Եվրոպական կուսակցությունը ձգտում է ապահովել ժողովրդավարական ուժերի մասնակցությունը․ Խզմալյան

Եվրոպական կուսակցությունը ձգտում է ապահովել ժողովրդավարական ուժերի մասնակցությունը․ Խզմալյան

Արկադի Վարդանյանը և Տիգրան Խզմալյանն այսօր առավոտյան հայտարարություն էին տարածել, որ դուրս են գալիս «Ազգային-ժողովրդավարական Բևեռ» քաղաքական միավորման խորհրդի կազմից։

«Ռուսաստանի գաղութարար իշխանությունը և դրա տեղացի խամաճիկները՝ Քոչարյանն ու Փաշինյանը, փորձում են լռեցնել, մեկուսացնել, վարկաբեկել մեր պայքարը և մեզ։ Այս պայմաններում «Ազգային-ժողովրդավարական Բևեռում» առաջացան մարտավարական տարաձայնություններ։ «Արժե՞ արդյոք ընդհանրապես մասնակցել ընտրություններին», - ասում են ոմանք։ «Միգուցե պետք է փորձել համաժողովրդական անհնազանդության ալիք բարձրացնել եւ կազմել ժամանակավոր կառավարությու՞ն»,- ասում են ուրիշները։ Խնդիրը բարդանում է նրանով, որ ՀՀ հակաժողովրդավարական օրենսդրությունը զրկում է ԱԺԲ առաջնորդների զգալի մասին ընտրվելու հնարավորությունից։ Այսպես, Ժիրայր Սեֆիլյանի համար խոչընդոտ է հանդիսանում նրան ընդամենը 3 տարի առաջ տրված քաղաքացիությունը, Արա Պապյանի համար՝ նրա երկքաղաքացիությունը, Վարուժան Ավետիսյանի համար՝ նրա հանդեպ 9 ու կես տարվա ազատազրկման սպառնալիքը։ Ստեղծված իրավիճակում, երբ շատ բարձր է ռեժիմի կողմից Բևեռը որակազրկելու և ընտրարշավից հանելու վտանգը, երբ Բևեռի կազմում տարաձայնություններ կան մարտավարության հարցով, մենք՝ Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներս, ովքեր վերջին շրջանում ձևավորում էին Ազգային-ժողովրդավարական Բևեռի ռազմավարությունն ու օրակարգը, որոշում ենք ընդունել «մատյան գնդի» դերը ստանձնելու և անհրաժեշտության դեպքում փոխարինելու մեր գործընկերներին քաղաքական Ավարայրի այս ճակատամարտում։ Մենք գնալու ենք ընտրությունների, որպեսզի հայ ժողովուրդը և մեր իրական դաշնակիցներն Արևմուտքում ունենան Հայաստանում ժողովրդավարական միջոցներով ապագաղութացումն իրականացնող քաղաքական հենարան», - ասվում էր քաղաքական գործիչների հայտարարության մեջ։

«Հրապարակի» հետ զրույցում ՀԵԿ նախագահ Տիգրան Խզմալյանն ասաց, որ առանձին են մասնակցելու հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ «Միայնակ, որպես Եվրոպական կուսակցություն, առանց որևէ դաշինքի», - նշեց Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին։

 - Հնարավո՞ր է, որ կրկին համագործակցեք «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի հետ, թե՞ սկզբունքային այլ տարբերություններ էլ կան։

- Չէ, մենք համագործակցում ենք «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» հետ քաղաքական շրջանակներում։

- Միա՞կ պատճառն այն է, որ ուզում եք առանձին հանդես գալ, և խնդիրն առաջացել է հենց մասնակցել-չմասնակցելո՞ւ հետ կապված։

- Հիմնական տարաձայնությունները մենք ներկայացրել ենք։ Մեր կասկածն է, որ «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» դեմ հատուկ վերաբերմունք է ցուցաբերվելու։ Նրանց փորձելու են խանգարել; Եվ հատուկ նշեցի` օգտագործվելով «մատյան գունդ» պատմական հայտնի օրինակը։ Բացի դա, կան հարցեր, որոնք մենք մեկնաբանում ենք յուրովի։ Մենք բնականաբար ունենք և՛ միացնող, և՛ տարանջատող գաղափարներ։ Սակայն հիմնական պատճառն այն է, որ Եվրոպական կուսակցությունը ձգտում է ապահովել ժողովրդավարական ուժերի մասնակցությունը այս ընտրություններում, ցանկացած տարբերակով։

-  Ինչպես նշեցիք, առանց դաշինքի եք մասնակցելու։ Էլ ո՞ր կուսակցութունների հետ եք համագործակցում։ Նախկինում համագործակցում էիք ԱԻՄ-ի հետ, «Հայ կառուցողական», «Հայք (Հայկազուններ)», «Պահպանողական» կուսակցությունների հետ։

- Եվ Շանթ Հարությունյանի հետ, Շահեն Հարությունյանի նորաստեղծ կուսակցության [«ՇԱՆԹ Դաշինք»] հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Եվ Ձեր նշած բոլոր կուսակցությունների հետ մենք շատ բարիդրացիական և ընկերական հարաբերություններ ունենք։ Բայց ընտրություններին գնալու ենք միայնակ, որպես Հայաստանի եվրոպական կուսակցություն։