Քաղաքապետներ են կալանավորվել. բողոքի ցույցեր՝ ընդդեմ Էրդողանի
Նախօրեին Բաթմանում և Էսենյուրթի (Ստամբուլի նահանգ) քաղաքապետարանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ թուրքական իշխանությունների քաղաքականության։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը (DEM) ներկայացնող Մարդինի, Բաթմանի և Հալֆեթիի քաղաքապետները պաշտոնանկ են արվել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու պատճառով նրանց նկատմամբ կայացված դատավճիռների պատճառով, գրում են տեղի ԶԼՄ-ները:
Մասնավորապես, Բաթմանի քաղաքապետ Գյուլիստան Սյոնյուկը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար»։ Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը ավելի վաղ 10 տարվա ազատազրկում էր ստացել, իսկ Հալֆեթիի քաղաքապետ Մեհմեթ Քարայըլանը՝ 6 տարի 3 ամիս 15 օր ազատազրկման դատապարտվել՝ նմանատիպ մեղադրանքով։ Բաթմանի բնակիչները նախօրեին դուրս էին եկել փողոց՝ բողոքելու Սյոնյուկին քաղաքապետի պաշտոնից հեռացնելու դեմ։
Երեկոյան ցուցարարները սկսել են հրկիզել անվադողեր ու աղբամաններ։ Նախօրեին իրավիճակը սրվել է նաև Էսենյուրթի քաղաքապետարանում։ Պատճառը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) ներկայացնող վարչակազմի ղեկավար Ահմեթ Օզերին ձերբակալելն ու պաշտոնից հեռացնելն էր։ Նրան մեղադրում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու և քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու համար։ Նոյեմբերի 4-ի կեսօրին ընդդիմության կողմնակիցների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել, սակայն դա չի հանգստացրել ցուցարարներին։
Բողոքի ցույցերը շարունակվել են մինչև ուշ երեկո։ Ցուցարարները ֆայերներ են վառել, շրջել աղբամաններ և այրել փողոցում գտնվող աղբը։ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Օզերի ձերբակալումը թուրքական իշխանությունների դավադրություն և կեղտոտ խաղ է անվանել։
Կարծիքներ