Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, անեծքների դաշտ

Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, անեծքների դաշտ

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում եւ մամուլում: Մի իսկական «բոլոլա է ու ահավոր բազառ»։ Գնահատականներն ամենատարբեր են՝ սկսած նրանից, որ նա իրեն պահում է ոչ թե որպես Արցախի նախագահի թեկնածու, այլ՝ խուլիգան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, օրինակ, հայտնել է, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսվում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ղարաբաղյան արմատներով Գրիգորյանն ամփոփել էր ղարաբաղցիների հայտնի խոսքով․ «Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»։ «Սասնա ծռեր»-ն են հայտարարել, որ գեներալ Բալասանյանի հայտարարությունում հանցակազմ կա իրենց՝ «Սասնա ծռերի» նկատմամբ։

Բալասանյան-Հայաստանի իշխանություններ հերթական ռաունդին, ի պաշտպանություն Բալասանյանի, ձայներ եւս հնչեցին, ըստ որում՝ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից։ Աղվան Վարդանյանը, օրինակ, Բալասանյանին վիրավորած Գրիգորյանի մասին ասաց, որ ժամանակը ջնջում է փոքրերին։ Ղարաբաղից պատգամավոր Արզիկ Մխիթարյանն ասաց, որ Արմեն Գրիգորյանը հասնում է անտակտության, չի կարելի Արցախի հերոսի մասին այդպես խոսել։

Եվ անգամ ադրբեջանական Haqqin.az-ն անդրադարձավ թեմային․ «Փաշինյանին սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ․ քաղաքացիական պատերազմն Արարատ լեռան հետեւում չէ»։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Բալասանյանի հայտարարությունները կարող են ունենալ նաեւ իրավական հետեւանքներ․ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

- Արցախում, պարոն Բաբայան, ինչպե՞ս են դիտարկում այս բանավեճն ու Բալասանյանի տեղացած սպառնալիքները։

- Նախ ասեմ, որ Բալասանյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն պաշտոնական Ստեփանակերտի հետ, Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ։ Ես ասում եմ՝ Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, նզովքների դաշտ։ Որեւէ մեկն իրավունք չունի՝ իր պահվածքով, իր քայլերով, զգացմունքներով։ Արցախը սրբություն է, եւ բոլորը պարտավոր են այդ սրբությունը պահպանել․․․ լինի Արցախից, հատկապես՝ Արցախից։ Ով ուզում է լինի։ Հետեւաբար, սա պարոն Բալասանյանի խիստ անձնական կարծիքն է։ Եվ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես անձնավորություն, կարծում եմ, որ անթույլատրելի է մեկը մյուսին անպատվելը, խախտել մեր միասնականությունը, մեկս մյուսի հետ թշնամանալը։ Միգուցե պետք է քննադատություն, բայց այն պետք է լինի կառուցողական, որպեսզի օգնի, այլ ոչ թե անեծքների տեսքով լինի։ Սա մեր միասնականությունն է թուլացնում։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա դա է, հա՞, մնացել։ Դատապարտելի է ցանկացած արարք, որը թուլացնում է մեր միասնականությունը, երբ ինչ-որ շիզոֆրենիկ հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են․․․ կամ՝ ոտնձգությունները կա՛մ մայր Հայաստանի, կա՛մ Արցախի նկատմամբ։

- Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանի հետ համաձայնեցված է գործում։

- Ես քաղաքական դեմագոգների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Պարզ է, թե ինչու է այդպես ասում։ Ես էդ մարդուն չեմ համարում ողջամիտ քաղաքական ուժ։

- Պարոն Բաբայան, Վիտալի Բալասանյանը հնարավոր է՝ նախագահի թեկնածու լինի, եթե մարդը խելագարության կանխավարկածով չի շարժվում, առանց հաշվարկի, որ կա նման էլեկտորատ Արցախում, կանի՞ նման հայտարարություն։ Միգուցե, այնուամենայնիվ, Արցախում կա՞ն նման տրամադրություններ կրողներ։

- Այդպիսի տրամադրություն կրող Արցախում չկա։

- Ինչո՞ւ է, ուրեմն, ասում։

- Չգիտեմ՝ իրենից հարցրեք։ Ես նորից եմ ասում՝ չի կարելի, սահմանն այստեղ է, Ադրբեջանի տարածքից երեւում է։

- Չե՞ք ափսոսում, որ նման անհավասարակշիռ բնավորություն ունեցող մարդը նշանակվել էր Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։

- Խնդիրն այն է, որ մարդիկ կարող են ունենալ այս կամ այն կարծիքները, բայց ինչքան էլ ծայրահեղությունները, զգացմունքները՝ մի կողմ, մենք ունենք մեկ գերնպատակ՝ մի հայրենիք։ Եվ այդ հայրենիքը որեւէ մեկն իրավունք չունի խարխլելու։

- Չե՞ք կարծում, որ Ստեփանակերտից կամ Երեւանից ինչ-որ կոչ-առաջարկ կարող է հնչել, նախաձեռնություն, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական գործիչները չպետք է, չեն կարող միմյանց հրապարակային վիրավորանքներ հասցնել, որ եկեք այս մասին պայմանավորվածություն ձեռք բերենք։

- Պիտի լուրջ աշխատանք տարվի՝ սկսած դաստիարակչական ոլորտից, մսուր-մանկապարտեզից։ Սա լայն ճակատ է, ես, օրինակ,  Ֆեյսբուքում խնդրել եմ երբեւիցե չօգտագործել «հայաստանցի» բառակապակցությունը Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների մասին։ Առաջարկել եմ ասել «երեւանցի», «գյումրեցի», «վանաձորցի», «սյունեցի», որովհետեւ մենք էլ ենք հայաստանցի։

- Ձեզ մոտ նաեւ «գյալմա» բառն էր օգտագործվել։

- Այո, բայց դա մենք ժամանակին դատապարտել ենք ու պետք է դատապարտենք։ Պիտի Հախվերդյանի պես մարդու երեսին թքեն, ասեն՝ էս ի՞նչ եք անում։