթոնլորտը երկրում։ Սթրեսի, անհանգստության մակարդակը նույնն է 2017 թվականից ի վեր։ Այս պատկերը էապես տարբերվում է Ուկրաինայում առկա իրավիճակից, ուր պատերազմի սկզբից ի վեր բացասական մթնոլորտի թանձրացել է։

Հատկանշական է, որ զինապարտ տարիքի ռուսաստանցիները (մինչև 30 տարեկան) առօրյա կյանքում ավելի քիչ են անհանգստություններ (20%), կամ տխրության (13%) ունենում, քան մնացած բնակչությանը (համապատասխանաբար՝ 26% և 22%)։

Ռուսաստանցիներն իրենց ավելի անվտանգ են զգում

Ռուսաստանում «Gallup»-ն առաջին անգամ սոցհարցում անցկացրել է հեռավոր՝ 2006 թվականին, և այն ժամանակ հարցվածների միայն մեկ քառորդն էր (27%) իրեն ապահով էր զգում գիշերը միայնակ քայլելիս։ Այս տարի այդ թիվը հասել է 71%-ի։ Թեև ռուսաստանցիների մոտ ապահովության այդ բարձր զգացումը նահանջ ապրեց Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո, բայց իրավիճակը շտկվել է և հասել ամենից բարձր ցուցանիշին, չնայած, ինչպես հայտնի է, ռուսաստանյան քաղաքները պարբերաբար ենթարկվում են ուկրաինական անօդաչուների հարձակումներին։

Խորանում է թերահավատությունը զինված ուժերի նկատմամբ

Ուկրաինական պատերազմի սկսվելուց մոտ երկու տարի անց ի հայտ են գալիս առաջին նշանները, որ բանակի նկատմամբ վստահությունը սասանվում է, և գլխավոր պատճառը, ըստ ամենայնի, հաղթանակի բացակայությունն է մարտի դաշտում, որը Կրեմլը խոստանում էր ապահովել մի քանի շաբաթում։ Թեև բանակի նկատմամբ ընդհանուր վստահությունը մնում է բարձր (75%), այն ավելի ցածր է, քան 2022 թվականին էր՝ 80%։

Ռուսաստանում սոցհարցումն անցկացվել է 2023 թվականի մայիսի 23-ից հուլիսի 29-ը՝ հեռախոսզանգերի միջոցով։ Հարցմանը մասնակցել է 15 տարեկանից բարձր 2 հազար մարդ։ Սխալվելու հավանականությունը 2.7% է։