Դատարանների աշխատանքն այսօր կաթվածահար է եղել

Դատարանների աշխատանքն այսօր կաթվածահար է եղել

Այսօր` մայիսի 23-ին դատարանների աշխատանքը կաթվածահար է եղել։ Բանն այն է, որ Հանրապետությունով մեկ դպրոցներում Վերջին զանգն էր եւ ոստիկանությունը զբաղված էր դրանով ու չի կարողացել որոշ նիստերով ապահովել տնային եւ բանտային կալանքի տակ գտնվող անձանց ներկայությունը դատարաններում, որի հետեւանքով էլ նիստերը չեն կայացել։ Օրինակ․ Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի քրեական գործով նախապես նշանակված նիստը Հակակոռուպցիոն դատարանում տեղի չի ունեցել, դատարաններից զանգել են պաշտպաններին եւ ասել՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ոստիկանությունը չի կարող ներկայացնել դատարան․ դրանով պայմանավորված նիստը հետաձգվել է։

Ի դեպ, այս խնդիրը՝ անկախ անգամ օրվանից, տեւական ժամանակ է՝ կա, ոստիկանության ուժերը չեն բավարարում կալանք կրող անձանց տեղափոխել դատարան, որովհետեւ ավտոմեքենաների եւ ծառայողների պակաս ունեն, ինչի հետեւանքով ոտնահարվում են ամբաստանյալների իրավունքները, վատնվում է դատարանի, պաշտպանների ու ու դատախազների ժամանակը: Հարցը իրավասու մարմինները քննարկում են, բայց լուծում դեռեւս չեն կարողանում գտնել։