Վարչապետը՝ 380 հազար դոլարանոց բիզնես-ջեթով, լրագրողները՝ «երթուղայինով»

Վարչապետը՝ 380 հազար դոլարանոց բիզնես-ջեթով, լրագրողները՝ «երթուղայինով»

Երեկվանից մամուլում ակտիվորեն քննարկվում եւ քննադատվում է Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ չվերթով ԱՄՆ կատարած այցը, ներկայացվում են դրա ճոխ նրբերանգները։ Բանն այն է, որ Փաշինյանի գլխավորած ավելի քան 20 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ է մեկնել ոչ թե սովորական չվերթով, այլ հատուկ այդ նպատակով վարձակալած օդանավով։ Իսկ ինչու է օդանավ վարձակալել, քանի որ մեր թիվ մեկ բորտը, որը մի համեստ ու փոքր Aibus A 319 է, տրանսատլանտիկ չվերթներ չի իրականացնում։ Նկատենք, որ նախկինում երբեւէ երկրի ղեկավարները նման շռայլություն իրենց թույլ չեն տվել՝ առանձին օդանավ վարձակալել, որ ընտանյոք հանդերձ բյուջեի հաշվին թռչեն ԱՄՆ՝ շրջագայության։ Նրանք մեկնել են սովորական չվերթներով՝ բոլորի հետ, առավելագույնը՝ օգտվել են բիզնես դասի սրահից։

Ո՛չ Քաղավիացիայի կոմիտեից, ո՛չ էլ կառավարությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որքան է արժեցել օդանավի վարձակալությունը, եւ որքան ծախս է արվել այդ այցի վրա։ Քաղավիացիայից խոստացան պարզել-ասել, բայց հետո չպատասխանեցին մեր զանգերին, իսկ կառավարության լրատվականից էլ ասացին, թե իրենք ընդամենը նախնական վճար են կատարել, որը եւս չեն կարող այս պահին բացահայտել։ Իսկ թե որքան կլինի ամբողջական գումարը, պարզ կդառնա այցի ավարտին, երբ ծախսի վերաբերյալ վերջնական հաշվետվություն ներկայացվի։ 

Այսինքն՝ հստակ պլանավորած չէ, թե ԱՄՆ-ում գտնվելու օրերին որքան կծախսի վարչապետը, որքան կկանգնի այդ օդանավն ԱՄՆ օդանավակայաններում, այդ կանգնելու համար որքան կվճարվի, քանի ժամ կտեւի թռիչքը, քանզի օդանավի վարձակալության գինը որոշվում է թռիչքով։ Հայտնի չէ նաեւ, թե հյուրանոցային համարների համար որքան կվճարեն, եւ այսպես շարունակ։ Էլ չենք ասում, որ կարող է վերադարձին էլ վարչապետի սիրտն ուզի, ասենք, ճանապարհին մի հատ էլ մտնել Իսպանիա՝ լողափին ֆլամենկո պարել, ձեռքի հետ էլ մոխիտո ճաշակել եւ նոր վերադառնալ հայրենիք։ Դա եւս կներառվի ծախսի մեջ։ 

Մինչդեռ նախօրեին արդեն համացանցում մարդիկ պարզել էին, որ վարչապետն ԱՄՆ է մեկնել Gulfstream G 550 թանկարժեք բիզնես-ջեթով, որի Երեւան-Լոս Անջելես-Նյու Յորք-Երեւան վարձակալությունը նախնական արժե 330 հազար ԱՄՆ դոլար։ Թեպետ սոցցանցերում երեկ 400 հազար դոլարի մասին էին խոսում։ Իսկ մեր աղբյուրների հավաստմամբ՝ վարչապետը միայն օդանավի վարձակալության վրա բյուջեի միջոցներից ծախսել է 380 հազար դոլար գումար։

Ընդ որում, վարչապետի վարձակալած օդանավով, որն ԱՄՆ է թռել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, օդանավում են եղել միայն «վերնախավի» ներկայացուցիչները՝ վարչապետը, իր տիկինը, նախարարներ, կառավարության այլ պաշտոնյաներ։ Իսկ, ահա, լրատվամիջոցների մեր գործընկերները, որոնց համար եւս բյուջեից գումար է հատկացվել՝ ԱՄՆ մեկնելու եւ վարչապետի այցը լուսաբանելու համար, մեկնել են Երեւանից, սովորական չվերթով։ Այսինքն՝ այս մասով էլ լրացուցիչ ծախսեր են արվել ավիատոմսերի վրա։

Ի դեպ, եթե հիշում եք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին վարչապետի այցերի պատվիրակությունների կազմում ընդգրկելու հարցում որոշվել էր, որ ռոտացիոն սկզբունք է գործելու։ Այսինքն՝ ԶԼՄ-ներն ընդգրկվելու են հերթով՝ հավասար հիմունքներով, այլ ոչ թե միայն ցանկալիներին են տանելու, ինչպես անում էին Սերժ Սարգսյանի օրոք։ «Հրապարակի» ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին ուղեկցել էր մեկ տարի առաջ՝ Մոսկվա այցի ժամանակ, հետո ասում էին՝ ձեր հերթը դեռ չի հասել։ Իսկ օրեր առաջ մեզ ասացին, որ մեր հերթը հասել է, եւ հաջորդ ուղեւորությանը կընդգրկվենք կազմում։ Սակայն պարզվեց, որ այս անգամ էլ չկանք մեկնողների ցանկում։ Պատճառը, բնականաբար, այն է, որ վարչապետի այցը «բարի աչքով» լուսաբանվի, եւ որեւէ անկառավարելի լրագրող չհայտնվի մոտակայքում ու չնկատի այնպիսի բաներ, որոնք ցանկալի չէ, որ հրապարակվեն։

ՀԳ․ Երեկոյան վարչապետի խոսնակն իր էջում գրառում արեց․ «Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով», եւ երկար բացատրություն՝ հագեցած գրաֆիկի մասին: