Ո՞ւմ է ձեռնտու չեղարկել հուշարձանների պահպանության գործակալության կառուցվածքը

Ո՞ւմ է ձեռնտու չեղարկել հուշարձանների պահպանության գործակալության կառուցվածքը

Ապրիլի 30-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մշակույթի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության կանոնադրությունը եւ կառուցվածքը չեղյալ են համարվել:  Այդ թվում՝ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող մյուս՝ Մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը եւս։ Դրանից մեկ շաբաթ անց՝ մայիսի 6-ին, արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ ԿԳՄՍ նախարարության կանոնադրության մեջ գործակալությունը վերակազմակերպվել է որպես վարչություն։ Փաստացի ստացվում է, որ գործակալությունը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, ինչի մասին, սակայն, որեւէ պաշտոնական իրավական ակտով չեն ծանուցվել ո՛չ գործակալության պետը, ո՛չ աշխատակիցները։  

Մշակույթի նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում իր համար անորոշ է, թե այսուհետ ինչ իրավասություններ ու պարտականություններ ունեն։ «Պաշտոնի անձնագրեր՝ դրան համապատասխան, չունենք, ստացվում է, որ մենք գործառույթ չենք կարող իրականացնել, եւ դրա համար, ստիպված, բոլոր հանձնարարականները վերադարձնում եմ նախարարություն՝ դրանք վերահասցեագրելու կամ մեր լիազորություններն իրավական համապատասխան ակտով ներկայացնելու, որից հետո կարողանանք աշխատանք կատարել։ Ստացվում է, որ անգործությամբ պետք է զբաղվենք կամ էլ, եթե որեւէ գործառույթ անենք, կստացվի՝ չունենք դրան համապատասխան իրավական հիմքը։ Օրինակ, ես չգիտեմ՝ կարո՞ղ եմ որեւէ մեկին հանձնարարություն տալ կամ նշանակել կատարող, եւ որ այդ մեկը կատարած ո՞ր աշխատանքի համար է պատասխանատու։ Անընդհատ փոխնախարար Ն․ Խաչատուրյանից ստանում եմ հանձնարարականներ, բայց գրավոր տեղեկացնում եմ, որ գործակալություն չկա՝ համաձայն կառավարության եւ վարչապետի որոշման»։

Ինչո՞վ է բացատրում գործակալության կարգավիճակի փոփոխությունը, որը, փաստորեն, իր «ոտն ու ձեռքը կապելու» է, քանի որ լիազորությունների շրջանակն էլ է փոքրանալու։ «Ոչ միայն իմ ոտքն ու ձեռքը, որովհետեւ անձնական որեւէ խնդիր չեմ ունեցել եւ չունեմ, բայց, որպես պաշտոնատար անձ, ցավում եմ այս իրավիճակի համար, որովհետեւ իմ՝ որպես պաշտոնատար անձի, ձեռքն ու ոտքը կապելով՝ տվյալ ոլորտի գործունեության ձեռքն ու ոտքն են կապվում։ Իրականում դրա նպատակը, իբրեւ մեկ կետից կառավարման անվան տակ, այն է, որ կարողանան գտնել մարդիկ, որոնց միջոցով շարունակեն հերթական ոչ օրինաչափ գործունեությունը, ինչը տեսնում եմ ամեն օր»,- ասում է Աբրոյանն ու հավելում, որ մեկ կետից կառավարելու մենաշնորհը պատկանելու է նախարարությանը․ «Նախարարությունը ոչինչ չանելով՝ փորձում է գործակալության գործառույթներով զբաղվել եւ զբաղվում էր, որպեսզի ցույց տար, որ ինքն աշխատում է։ Մենք օրենսդրական շատ բացեր ունենք, եւ գործակալության բոլոր ջանքերը, գնալով նախարարություն, մշտապես խափանվում են։ Ստացվում է, որ ոլորտը մշտապես չի կանոնակարգվում։ Ավելին՝ այսօր ակնհայտ տեսնում ենք բնագավառի քայքայման հստակ գործունեություն, որոնք կատարվում են բնագավառից անտեղյակ, ոչ կոմպետենտ, նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանի, նաեւ ոչ մասնագետ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի չիմացությամբ կամ իբրեւ թե անտեղյակ գործունեությամբ, ինչն անթույլատրելի է»։

Աբրոյանն ընդգծում է, որ գործակալությունը տարիներ շարունակ սահմանափակումների է ենթարկվել, օրինակ՝ աշխատակիցների քանակ եւ աշխատանք հարաբերակցության դեպքում, ինչի արդյունքում հասցրել է միայն իր գործառույթների եւ առաջին անհրաժեշտության գործերի ընթացքն ապահովել։

«Հետհեղափոխության շրջանում 2 նախարար, մեկ նախարարի պաշտոնակատար եւ 2 փոխնախարար փոխվեցին․ ես որեւէ անձնավորված հարաբերություն որեւէ մեկի հետ չեմ ունեցել։ Մշտապես դիմել եմ ահազանգով, կոչով, խնդրանքով, միջնորդությամբ, որպեսզի բնագավառը կարգավորվի, որովհետեւ հենց բնագավառն է պահանջում այդ խնդիրների կարգավորումը, եւ դրա լիազորությունը նախարարությանն է, սակայն նախարարությունը, անընդհատ չունենալով համապատասխան՝ գուցե մասնագիտական կամ կամային հատկություններ կամ էլ աշխատելու ցանկություն, չի կարգավորել որեւէ խնդիր, եւ ես ստիպված եմ եղել դրանք գրավոր հայտնել նախարարությանը, ինչը պարզ է, որ վերադաս կազմին չպետք է դուր գար»։

Գործակալության պետն ընդգծում է՝ ոլորտը ոչ միայն չի կարգավորվում, այլեւ դրա փոխարեն ապօրինի գործընթացներ են սկսվում՝ գործակալությանը հակառակ, թաքցնելով իրական մեղավորներին, ու դա արվում է կեղծ ծառայողական քննություններով ու իրավական ընթացակարգերով, պաշտոնական դիրքի չարաշահմամբ։ «Այս բոլորի մասին գրավոր տեղեկացրել եմ նախարարին, հատկապես վերջին շրջանում, ոչ կոմպետենտ ծառայողական քննություններ են անցկացվել, եւ վերջինը հենց կասեցվել է նախարարի կողմից, քանի որ դրանք իրավաչափ չեն եղել։ Գործակալությունը դեռ նախահեղափոխության շրջանում մշտապես փորձել է կանոնակարգել ոլորտը, ինչը նախկին իշխանությունների կողմից էլ չէր ընդունվում»,- ասում է Աբրոյանն ու նկատում, որ ապօրինի գործընթացները հուշարձանների հետ են կապված։

Թվում է, թե գործակալությունն ու նախարարությունը պետք է ակտիվ համագործակցեին իրար հետ, եւ ոչ թե շահերի բախում լիներ, ինչը նշանակում է, որ նախարարությունը հանդես չի գալիս հուշարձանների պահպանության դիրքերից․ «Այո, ավելին՝ ես դրա մասին ասել էի դեռ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արեւիկ Անափիոսյանին՝ կապված քաղաքի կառուցապատումների հետ։ Շատ հստակ ձեւակերպել էի, որ մեր շահը պետք է լինի բնագավառի շահը։ Այն դեպքում, երբ պատմական միջավայրի պահպանությունը որեւէ բարձրահարկի կառուցապատում թույլ չի տալիս, գործակալությունն էլ հայտնում է իր անհամաձայնությունը, բայց արի ու տես, որ նախարարության կողմից գրավոր հանձնարարականով պարտադրվում է, որ օրենսդրական խախտումը տեղի ունենա։ Օրինակ, մենք հայտնում ենք մեր անհամաձայնությունը «Ռոսիա» կինոթատրոնի մոտ Սուքիասյանների բարձրահարկ առեւտրի շենքի հետ կապված։ Հստակ ձեւակերպելով, որ գործակալությունը չի տալիս իր համաձայնությունը, որովհետեւ դա չի բխում հուշարձանի եւ քաղաքի շահերից։ Կամ՝ «Հին Երեւան» ծրագրի դեպքում, երբ ապօրինի կառույցներն օրինականացնում են։ Կամ՝ Աֆրիկյանների տան դեպքում, երբ կառուցեցին թույլատրելիից բարձր շենք, այն դեպքում, որ մենք տվել ենք անհամաձայնություն, բայց նախարարությունից գնում է որպես համաձայնություն։ Այսինքն՝ շահն ավելին է բնագավառից, ինչը ցույց է տալիս, որ ներդրումները պետք է խթանվեն, անգամ՝ հուշարձանների հաշվին։ Բայց պետությունը հենց նրա համար է, որ նման «ներդրումները» չթույլատրի»։

Այդուհանդերձ, պետությունը ոչ միայն չի արգելում, այլեւ փորձում է հեշտացնել «ներդրումների» ճանապարհը՝ նվազեցնելով գործակալության ստատուսը եւ գործառույթները։ «Որպեսզի չկարողանանք կարծիք հայտնել, կամ որեւէ կարծիք հայտնելուց գտնեն մարդիկ, որ իրենց ուղիղ ցուցումով համաձայնություն տան, այն դեպքում, որ նախարարությունը պետք է քաղաքականություն եւ սկզբունքներ մշակի ու պարտադրի դրանք իր ենթակա կառույցներին։ Այսինքն՝ միաժամանակ պակասեցրին վերահսկողության եւ անկախ ծառայություն մատուցելու մեր գործիքակազմը»,- ասում է նա ու ընդգծում, որ նման պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրների դեպքում  նման կարգավիճակով համապատասխան ստորաբաժանում պահելը նվաստացնող է։ «Զինվորը սահմանը պահելուց պետք է իմանա, որ հրամանատարական կազմն իրեն զենք է տրամադրելու եւ հարձակման հնարավորություն, բայց երբ հրամանատարական կազմն ուղարկում է սահման եւ ասում է՝ գնա, ոնց կուզես կռվի, զինվորը վտանգված է»,- իր միտքը նաեւ այլաբանորեն փոխանցում է Ա․ Աբրոյանը։

Բնագավառը բազմաշերտ է, եւ այդ խնդիրներին տեղյակ մարդիկ են պետք, բայց «այսօր եկել է ոլորտից անտեղյակ մարդ, ում պետք է բացատրես, որ ինչ-որ բան հասկանա․․․ այդ առումով փոխնախարարն էլ իր մասնագիտական ունակություններով չի զիջում նախարարի խորհրդականին։ Այսինքն՝ երկու պատասխանատուներն էլ, մեկը՝ որպես խորհրդական, մյուսը՝ ոլորտային պատասխանատու, շատ բաներ ուղղակի չեն հասկանում։ Խախտումներ արել են նաեւ այլ մարդիկ, եւ ես մշտապես ասել եմ, որ Երեւանի այսօրվա վիճակի համար պատասխանատու է Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, ով ազատվել էր աշխատանքից եւ «տեղավորվել» էր Վերմիշյանի մոտ՝ որպես խորհրդական, իր միջոցով էին շատ բաներ անում, եզրակացություններ, տվյալներ վերցնում՝ փորձելով մի շարք ապօրինություններ կյանքի կոչել»։ Աբրոյանը բերում է Իտալիայի օրինակը․

«Օրինակ՝ Իտալիայում գործակալությունները մշակույթի նախարարության կազմում են ըստ տարածաշրջանների եւ ունեն բոլոր իրավասությունները մեր գործակալության նման՝ գումարած ֆինանսական լիազորությունները, ավելին՝ գործակալության պետն ունի ցմահ պաշտոն, պետությունը հասկանում է, որ պահպանության գործառույթի դեպքում պատասխանատուն պետք է անձեռնմխելի լինի, այսինքն՝ այս գործառույթն իրականացնելիս պետք է քաղաքական հենարան։ Ընդ որում, մասնագետները չեն հիշում որեւէ դեպք, որ գործակալության պետի որոշումը բեկանած լինի որեւէ նախարար Իտալիայում»։