Թատրոնը չի կարելի կապել զուտ շենքի հետ

Թատրոնը չի կարելի կապել զուտ շենքի հետ

ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է Պետական երաժշտական կամերային թատրոնը միավորել Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի հետ՝ Կամերային թատրոնի շենքը հատկացնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, ինչին դեմ են երկու թատրոնի կոլեկտիվներն էլ:

Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք մտավախություն չունի՞, որ մի օր էլ նախարարությունը կմիավորի տիկնիկային թատրոնները՝ հենց այն նույն հիմնավորմամբ, որ բոլորն էլ նույն ձեւաչափի թատրոններ են։ 

«Մի քիչ հեռվից գամ․ ես 30 տարի խոսում եմ այն մասին, որ անհրաժեշտ են թատերական բարեփոխումներ։ Մենք պահպանում ենք նախկին սովետական համակարգը՝ չունենալով համապատասխան ֆինանսներ։ Ես սովորություն չունեմ որեւէ թատրոնի գնահատական տալու, ուստի սա ընդհանուր գնահատական է։ Մեզ մոտ տարածված է, այսպես ասած, «թատերական աղանդավորությունը»․ սա մեր թատրոնն է, այստեղ նոր մարդ չպետք է մտնի, մեր դերասանն ուրիշ տեղ չպետք է գնա։ Ես, օրինակ, փորձել եմ մեր թատրոնում այդ աղանդավորությունը քանդել։ Մենք ունենք 16 հաստիքով դերասան եւ մոտ 30 դերասան, որոնք ելույթավճարով են գալիս՝ բեմադրություններ անում։ Սա շատ կարեւոր է, որպեսզի արվեստը զարգանա։

Թատրոնը չի կարելի կապել զուտ շենքի հետ։ Այսօր տանիքում խաղում են շատ հետաքրքիր ներկայացումներ, եւ կարծում եմ՝ եթե մենք անենք նաեւ այս ցավոտ բարեփոխումները, խոսքը չի գնում շենքի մասին, այլ տանք ազատություն, որը կարող է տրվել միայն այն ժամանակ, երբ օրենսդրական դաշտում կատարվեն համապատասխան փոփոխություններ․ այն, ինչ մենք անվանում ենք մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքներ, որոնք կտան ազատ շնչելու հնարավորություն ոչ միայն թատրոններին, այլեւ բոլոր արվեստագետներին»։

Մտավախություն չունի՞, որ այդ բարեփոխման անվան տակ իրականում շենքին տիրանալու հարցն է, որն ուզում են թատրոնի ձեռքից վերցնել։ «Ընդհանրապես, հազար ու մի մտավախություն կա, ոչ միայն մշակութային, այլ նաեւ՝ քաղաքական, տնտեսական։ Կարծում եմ՝ պետք է այնպես անել, որ այդ մտավախությունը չիրականանա։ Մենք այդքան շատ մշակութային շենքեր, հաստատություններ չունենք։ 15-20 տարի շարունակ մեր թատրոնում կազմակերպում էինք ռոք փառատոներ, իսկ Տիկնիկային թատրոնն ամենահարմար տեղը չէ ռոքի համար, բայց ես գիտեի մի բան՝ եթե ես չաջակցեմ, ռոքը կմեռնի Հայաստանում։ Այստեղ տեղի են ունենում նաեւ ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, ջազ, դասական, ազգային երգի փառատոներ։ Ինչո՞ւ եմ ես սա անում․ որովհետեւ այս շենքը պետք է օգտագործվի 100 տոկոսով»։ 

Այն, որ անգամ բարի նպատակներով բարեփոխումները կարող են հակառակ էֆեկտն ունենալ եւ կոլապս ստեղծել թատրոններում, ինչի մասին բարձրաձայնել են 2 թատրոններից էլ, Ռ․ Բաբայանն ասաց․ «Կարծում եմ՝ թե՛ պարոն Ղազանչյանը, թե՛ թատրոնի տնօրենը ավելի լավ գիտեն իրենց թատրոնի հնարավորությունները, եւ իմ կողմից ինչ-որ բան առաջարկելն ու մեկնաբանելը կլինեն էթիկայի սահմաններից դուրս եւ ոչ մասնագիտական»։ Բաբայանի կարծիքով՝ այսօր թատրոնները լուծում են նաեւ սոցիալական խնդիր, ու եթե մեր դերասաններն ապահովված լինեին, գուցե այսքան ցավոտ չընդունվեր այս խնդիրը․ «Այս խնդիրը պետք է լուծվի կոմպլեքսով, հնարավոր չէ ինչ-որ մի մասը փոխել, բերել ազատ ստեղծագործողի կարգավիճակ եւ չլուծել սոցիալական հարցը, բայց մենք պետք է սկսենք դա անել»։ 

Եթե առաջիկայում նախարարությունը որոշի Երեւանի խամաճիկների պետական թատրոնը միավորել իրենց տիկնիկային թատրոնի հետ, ինչպե՞ս կընդունի այս հանգամանքը։ «Այդ նախագիծը մոտավորապես 3 տարի առաջ կար, եւ այդ ժամանակ ես էլ էի դեմ արտահայտվում դրան։ Մեր խամաճիկների թատրոնը մի թատրոն է, որի գործունեությունն ամբողջովին համապատասխանում է իր բնույթին, մենք բեմադրում ենք տիկնիկային ներկայացումներ, այդ թվում՝ դրամատիկ, պարային ներկայացումներ մեծերի եւ փոքրերի համար, բայց, իհարկե, մեր հիմնական գործունեությունը տիկնիկային ներկայացումներն են։ Այստեղ շատ կարեւոր է, թե ինչպես ես դու ծնվել։ Ցավոք, Արմեն Մելիքսեթյանի հեռանալուց հետո այդ թատրոնն այլեւս չզբաղվեց այն բուն գործունեությամբ, որը գրված է իր անվան դիմաց, եւ չեմ կարծում, որ դա միկրոֆոնների հարց է, սա նաեւ մասնագետների հարց է, որովհետեւ երաժշտական ներկայացում ստեղծելն ամեն մարդու բան չէ։ Էլի եմ ասում՝ չեմ ուզում որեւէ գնահատական տալ, ավելին ասեմ՝ թատրոնի նախկին ղեկավարությունը՝ թատրոնի անձնակազմի լուռ համաձայնությամբ, երբեմն էլ՝ ոչ այդքան լուռ, ամեն ինչ արեց, որպեսզի ես այլեւս իմ կարծիքը չարտահայտեմ այդ թատրոնի վերաբերյալ»։ 

Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկանան թատրոնի գեղղեկավար Արմեն Խանդիկյանը, անդրադառնալով թատրոնների միավորման հարցին, մասնավորապես ասաց․ «Ես չգիտեմ Պետական կամերային երաժշտական թատրոնի արդյունքներն ու ցուցանիշները, բայց թատերական որեւէ միավոր, ինչքան էլ վատ կամ միջակ արդյունքներ ցույց տա, չպետք է փակել։ Նման դեպքերում պետք է ուղղակի ատեստացիա անցկացվի, կամ նոր մարդիկ ղեկավարեն, բայց թատերական միավորը փակել՝ ես չեմ հասկանում, թե դա ինչ մոտեցում է։ Պատերացնո՞ւմ եք ինչ խճողում է առաջացնելու, եթե մի թատրոնը միացնեն մեկ այլ թատրոնի, որովհետեւ դա միայն աշխատատեղ չէ, այլ՝ ստեղծագործական աշխատատեղ․ եթե 30-40 հոգի գնա մեկ այլ թատրոն, նույն օրը պիտի պահանջեն բեմ բարձրանալ, այդ հարցը ո՞նց է լուծվելու, դա հնարավոր չէ, դա տարիների ընթացքում է լուծվում։ Այնպես որ, իմ կարծիքով, այլ մոտեցում պետք է ցուցաբերեն այդտեղ, եւ եթե ներսում ինչ-որ խնդիրներ կան, պետք է այդ խնդիրները լուծեն, ոչ թե միավորեն այլ թատրոնի հետ»։