Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շարունակում է պաշտոնավարել, հույս ունեմ՝ կգա ինձ հետ հանդիպման. Ղազարյան

Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շարունակում է պաշտոնավարել, հույս ունեմ՝ կգա ինձ հետ հանդիպման. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը կառավարության շենքի մոտ է։

Հիշեցնենք, նա, ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Նոր ուշագրավ բացահայտումներ։2021 թվականի մայիսի 3-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից ծավալուն և հիմնավոր պատասխան եմ ստացել՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 և 2021 թվականների հրաժարականների մասին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց։

Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կխոսենք այսօր, 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15․00-ին Հանրապետության հրապարակում՝ ՀՀ նախկին վարչապետի հետ ենթադրյալ հանդիպման ժամանակ։ Ցանկացողները կարող են այդ ժամին լինել Հանրապետության հրապարակում կամ հետևել մեզ Facebook սոցիալական ցանցի իմ էջի միջոցով»։

Ավելի ուշ նա կառավարության շենքի բակում հանրային հանդիպման հրավեր է ուղարկել Նիկոլ Փաշինյանին.

«Քիչ առաջ ՀՀ կառավարության թեժ գծի միջոցով փոխանցել եմ հետեւյալ բովանդակությամբ գրություն։

Հուսով եմ այն կփոխանցի հասցեատիրոջը:
Հարգելի գործընկերներ
Եթե ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված եւ Հանրապետության նախագահի կողմից ընդունված հրաժարականից, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո դեռևս հաճախում է նախկին աշխատավայր, ապա խնդրում եմ նրան փոխանցել 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15.00-ին կառավարության շենքի բակում հանրային հանդիպման իմ հրավերը։ Հանդիպման նպատակն է քննարկել իր գործունեությունների սահմանադրականության եւ տրամաբանությանը վերաբերող հարցեր։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում»։

Քիչ առաջ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ո՞րն է նախաձեռնության նպատակը։ Ես վաղուց հայտարարել էի ու ամսի 25-ին էլ լրացուցիչ հայտնել եմ, որ նախկին վարչապետ Նիկոլի Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո, երբ որ նախագահը ընդունում է այդ հրաժարականը ու դրա արդյունքում նաեւ ընդունում է կառավարության հրաժարականը, նա այլեւս վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու որևէ իրավունք չունի։ Ցավոք, մենք տեսանք,որ Նիկոլ Փաշինյանը շարունակել է կատարել իր պարտականությունները, որի իրավունքը չուներ։ Նա ներկայացել է կառավարության շենք ու նշանակումներ և մի շարք գործողություններ կատարել, ինչը որ արդեն քրեական օրենսգրքի 300 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության  դրսևորման վարքագիծ է։ Երեկ տեղի է ունեցել նաեւ մի նոր իրադարձություն, որը թարմացնում է այս գործընթացը։ Երեկ Ազգային ժողովում քննարկվել է վարչապետի ընտրության հարցը , առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու, և որքան էլ տարօրինակ լինի, դա եղել է կիրակի օրը հրաժարական տված Փաշինյանը։ Բայց պարզվում է՝ մեր պատգամավորները ցուցաբերել են խելամտություն ու նրան չեն ընտրել վարչապետի պաշտոնում։ Մեր խորհրդարանական երկրում, 132 պատգամավորներից նա վաստակել է ընդամենը մեկի վստահությունը։ Եթե խորհրդարանական երկրում խորհրդարանը դեմ է այս կամ անձին վարչապետի պաշտոնում լինելու գաղափարին, ապա նշանակում է, որ նրա մտքով ընդհանրապես չպետք է անցի կառավարության շենք մտնելու, մինչեւ որ նորից չընտրվի վարչապետ, կամ ,ասենք, նշանակվի մեկ այլ պաշտոնում։ Նա շարունակում է պաշտոնավարել՝ խախտելով Սահմանադրությունը»,-պնդեց Ղազարյանը։