Ադրբեջանցի մտավորականը ներկայացրել է հայ մտավորականների հետ հանդիպման մանրամասները

Ադրբեջանցի մտավորականը ներկայացրել է հայ մտավորականների հետ հանդիպման մանրամասները

Երկու օր է հայ հասարակությունը քննարկում է հայ մտավորականների քառյակի մեկնումը Մոսկվա, որտեղ նրանք Միխայիլ Շվիդկոյի համակարգմամբ հանդիպումներ են ունենում ադրբեջանցի մտավորականների հետ։ Կան խիստ բացասական կարծիքներ եւ մեղադրանքներ՝ ուղղված մեր մտավորականներին, որոնց ոմանք անգամ դավաճանի պիտակ են կպցնում՝ իբրեւ թե մեկնել են Հայաստանի շահերի դեմ թշնամու հետ բանակցելու։ Մինչդեռ հայ մտավորականները՝ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տիկնիկային թատրոնը գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը մեկնել են ընդամենը հումանիտար հարցերի շուրջ խոսելու եւ ոչ մի պետական շահ նրանք առաջ չեն մղելու։ Ավելին՝ իրենց հարցազրույցներում նրանք ասացին, որ խոսել են միայն Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին եւ փորձել են նրանց համար բժշկական օգնություն ապահովել։ Սակայն ոմանք շարունակում են թացը չորի հետ խառնած՝ մտավորականներին մեղադրել այն ամենում, ինչում չեն մեղադրում անգամ Նիկոլ Փաշինյանին ու երկրի իշխանությունների, որոնք մեզ համար ճակատագրական հանդիպումներ են ունենում եւ զիջում Հայաստանի համար վճռորոշ հարցերում՝ ընդունելով ադրբեջանական պահանջները։

Այս իրավիճակը շատ է հիշեցնում հեռավոր 1988թվականը, երբ սիրված դերասանուհին՝ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գևորգյան մեկնել էր Բաքու՝ մասնակցելու Բաքվի կինոփառատոնին և արժանացել արվեստագետ գործընկերների ու հանրության դաժան քննադատությանը: Նա հետագայում բազմիցս բացատրեց, որ մեկնել էր Բաքու, որպեսզի բոլոր ազգերի ներկայացուցիչներին պատմի Սումգայիթում հայ ազգի դեմ տեղի ունեցող վայրագությունների ու ջարդերի մասին, սակայն դերասանուհուն Հայաստանում համարեցին դավաճան ու սկսեցին հալածել։ Եւ այդ պատճառով նա 1991թ. տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ բնակվում է առայսօր:  Սակայն մեր բեմը կորցրեց մի շնորհալի դերասանուհի, որի կյանքը երկար տարիներ դժոխքի վերածվեց։ Մինչդեռ հանրային գործիչների շփումները, ժողովրդական դիվանագիտությունը կարող էր շատ բան փոխել մեր տարածաշրջանում եւ այս 30 եւ ավելի տարիների կորուստները կարող էինք չունենալ։ Ավելին՝ կարող էինք ամրագրել առաջին պատերազմում մեր հաղթանակը եւ հասնել Արցախի անկախության ճանաչման։ Նման հիստերիաներով մենք նեղացրեցինք մեր բանակցային հնարավորությունները, թույլ չտվեցինք, որ մեր ներկայացուցիչները ճկուն լինեն եւ իրատես։ Դավաճանի պիտակ կպցնելով ու նրանց կյանքը թունավորելով հասանք նրան, որ դաշտում մնաց միայն ոչմիթիզականությունը, որի միակ ճանապարհը պատերազմն է ու զոհերը։

Այն, որ Մոսկվայում մեր ներկայացուցիչները ոչ մի վնաս չեն տվել Հայաստան պետության եւ հայ ժողովրդի շահերին, ակնհայտ է դառնում ոչ միայն հայ մտավորականների հարցազրույցներից, այլ նաեւ ադրբեջանցիների։ ԲիԲիՍի-ի ադրբեջանական ծառայությունը հարցազրույց է վերցրել Մոսկվա մեկնած ադրբեջանցի մտավորական, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆարխադ Բադալբեյլիից։ Վերջինս ասել է, որ շատ լարված հանդիպում է եղել, չի կարող ասել, որ իրենք «շատ անկեղծ կամ անկաշկանդ են եղել, հակառակը՝ երկու կողմից էլ զգացվում էր լարվածությունը»։ Եւ նշել է․ «Մենք անգամ Ղարաբաղի մասին չխոսեցինք։ Հանդիպման հիմնական թեման հումանիտար հարցերն էին, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ զինվորների, որը բարձրացրեցին հայկական ներկայացուցիչները, նաեւ՝ ականապատ դաշտերի ականազերծման հարցը»։