Ինչու՞ «Իմ քայլի» պատգամավորը որոշեց հրաժեշտ տալ մանդատին

  Ինչու՞  «Իմ քայլի» պատգամավորը որոշեց հրաժեշտ տալ մանդատին

«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքեյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումը, որով հայտնում է, որ երկար մտորումներից հետո որոշում է կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, սպասելի քայլ էր։ Անկախ այն բանից, թե ինչ պատճառաբանություն էր գրել, համաձայնվենք պատգամավորի հետ, որ իր որոշումը անձնական է, որովհետև մարդը չի կարող որոշում կայացնել իր անձից դուրս։ Անգամ եթե պարտադրված, հրահրված լինի, էլի իր անձնական տիրույթում է որոշում կայացնելը։

Ժամանակային առումով պատգամավորի մանդատից հրաժարումը համընկնում է Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ այլ կարևոր գործընթացների հետ, բայց պատգամավորը հավատացնում է, որ «Հատուկ ևս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ, թեև ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ»:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ պատգամավորը ստատուս էր գրել ֆեյսբուքյան իր էջում։ Դա այն օրն էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ջերմուկ` Ամուլսարի խնդիրը քննարկելու համայնքի բնակիչների հետ։ Կարդանք․

 

Edgar Arakelyan

23 August at 13:33 ·

 
«Բազմակարծությունը, ներառականությունը՝ սրանք ոչ թե թերություններ ու խնդիրներ են, այլ առավելություններ, եւ պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ որպես կառավարող ուժ, այդ առավելություններն օգտագործել հօգուտ թիմի, պետության ու ժողովրդի»։ Պատգամավորը շեշտեց, որ ինքն անձամբ բոլոր ջանքերն օգտագործելու է իր պատկերացրած այդ ուժը կերտելու ուղղությամբ։ Երբ «Հրապարակը» հետաքրքրվում է՝  կընդունե՞ն իր առաջարկած ճանապարհը։ «Միանշանակ։ Մեզ մոտ կողմ չկա, մենք գործընկերներ ենք, յուրաքանչյուրն անհատականություն է։ Այո, այս հարցի շուրջ չունենք միասնական դիրքորոշում, կոնսենսուս։

Ընդհանրապես, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դասական քաղաքականության իմաստով սա ստանդարտ իրավիճակ չէ՝ հաշվի առնելով նաեւ, որ մեկ-երկու պատգամավոր չէ, որ կարող է թողնել-հեռանալ, այլ ֆրակցիայի մի զգալի հատված։ Այսինքն՝ սա գործոն է, որի հետ պետք է հաշվի նստել։ Մենք ուժ ենք, որը եկել է սպասարկելու հանրության շահերը, պետք է այս գործընթացից ուժեղացած դուրս գանք»։

Այսինքն մի շաբաթ առաջ ինքը վստահորեն իրեն համարում էր կառավարող ուժ և անկախ ամեն ինչից գտնում էր, որ իր առավելությունները կօգտագործի հօգուտ թիմի, պետության ու ժողովրդի։ Ընդունում էր, որ իրենք հարցերի շուրջ չունեն միասնական դիրքորոշում, ու չնայած դրան, իրենք պետք է այդ գործընթացից ուժեղացված դուրս գան։

Նման լավատեսությամբ, վճռականությամբ տրամադրված մարդը ինչու՞ օգոստոսի 30-ին որոշեց հրաժեշտ տալ մանդատին։ Ու չնայած պատգամավորն ասում է, որ  «Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով», բայց լրագրողներին այլ մեկնաբանություններ պետք էլ  չեն։ Լրագրողը առանց մեկնաբանությունների էլ կարող է փաստերը համադրել ու պարզել։

Օգոստոսի 27-ին «Հրապարակ» թերթը տեղեկացրեց, որ «Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է իրենց թիմի այն անդամների և հատկապես պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ նա բավականին կոշտ է խոսել, ասել է՝ սա՞ է թիմային աշխատանքը, սե՞նց եք թիկունքս պահում, ամեն մեկդ մտել եք ծակերը, ձայն չեք հանում»։ Բնական է, Նիկոլ Փաշինյանը զայրացել էր իրենց թիմի  հատկապես այն պատգամավորների վրա, որոնք Ամուլսարի թեմայով հակադրվեցին իրեն։

Եթե այդքանից հետո պատգամավորը կարող է պնդել, թե դա ժամանակային առումով գուցե համընկնում է, թող պնդի, սպասենք նոր զարգացումների․․․ Եթե Ամուլսարաի շահագործումը մնա օրակարգում, որը կարծում եմ, այդպես էլ կլինի, ավելի հետաքրքիր «անձնական տիրույթի հրաժարականներ կլինեն»։ Ներիշխանական ճգնաժամը ժողովրդականից պակաս վտանգավոր չէ։