Էլի մնացինք Դանիել Իոաննիսյանի ու Վահագն Հովակիմյանի հույսին

Էլի մնացինք Դանիել Իոաննիսյանի ու Վահագն Հովակիմյանի հույսին

Հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը եւ գործունեության կարգը: 

Խորհրդի կազմն այս տեսքն ունի. ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան,  Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան, Բարձրագույն դատական խորհրդի անդամ  Վիգեն Քոչարյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարության, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մ․Մելքոնյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ  Արթուր Սաքունց, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան: Ինչպես հայտնի է՝ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Ի դեպ, շատերն այս հանձնաժողովի իմաստը չեն էլ հասկանում, քանզի արդեն պարզ է, որ կառավարման մոդելի փոփոխություն չի լինելու՝ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ասաց՝ հանձնաժողով ձեւավորելու իմաստն էլ բացատրեց «Սահմանադրությունն աուդիտ անելու» հանգամանքով։

Սահմանադրական բարեփոխումների խորհդի կազմում ներառված են, ինչպես տեսնում եք՝ կարկառուն անուններ, որոնք հայտնի են իրենց խիստ «յուրօրինակ» մտքերով ու իշխանամետ կեցվածքով: Ասենք, օրինակ, 18-ից հետո մեծն օրենսդիրների կարգավիճակ ստացած, մասնագիտությամբ ոչ իրավաբաններ Դանիել Իոաննիսյանն ու Վահագն Հովակիմյանն են մեզանում Սահմանադրություն գրում։ Ինքը՝ Վահագն Հովակիմյանը Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում է երկար տարիներ աշխատել, հետագայում աշխատել է նաեւ «Ժողովուրդ» թերթում, «Պանորամա» հստակ իշխանական կայքում:

Իսկ հեղափոխությունից հետո առաջ է քաշվել եւ դարձել օրենսդիր։ Բոլորովին վերջերս Վահագն Հովհակիմյանը մի ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Դրանից առաջ էլ հայտարարել էր, որ մարտի 1-ի գործը բացահայտված է: Փարաքար խոշորացված համայնքում էլ բոլորովին վերջերս նույն պարոնը նշեց, թե «Ապրելու երկիր» կուսակցությունը փորձ է անում Փարաքարում իշխանության զավթում իրականացնել:

Սրանք Հովակիմյանի «մտքի գոհարների» ընդամենը 0.001 տոկոսն են կազմում: Վստահ ենք՝ նա հուսախաբ չի անի զավեշտի սիրահարներին եւ առաջիկայում էլ հանդես կգա մտքի առկայծումներով։ Պատկերացնում ենք, թե ինչպես են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները ջան ասելու՝ ջան լսելու։ Այսքան ներդաշնակ խորհուրդ անգամ դժվար էր պատկերացնել։