««Իզմիրլյանում» բոլորը լիարժեք աշխատում են»

««Իզմիրլյանում» բոլորը լիարժեք աշխատում են»

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այն փաստաբանական թիմը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան, իսկ մինչ այդ այսօր ժամը 17։00-ին դատախազության դիմաց բողոքի ակցիա է նախատեսված։

Նաեւ լուրեր էին շրջանառվում, որ «Իզմիրլյանի» բժիշկներն ու աշխատակազմը պայմանավորված իրենց ղեկավարի կալանավորմամբ, չեն աշխատում։

Մենք փորձեցինք զրուցել փոխտնօրենի հետ, սակայն  հեռախոսազանգին պատասխանած անձը հայտնեց, որ փոխտնօրենը տեղում չէ, իսկ բժիշկների չաշխատելու վերաբերյալ փոխանցեց․ «Բոլորն էլ լիարժեք աշխատում են»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Հունիսի 20-ի գիշերը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարեց պաշտպանների բողոքը, ու Արմեն Չարչյանն առավոտյան դուրս եկավ «Շենգավիթ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել էր գիշերը՝ առողջական խնդիրների պատճառով։

Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը որոշում կայացրեց նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։