Մարդը միշտ ձգտում է երջանկության

Մարդը միշտ ձգտում է երջանկության

Լույս է տեսել Էլիզա Մխիթարյանի «Ռոմանտիղմ» պատմվածքների ժողովածուն։ Գիրքը հրատարակել է «Երեւանյան էսքիզ» հրատարակչությունը, խմբագիրն է՝ Սերգեյ Հարությունյանը։ Է․ Մխիթարյանն ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, սովորել Կահիրեի համալսարանում։ Թղթակցում է մի շարք գրական պարբերականների, կայքերի, այդ թվում՝ «Մշակութային Հրապարակ» ամսաթերթին։    

-Էլիզա, գիրքդ վերնագրել ես «Ռոմանտիղմ», հեգնանք կա՞ մեր ժամանակներին ուղղված, թե՞ ուղղակի համանուն պատմվածքիդ վերնագիրն է եւ ոչ ավելին։ 

-Ռոմանտիղմ բառը բնավ չի կեղտոտում ռոմանտիզմ հասկացությունը, այլ ընդհակառակը՝ ընդգծում է այն, շրջանցելով բառի պաթետիկ երանգը։ Մեր ժամանակների մարդը թաղված է կենցաղում եւ միաժամանակ ձգտում է երջանկության։ «Ռոմանտիղմի» պատմվածքները ցույց են տալիս, որ իզմ-երից դուրս աշխարհ կա, որտեղ կենցաղավազքում մարդիկ չեն կորցնում իրենց սերը կյանքի, հայրենիքի, տղամարդու կամ կնոջ եւ, առհասարակ, ամեն ինչի հանդեպ։ 

-Ինչու նշեցի հեգնանքի մասին, որովհետեւ կարողանում ես քո հերոսների մասին պատմել նաեւ հումորով, տեղ- տեղ հեգնելով՝ դրանով նրանց կերպարը դարձնելով ավելի կենդանի ու մարդկային։ Ովքե՞ր են քո հերոսները։   

-Իմ հերոսները ինձ շրջապատող մարդիկ են, ամենապարզ ու հասարակ, մարդիկ, որոնց հետ մենք առնչվում ենք ամեն օր, կերպարներ ու տեսակներ, որոնք կան մեր կյանքում կամ գոնե թե լսել ենք նրանց մասին։ Իմ հերոսները կենդանի են, ապրում են ու շնչում, կարծում եմ, դա է պատճառը, որ ընթերցողները հաճախ ասում են, որ գրքում գտնում են իրենց կամ կողքիններին, դա ե՛ւ կարեւոր է, ե՛ւ զվարճալի, որովհետեւ մարդը ունի շատ թերություններ, որոնց մասին մի փոքր հումորով խոսելը չի խանգարի։  

- Գրքիդ խմբագիրը իմ եւ քո ուսուցիչն է՝ Սերգեյ Հարությունյանը, ով սովորեցրել է մեզ ամենուր եւ ամեն տեղ գտնել մարդուն ու մարդկայինը։ Գրքի խմբագրումն ու գործերիդ ընտրությունը անվերապահորեն վստահել ես նրան, թե՞ համատեղ եք աշխատել։   

-Պարոն Հարությունյանն, իսկապես անբացատրելի կարեւորություն ունի ինձ եւ վստահ եմ նաեւ ներկա ու նախկին Շավիղցիների համար։ Գրքի վրա աշխատել ենք համատեղ, փորձել ենք ընտրել ամենալավ գործերը։ 

-Էլիզա, բացի նրանից, որ գրում ես, նաեւ թարգմանություններ ես անում արաբերենից, հեղինակ կատարող ես։ Սրանք զուգահեռ են առաջ գնում քո մոտ, թե այնուամենայնիվ, ժամանակով պայմանավորված, նախապատվություններդ էլ են փոխվում։   

-Թարգմանություններ մի քանի ամիս է, ինչ կատարում եմ, եւ զգում եմ, որ դա ինձ հաճույք է պատճառում։ Ես կարողանում եմ նոր կյանք տալ ստեղծագործությանը՝ հասցնելով այն հայ ընթերցողին։ Իսկ այ երաժշտության եւ գրչի միջեւ համեմատական անցկացնել չեմ կարող։ Թե՛ գրողական, թե՛ երաժշտական կարիերայի հետ կապված ունեմ մեծ նպատակներ ու ձգտումներ, որոնց փորձելու եմ քայլ առ քայլ հասնել։ Հստակ որոշել եմ զբաղվել պրոֆեսիոնալ վոկալով՝ էլ ավելի զարգացնելով ձայնային տվյալներս, բայց այդ մասին շատ չեմ խոսի, ժամանակի հետ ամեն բան հստակ կդառնա։