ԿԲ-ն հանգիստ հետեւում է, թե ինչպես է տնտեսությունը փլուզվում

ԿԲ-ն հանգիստ հետեւում է, թե ինչպես է տնտեսությունը փլուզվում

Պատերազմից հետո դոլարի կուրսը սկսեց կտրուկ բարձրանալ, դրամը՝ արժեզրկվել։ Դա հանգեցրեց գնաճի, տնտեսվարողները սկսեցին դժգոհել, որ ամեն ինչ թանկացել է, առեւտուրը՝ վատացել։ Կենտրոնական բանկն էլ ասում էր՝ խուճապի մի մատնվեք, ամեն ինչ վերահսկվում է։ ԿԲ-ն ֆինանսական շուկան եւ տնտեսությունը քիչ թե շատ կայուն պահելու համար որոշակի քանակությամբ դոլար էր թողնում շուկա, բայց դա չզսպեց դրամի արժեզրկումը։ Այս օրերին 1 դոլարն արդեն 530-540 դրամի է հասել։ Ու որեւէ մեկն այս մասին չի բարձրաձայնում, որեւէ մեկին սա կարծես չի անհանգստացնում։

Երբ դիմեցինք ԿԲ՝ հայտնելով, որ գուցե տարօրինակ հնչի, բայց մեզ անհանգստացնում է դրամի նման տեմպերով արժեզրկումը, իրենց չի՞ անհանգստացնում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ, ԿԲ-ից մեզ երկար-բարակ մի վերլուծություն ուղարկեցին՝ փորձելով փարատել մեր մտահոգությունները։ Նախ հերթապահ, ոչինչ չտվող մտքեր էին արտահայտել, օրինակ՝ ՀՀ ԿԲ-ն մշտապես հետեւում է Հայաստանում մակրոտնտեսական զարգացումներին, այդ թվում՝ նաեւ դրամի փոխարժեքին։ ԿԲ-ին տեղեկացնենք, որ մենք էլ հետեւում ենք, թե ինչպես է ԿԲ-ն հետեւում ինչ-որ զարգացումների, ավելին՝ հետեւում ենք նաեւ, թե ինչպես է տնտեսությունը փլուզվում, ինչպես է երկիրը դանդաղ, բայց հետեւողականորեն կործանվում, որին, կարծում ենք, Կենտրոնական բանկում նույնպես հետեւում են՝ ֆինանսիստի «հուզականությամբ» եւ չոր «մակրոտնտեսական» հաշվարկներով։ Ապա շարունակել են․ «ՀՀ-ում շարունակում է արձանագրվել ցածր, կայուն եւ կառավարելի գնաճ։ Այս պահի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դրամի արժեզրկման հետեւանքով էական գնաճային եւ ֆինանսական կայունության ռիսկեր չի տեսնում, սակայն այդպիսի ռիսկերի դրսեւորման պարագայում պատրաստ է արձագանքել իր ողջ գործիքակազմով»։

Իսկ պատրաստվո՞ւմ է, արդյոք, ԿԲ-ն միջամտել արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր են նախատեսվում։ «ԿԲ-ն մարտ ամսից ի վեր զգալիորեն ավելացրել է ֆինանսական համակարգին թե՛ դրամային, թե՛ արտարժութային անհրաժեշտ իրացվելիության տրամադրումը, ինչն էապես նպաստել է մեղմելու ցնցումների հնարավոր ազդեցությունը ՀՀ ֆինանսական շուկաների վրա։ Արտարժութային շուկայի ներկայիս զարգացումները համարում ենք բնականոն եւ համաչափ, իսկ հնարավոր գնաճային ռիսկերի նյութականացման դեպքում ԿԲ-ն կարձագանքի իր ամբողջ գործիքակազմով՝ առաջին հերթին օգտագործելով իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը»,- պատասխանել են ԿԲ-ից՝ հասկացնելով, որ իրենք դեռ իրենց բոլոր գործիքները չեն օգտագործել։

Ամենազորեղ, գրեթե կախարդական փայտիկի զորության գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փաստորեն, դեռ չեն օգտագործել։ Այս ամենից զատ՝ Կենտրոնական բանկից նաեւ մի եզրափակիչ, «հուսադրող» վերլուծություն են ուղարկել, որով եզրակացրել են․ «Տնտեսության իրական հատվածի հիմնարարներից, մասնավորապես՝ արտահանման, ներմուծման եւ ընթացիկ հաշվի այլ հոսքերից բխող էական անհաշվեկշռվածություններ ներկա պահին առկա չեն։ Ուստի, ըստ ԿԲ-ի, դրամի փոխարժեքի տատանումներն ածանցվում են բացառապես միջազգային ֆինանսական շուկաներից, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական անորոշությունների ներքո հնարավոր պորտֆելային վերակառուցումներից։ Հարկ է նշել, որ նման` հիմնականում կարճաժամկետ տատանումներն օրինաչափ ու բնական երեւույթ են լողացող փոխարժեքի ռազմավարություն որդեգրած աշխարհի թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է մատնանշել մի քանի գործոններ, որոնք պարբերաբար կարեւորվում են արժութային շուկայի զարգացումներում: Դրանցից կարելի է մատնանշել շուկայական տարբեր գործարքների սեզոնային բնույթը, ինչը նաեւ արտացոլվում է տարվա տարբեր ժամանակահատվածներում փոխարժեքի որեւէ ուղղությամբ ճնշումներում: Վերջին շրջանի զարգացումներում կարեւոր գործոն է նաեւ միջազգային ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի՝ գրեթե բոլոր արժույթների նկատմամբ ամրապնդումը, ինչն արդյունք է ԱՄՆ տնտեսական աճի վերականգնման վերաբերյալ դրական սպասումների եւ ԱՄՆ-ում երկարաժամկետ տոկոսադրույքների աճի։ Այս պայմաններում կապիտալի համաշխարհային հոսքերն էապես վերաուղղորդվել են դեպի ԱՄՆ: Նման համաշխարհային միտումները, բնականաբար, իրենց արտացոլումն են ստանում նաեւ զարգացող երկրների արժութային շուկաներում»։ Ահա այսպես են վերլուծել ու եզրակացրել ԿԲ-ից՝ այդպիսով փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ, թե ամեն ինչ լավ է լինելու, չնայած ամեն ինչ այսքան վատ է։