Արմեն Սարգսյանը հասարակությանը բացատրում է, ԱԺ-ին՝ ոչ

Արմեն Սարգսյանը հասարակությանը բացատրում է, ԱԺ-ին՝ ոչ

ԱԺ նախագահին ուղղված հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանը հարկ չի համարել բացատրել իր հրաժարականի պատճառները, այլ ընդամենը հղում է կատարել երեկ տարածած հայտարարությանը, որտեղ բազում պատճառներ էին նշված։ Բայց, ինչպես հայտնի է, պատճառը լինում է մեկը եւ բազմաթիվ պատճառներ թվարկելն արդեն կասկածի տեղիք է տալիս եւ ասում այն մասին, որ իրական պատճառը թաքցնում են։

Պատճառների թվում Արմեն Սարգսյանը կարեւորում է՝ ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակ լինելը․ «Երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»։ «Զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգի» բացակայությունը։  Այն, որ «Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա․․․ չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար․․․չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա » եւ․․․ «իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար»:

Գուցե նաեւ այն, որ «պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից»։ 

Եւ մի նախադասություն, որը կարծես թե վրիպեց բոլորիս ուշադրությունից․ «Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից»: