Մահմուդ Դարվիշ. Պատերազմ եւ Սեր

Մահմուդ Դարվիշ. Պատերազմ եւ Սեր

***
Նա հարցրեց ինձ, թե երբ ենք հանդիպելու, 
Ես ասացի, որ կհանդիպենք, երբ պատերազմն ավարտվի։

Նա հարցրեց, թե երբ կավարտվի պատերազմը,
Ես ասացի՝ մեր հանդիպման առաջին պահից․․․

***
Դարձիր իմ սիրեկանը այս պատերազմում, 
որ ընթանում է երկու հայելիների միջեւ։ 
Հայրական տուն վերադառնալ չեմ ուզում. այն ամրոց է։ 
Փոխարենը տար ինձ քո խաղողի այգի,
Թույլ տուր ծանոթանալ մորդ հետ,
Օծիր ինձ բուրավետ բազիլի ջրով,
Մատուցիր ինձ քեզ՝ արծաթե սկուտեղի վրա։
Սանրիր մազերս...
Եվ պատերազմում այս թող սերն ինձ սպանի․․․

***
Գիտե՞ք ինչն է միաժամանակ խեղճ ու գեղեցիկ․
Վարդերը՝ պատերազմի դաշտում։ 

***
Իմ հոգու շարունակությունն այս հողամաղն է։
Հիմա իմ ձեռքերը վերքի մայթեր են,
Թեւերս՝ խճաքարեր գունավոր։
Թռչունները նմանվել են նշերի եւ թզերի,
Որոնց կողմը ես քարի նման նետում եմ այն ճյուղը,
Որ նկարել եմ սրտե վրձնով։
Եվ ինձ թվում է, թե ես պայթեցրի հրասայլեր
այնպես, ինչպես պայթեցնում են դրանք նվաճողները․․․

***
Մեր երկիրն ամենամոտն է Աստծո խոսքին
Որ գրված է առաստաղին ամպե։

Աշխարհի բոլոր գոյականներից ու ածականներից
հեռու է մեր երկիրը
եւ պատկերված չէ անգամ բացակայության քարտեզին։

Մեր երկիրը սքողված վիհ է, տեսածիր երկնավետ,
որ փոքր է քունջութի սերմի նման։

Մեր երկիրը թեւաթափ չքավոր է,
Որ ունի միայն սուրբ գրքեր եւ վերքեր ինքնության։

Զինահար բլուրներն են շրջապատում մեր երկիրը,
Ինչ-որ նոր անցյալ կա, որ դարձել է որոգայթ։

Պատերազմից մրցանակ մնաց մեր երկիրը
եւ ազատումը՝ տառապանքից անձկության։

Մեր երկիրը գոհար է՝ արյունոտ գիշերում փայլող,
Որ լուսավորում է այն, ինչ կա իրենից անդին՝
հասնելով մինչեւ խորքերը հոգու
Այնտեղ, ուր խեղդվում ենք բոլորս․․․

***
Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Սիրահարներին անվերջ հետապնդող ինքնաթիռի շուրջ։

Ես քեզ չեմ սիրում։
Թաթախիր ծաղիկներն արյան մեջ ու շաղ տուր դրանք
Ինձ հետապնդող ինքնաթիռի շուրջ։

Լսիր, թե ինչ է ասում ծովը․
Բեյրութը չի հանձնվում։
Ես եմ Բեյրութը,
եւ ես թույլ չեմ տա գրավել ինձ այնքան ժամանակ,
քանի դեռ ինքս ինձ պաշտպանող ձեռքերս չեն հոգնել․․․

***
Ես կլքեմ փողոցները քո։
Ասում եմ՝ իմ ներսի կրակը չի մարելու,
Եթե անգամ շենքերի տանիքներին 
Լոգարաններ կառուցեն,
Եթե անգամ գտնեմ տանիքներին մնացորդները խաղաղության՝
Ես կասեմ՝
Այս շամանդաղի համար շնորհակալ եմ քեզ, Բեյրո՛ւթ,
Եվ անգամ տեսնելով գահավիժումն այս, միեւնույն է՝
Շնորհակալ եմ, շնորհակալ եմ քեզ, Բեյրութ․․․

Թարգմանությունն արաբերենից` Էլիզա ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ