Հուշարձան շենքերը վնասվել են բոլորի աչքի առաջ եւ բոլորի գիտությամբ

Հուշարձան շենքերը վնասվել են բոլորի աչքի առաջ եւ բոլորի գիտությամբ

Հանրապետության հրապարակի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերը վնասվել են ամանորյա ձեւավորման հետեւանքով։ Ամանորյա լույսերը, զարդարանքները կախելու համար այս օրերին բազմաթիվ անցքեր են արվել հրապարակի՝ հուշարձանների ցանկում ներառված թամանյանական շենքերի վրա։ 

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը ցավով արձանագրում է, որ սա նորություն չէ մեր իրականության մեջ։ «Նույն բանը ես տեսել եմ Օպերայի շենքի վրա, որտեղ գովազդի այդ մեծածավալ վահանակներն են փակցված՝ մետաղյա սարքերի միջոցով․ ըստ երեույթին՝ էլի նախապես անցքեր են հարմարեցվել,- ասում է Բալյանն ու անդրադառնում Հանրապետության հրապարակի շենքերին։- Այս կառույցներն իրենց նշանակությամբ նույնն են, ինչ մեր միջնադարյան եկեղեցիները կամ հնագույն հուշարձանները։ Դրանց արժեքը նույնն է։ Ի սկզբանե նման բան չի կարող քննարկվել կամ դիտարկվել, որ այդ կառույցի վրա կարելի է անցքեր անել եւ մետաղյա սարքեր հարմարեցնել։ Դա պետք է բացառվի սկզբունքորեն եւ ուրիշ լուծում գտնվի»։
Մոտավորապես ի՞նչ մասշտաբի եւ ծավալի վնաս է հասցվել այդ հուշարձան շենքերին, եւ արդյո՞ք հնարավոր է դա վերականգնել, ինչպես վստահեցնում են քաղաքապետարանից։ Ճարտարապետը նկատեց, որ հնարավոր չէ դրա պատճառած հետեւանքները, վնասները վերականգնել․ «Քարը ո՞նց կարելի է վերականգնել, վերցնել, ուրիշ բանով փակել։ Դա լուծում չէ, էլ չեմ ասում, որ այս տարի ծակեցին այստեղ, մյուս տարի՝ մյուս տեղը, եւ եթե այդպես արվի ու ընդունվի, դա կդառնա նորմա եւ արդեն դարձել է նորմա։ Քարի վրա ինչ-որ բան ամրացնել՝ բոլդ ու գայկայով, այդպես չի կարող լինել, քարը չի ընդունում դա։ Հետո՝ ի սկզբանե այդ շենքերի վրա նախագծված չի էլ եղել որեւէ միջամտություն, հետեւաբար, ցանկացած նման միջամտություն անթույլատրելի է։ Եթե ժամանակակից շենքի դեպքում ճարտարապետը կարող է նման մետաղյա մի էլեմենտ տեղադրել, այս պարագայում դա չի արվել ու, ըստ այդմ, պետք է չարվի։ Այդ հուշարձանի ամեն ինչն անձեռնմխելի է՝ թե՛ ճակատային լուծումը, թե՛ ինտերիերային լուծումները»։

Ճարտարապետն ընդգծում է, որ նման միջամտություններ օրենքը թույլ չի տալիս։ Թե ինչպես ու ինչի հիման վրա են քաղաքային իշխանությունն ու ԿԳՄՍ նախարարությունը եկել համաձայնության, Կարեն Բալյանը տեղյակ չէ․ «Ես միայն կարող եմ ասել, որ հուշարձանի վրա չի կարելի նման միջամտություններ կիրառել, դա փչացնում է հուշարձանը»։

Հուշարձանը գեղեցկացնելու մեթոդները, ըստ Բալյանի, մեկի համար գեղեցիկ են, մյուսի համար՝ տգեղ։ Նա առանձնահատուկ ընդգծում է Հանրապետության հրապարակի ձեւավորումը՝ ընդհանուր առմամբ։ «Մանկական դղյակներ, որոնք ծայրաստիճան անճաշակության օրինակներ են, դրանք թեպետ շենքերը չեն վնասում, բայց չեն համապատասխանում մեր հայկական մշակույթին։ Շատ ցածր մակարդակի մոտեցում է, եւ արվել է պրովինցիալ ձեւավորում։ Պետք է լինի հստակ պահպանման խնդիր, թե ոնց պետք է արվի ամանորյա հարդարանքը. դա այլ խնդիր պետք է լինի, որի համար չպետք է վնասեն շենքերը։ Այսօրվա ժամանակակից միջոցներն այնպիսին են, որ կարելի է, առանց շենքին կպնելու, շենքը լուսավորել»,- ասում է նա ու նկատում, որ միջազգային պրակտիկայում շենքերը հեռվից են լուսավորում, եւ շենքի վրա ոչ ոք լամպեր, լարեր չի անցկացնում, որոնք հետո տարբեր ամրակներով ձգեն պատի վրա. «Սա պետք է բացառվի, եկեք ուրիշ լուծումներ գտնենք, կրեատիվ մարդիկ են պետք, որոնք առաջարկներ անեն, եւ դրանք կոմպրոմիսային չլինեն։ Սա խնդրի լուծում չէ, որ այսօր կծակենք, վաղը կփակենք, ինչո՞վ պետք է փակեք, քարն արդեն փչացավ, եւ պետք չէ մտածել, որ եթե ինչ-որ բեկոր, զարդանախշ չենք տվել վնասել, ուրեմն լավ է։ Հուշարձանը ֆիզիկապես արդեն վիրավորվել է»։

Կ․ Բալյանն ասում է՝ ինչպես էլ վերականգնեն, դա վերականգնում չի լինի, որովհետեւ քարի մի մասը պոկվել է, եւ փոխարենն ինչ էլ դնես, նույնը չի լինի․ «Արդեն ուրիշ բան կլինի այդտեղ։ Մենք հո չե՞նք գնում հին հուշարձանի կոտրված տեղերը վերականգնում, դա չի համապատասխանում վերականգնման սկզբունքներին։ Մի տարբերությամբ միայն, որ այստեղ ոչ թե ժամանակի հետքն է, այլ գիտակցված վնաս է հասցվել»։

Փաստորեն, պետությունն այս դեպքում ինքն իրեն պիտի տուգանի, որովհետեւ օրենքով քրեական պատասխանատվություն է սահմանել ու ինքն էլ խախտել այդ օրենքը՝ վնաս պատճառելով հուշարձանին։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը նախատեսում է, որ «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։ Նույնն է նաեւ անզգուշությամբ պատճառված վնասի դեպքում․ «Պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը չցանկացավ մեր հարցերին պատասխանել, խորհուրդ տվեց դիմել լրատվական բաժին։ Հետո արդեն, օրվա ընթացքում քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես նշելով, որ «նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍՆ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետեւանքների հետագա վերացման, ինչպես նաեւ աշխատանքների հետեւանքները նվազագույնի հասցնելու կարեւորությունը։ Հաշվի առնելով նշվածը՝ Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։ Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի (орнамент) մեջ, ոչ մի կապ չունի Երեւանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»։ Փաստորեն, մինչեւ նախագծի իրականացումը թե՛ ԿԳՄՍՆ-ի, թե՛ քաղաքապետարանի համար կանխատեսելի է եղել հուշարձանին պատճառվելիք վնասների չափը, դրա համար հաջորդիվ շեշտվում է  դրանք վերականգնելու պատրաստակամության մասին եւս։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, բայց՝ ապարդյուն։   
ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը լսելու փորձերը եւս անպտուղ էին․ մեզ ասացին՝ ծանոթացեք քաղաքապետարանի հաղորդագրությանը, ըստ որի՝ աշխատանքները համաձայնեցվել են իրենց հետ։ Այնուամենայնիվ, նախարարությունը տեղյա՞կ էր, որ ձեւավորման աշխատանքներն այս ձեւով են իրականացվելու՝ անմիջական միջամտության ենթարկելով հուշարձան շենքերը։ Մեր հարցերին պատասխանելու համար ԿԳՄՍՆ-ից նախ գրավոր հարցում պահանջեցին, ապա հորդորեցին հետեւել քաղաքապետարանի հրավիրած այսօրվա ասուլիսին։ Հետաքրքրական է այս առիթով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մեկնաբանությունը՝ կառավարության նիստից հետո, ով վստահեցրել է, որ եթե որեւէ պատմամշակութային հուշարձան շենք վնասվի քաղաքի զարդարման պատճառով, ապա քաղաքապետարանը դրանք կփոխհատուցի։

«Քաղաքապետարանի դաշտում է էդ խնդիրը, քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որեւիցե նույնիսկ փոքրիկ վնաս լինի, ամեն ինչ կվերականգնի։ Այս ամենը, հասկանում եք, Ամանորի հետ կապված ժամանակավոր երեւույթ է, այնպես որ, ժամանակավոր այս զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկել»,- ասել է Դումանյանն ու ի պատասխան այն դիտարկմանը, որ շենքն արդեն վնասվել է, եւ ճաք է առաջացել, նշել է․ «Ես չգիտեմ՝ Դուք որ ճաքի մասին եք խոսում, ես ճաք չեմ տիրապետում, կլինի ճաք, կլինի անցք՝ քաղաքապետարանը կվերականգնի»։ Ահա՝ իրավիճակն այսպես է պարզաբանել ԿԳՄՍ նախարարը, ինչի առիթով մնում է միայն ցավ հայտնել։