Հայտնի է «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը
«Հրապարակի» տեղեկություններով՝ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի նորահայտ երգչուհի Rosa Linn-ը (Ռոզա Կոստանդյան)։ Առաջին ալիքի ընտրությունը կանգ է առել նրա վրա։ Պաշտոնապես մասնակցի անունն ու երգը կհրապարակեն մեկ ամսից։
Rosa Linn-ը Վանաձորում ապրող ու ստեղծագործող երգչուհի է, որին ամերիկյան «Flaunt» ամսագիրն անվանել է Հայաստանի առաջին կին երաժշտական պրոդյուսեր։ Իր դեբյուտային երգը համագործակցություն է հայտնի Kiira-ի հետ։ Նա Nvak Collective առաջին արտիստն է։ Nvak Collective-ը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի եւ ամերիկահայ պրոդյուսեր Ալեքս Սալիբյանի նախագիծն է, որն ստեղծվել է անցած տարի։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ մայիսի 10-ին, 12-ին ու 14-ին։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում։
Անցած տարի Հայաստանը չմասնակցեց մրցույթին՝ հետպատերազմական իրավիճակի, ժամանակի սղության և այլ օբյեկտիվ պատճառներով, իսկ 2020-ին մեր երկրի պատվիրակն էր հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցույթը չեղարկվեց։
Կարծիքներ