Ադրբեջանի «ակնկալիքներն» իմացանք, բա «առեւտրի» մյուս մասնակիցների՞նը․․․

Ադրբեջանի «ակնկալիքներն» իմացանք, բա «առեւտրի» մյուս մասնակիցների՞նը․․․

Իշխանական «Հայկական ժամանակը» երեկ բավական ուշագրավ հոդված էր հրապարակել՝ «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների եւ փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերնագրով, որտեղ ներկայացրել էր այն ամենը, ինչն ակնկալում է Ադրբեջանը Հայաստանից։ Ըստ հրապարակման՝ այդ պահանջները հետեւյալն են․

«ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:

ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ, նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

Միջանցք Հայաստանի տարածքով:

Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ քարտեզների մասին է խոսքը):

Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում՝ հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե դրանք որքանով կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել՝ հրաժարվելու այդ պահանջներից, կա՛մ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաեւ պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, ԵՄ-ն»։ Ինքնին հասկանալի է, որ «հավաստի աղբյուր» ստորագրված հրապարակման հետեւում գուցեեւ Նիկոլ Փաշինյանն է կանգնած, եւ եթե դա այդպես է, ապա առնվազն կարող ենք արձանագրել որ գործընթացները մտել են մի այնպիսի փուլ, որ Փաշինյանը հայտնվել է ցայտնոտային վիճակում կամ էլ որոշել է բացել քարտերը մինչեւ վերջ, եթե նկատի ունենանք, որ վերջին նախադասությամբ հոդվածագիրը խոստանում է հաջորդիվ անդրադառնալ, թե ինչ են ուզում ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը։ 

Ինչ-որ իմաստով նման բացահայտումը կարեւոր է, սակայն ինչ- ինչ իմաստով նաեւ սա չարագուշակ էլեմենտ է պարունակում իր մեջ, քանի որ կարելի է կարծել, որ, այսպես ասենք՝ պարանն այլեւս ձգելու տեղ չկա, եւ խնդիրը հանգուցալուծման է գնալու։ Մյուս հարցը, որին անդրադառնալ կարելի է, այն է, որ, այո` այն, ինչ փոխանցել է «հավաստի աղբյուրը», Ադրբեջանի «պլան մաքսիմումն» է, սակայն դա չի նշանակում, որ, օրինակ, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը կամ ԵՄ-ն համամիտ են այդ «պլան մաքսիմումի» հետ։ Միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչները, ովքեր ապրել են խորհրդային ժամանակներում եւ հարեւանություն արել ադրբեջանցիների հետ, կփաստեն, որ վերջիններս երբ գյուղմթերք էին բերում շուկա՝ վաճառելու, ասում էին իրենց, այսպես ասած՝ «պլան մաքսիմում» գինը, ու հետո արդեն, երբ գնորդը սկսում էր սակարկել, «բարիշում» էին այդ գնից նկատելիորեն ցածր գնի վրա, ու կայանում էր առքուվաճառքի գործարքը։ Տարածաշրջանում վերադասավորության առեւտուրը մեկնարկել է։ Ադրբեջանը ներկայացրել է իր «պլան մաքսիմում» գինը։ Սակայն «առեւտուրը», սակարկությունները դեռ ավարտված չեն։ Սակարկություններն ընթացքի մեջ են։ Ուստի պիտի նաեւ համբերենք, մինչեւ հրապարակվեն նաեւ մյուսների «ակնկալիքները», հետո նոր, համադրելով բոլորը, փորձենք հասկանալ, թե «առեւտուրը», ի վերջո, ինչ ձեւ է կայանալու։

Ի դեպ, Հայաստանը՝ որպես տարածաշրջանի պետություն, եւս պետք է ունենա իր «ակնկալիքները», եւ կարեւոր է հասկանալ, թե Հայաստանի «պլան մաքսիմումը» որն է այս «աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային քաղաքական առեւտրում», ու ինչ հնարավորություններ կան՝ գոնե հայկական ակնկալիքների «պլան մինիմումն» ապահովելու համար։ Ի դեպ, այս թեմայով դատողություններ անելիս, նախ, չպետք է թերագնահատել Ռուսաստանին, որքան էլ ինֆոհոսքերը հակառակն անելուն դրդեն, եւ չպետք է գերագնահատել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Իսկ մինչ այդ պետք է սպասել «առեւտրի» մյուս մասնակիցների մասին բացահայտումներին։ Եվ մի բան էլ․ Ադրբեջանի «ակնկալիքների» հավաստիության մեջ կասկածելու հիմքեր չկան, սակայն մյուսների «ակնկալիքները» երբ հրապարակվեն, այնպիսի կռվաններով պետք է հիմնավորված լինեն, որ «հավաստի աղբյուրի» արժանահավատությանը կասկածելու հիմքեր չլինեն, եւ առիթ չունենանք կարծելու, թե «հավաստի աղբյուրը» հերթական ժուլիկական «մուխլյոժը» կամ ինքնարդարացման բեմականացումն է իրականացնում։