Վերջում Նիկոլ Փաշինյանը մենակ է մնալու

Վերջում Նիկոլ Փաշինյանը մենակ է մնալու

Ազգային ժողովի նիստերը նայելու պարագայում որպես կանոն տրամաբանական հարց է առաջանում․ ո՞րն է «Իմ քայլը» դաշինքի առաքելությունը Հայաստանի քաղաքական համակարգում։ Միգուցե այդպիսի առաքելություն չկա՞ և խմբակցությունը գոյություն ունի զուտ այն պատճառով, քանի որ պետք է գոյություն ունենա։ Կամ էլ իշխանության այդ տարածությունը մեխանիկական սկզբունքով համալրվել է ինչ-որ անհասկանալի պարունակությամբ, քանի որ այլընտրանք չկա՝ պետությունը պետք է անպայման խորհրդարան ունենա, որտեղ էլ  պարտադիր է կառավարող ուժի ներկայացվածությունը։ Տպավորություններն այս իհարկե անհիմն չեն։ Ավելին, կան հստակ ուղենիշային տարրեր, որոնք մեզ բերում են վերոհիշյալ եզրակացությանը։

Բացահայտ ճշմարտություն է, որ «Իմ քայլը» դաշինքը «իզմերը» մերժող, գաղափարազուրկ, տարերային սկզբունքով հավաքագրված հավաքածու է, որը  գոյություն ունի զուտ Նիկոլ Փաշինյանի ազդեցության և հեղինակության շնորհիվ։ Սա է կիսաքաղաքական այդ գոյացությանը միավորող միակ հյուսվածքը, քանի որ այն ստեղծվել է արհեստական ճանապարհով՝ միասնական գաղափարախոսության, աշխարհայացքի և քաղաքական կոնցեպտների բացակայությամբ։ Այս եղանակով սաղմնավորված «պտուղը» չի կարող որևէ լուրջ քաղաքական առաքելություն ունենալ, գաղափարախոսություն չունեցողը չի կարող գաղափարաստեղծ լինել, իսկ վերջնական հանգրվանը մեկն է՝ անխուսափելի պառակտումն ու մասնատումը։

Այս խնդրի մասին քաջատեղյակ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նա էլ շատ լավ գիտակցում է, որ արհեստական ճանապարհով ստեղծված դաշինքը դատապարտված է կործանման։ Ավելին՝ պառակտումը ժամանակի խնդիր է և հենց այս համատեքստում են խոսակցություններ շրջանառվում խորհրդարանը ցրելու և համամասնական ընտրակարգի անցնելու անհրաժեշտությունների մասին։ Սրանք իհարկե ինքնանպատակ անհրաժեշտություններ չեն, այլ հենց դրանցով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի քաղաքական երկարակեցությունը, քանի որ երկարաժամկետ ընթացքի համար ամուր և կենսունակ թիմ է անհրաժեշտ։

Ներկայումս կա միայն մեկ լեգիտիմության կենտրոն, որն է՝ վարչապետի ինստիտուտը։ Իրավիճակն այս երկար չի կարող շարունակվել, քանի որ վարչապետի սակրալ կարգավիճակն օր օրի հալվում է և շուտով նոր քաղաքական հենարանի անհրաժեշտություն է զգացվելու։ Իսկ «Իմ քայլը» դաշինքը ինտելեկտուալ և գաղափարական տեսանկյունից ի զորու չէ այդպիսի լուրջ գործառույթ ստանձնել։ Իրավիճակն այս իհարկե վարչապետին պետք է մտորելու առիթ տա, քանի որ եթե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ապա կառավարող ուժի խորհրդարանական խմբակցությունն էլ անգործունյա է և չի համապատասխանում այդ նույն հեղափոխության բարձրագոչ պահանջներին։ Վերջում Նիկոլ Փաշինյանը մենակ է մնալու և ստիպված ինքն իրեն ազատելու է աշխատանքից։