Որովհետեւ դու տգետ ես. Միսաք Մեծարենց

Որովհետեւ դու տգետ ես. Միսաք Մեծարենց

Էկոնոմիկայի նախարարն ասում է. «Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ ա, եւ դա թույլ ա տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ էսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան, օրինակ, մի տարի առաջ կամ երկու տարի առաջ»:

Միսաք Մեծարենցից մեկ հատված.
- Խի՞ եք ըդենց ասում, որդի,- հարցրեց քահանան այնպիսի մի ճնշված ձայնով, որ ես խղճահարվեցա։
- Որովհետեւ դու տգետ ես,- պատասխանեց Պետրոսը կոշտ սառնասրտությամբ։
- Այդ արդեն չափազանց է, պարոն,- նկատեցի կամացուկ եւ միեւնույն ժամանակ վրդովվելով։
- Ընդհակառակը՝ դեռ քիչ է,- հարեց Պետրոսը եւ ապա դառնալով քահանային հարցրեց։- Դու նեղանո՞ւմ ես, որ ես տգետ եմ ասում քեզ։
- Խի եմ նեղանում, որդի, ջահել ես, ասում ես, որ ահիլ (հասակավոր) լինիս, կմտածես, թե էս մարդն ի՞նչ մեղավոր ա, որ աստոծ սրան անուսում ա ստեղծել։
«Բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում» թեզի ապացույցներ ներկայացնողին սպասվում է նոբելյան մրցանակ: 

Մեծարենցը շատ ուղղամիտ է եղել, կարող էր նաեւ վիրավորել: Հետեւաբար, անցնենք ակադեմիական շրջանակներին` Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Մենքյուին: Ահա թե ինչ պատասխանեց նա, երբ լսեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնողի դատողությունների մասին: «Ենթադրենք, դուք ավանդադնում եք ձեր խնայողությունները բանկային հաշվին, որը տարեկան վճարում է 8 տոկոս: Հաջորդ տարի դուք հանեք ձեր խնայողությունները եւ կուտակված տոկոսները։ Դուք 8 տոկոսով ավելի հարո՞ւստ եք, քան 1 տարի առաջ ավանդ ներդնելիս: Պատասխանը կախված է նրանից, թե ինչ է նշանակում «ավելի հարուստ»: Անշուշտ, դուք ունեք 8 տոկոս ավելի դոլար, քան նախկինում: Բայց եթե գները բարձրացել են, յուրաքանչյուր դոլարն ավելի քիչ է գնում, իսկ ձեր գնողունակությունը 8 տոկոսով չի բարձրացել։ Եթե տարվա կտրվածքով գնաճը եղել է 5 տոկոս, ապա ապրանքների քանակն ավելացել է ընդամենը 3 տոկոսով։ Իսկ եթե գնաճը եղել է 10 տոկոս, ապա ձեր գնողունակությունը նվազել է 2 տոկոսով»:

Փաստորեն, Մենքյուն հայ հեղափոխական տնտեսագիտական մեյնսթրիմի մեջ չի տեղավորվում: Միայն զարմանալ կարելի է, թե նրան ինչի համար են Հարվարդում պահում: 
Պաշտոնական վիճակագրությունը ներկայացված է գծապատկերում:
Այս տվյալները դեռ վերջնական չեն: Տարին ամփոփելիս ավելի ցայտուն կերեւա, թե գնաճի պայմաններում ինչպես են ոմանք լավ ապրում: Ուղղակի, եւս մի քանի պաշտոնական տվյալ՝ մտորելու համար: 

Կենսաթոշակների փոփոխությունը 2020/2015թթ.՝ 108.6%:
Միջին ամսական անվանական աշխատավարձի փոփոխությունը 2020/2015թթ.՝ 110.5%։
Դրամական եկամուտների փոփոխությունը 2020/2015թթ.՝ 135.9% (այս թիվը խոր վերլուծության ենթակա է: Թվում է, թե բացառապես հեղափոխականների դրամական եկամուտներն են բարձրացել)։
Դրամական ծախսերի փոփոխությունը 2020/2015թթ.՝ 109.9%։
Հաշվարկները թողնում ենք «բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում» թեզի հեղինակին:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր