Նույնիսկ Իլհամն է «վախենում» Նիկոլից քցվելուց

Նույնիսկ Իլհամն է «վախենում» Նիկոլից քցվելուց

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի սեպտեմբերի 19-ի նիստին կայացվել է որոշում, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան «կողմ ըլալով՝ դեմ լինել» արտահայտությամբ: Այն երևույթը, ինչում ժամանակին մեղադրվում էր դաշնակցությունը: Եվ այսօր, մեր գլխով անցած այդքան արհավիրքներից հետո, նշանակություն չունի՝ դա ճշմարիտ էր, թե ոչ, կամ արդարացի էր, թե ոչ: Ինչ մնում է վերը նշված որոշմանը, ապա խոսքը խորհրդարանական կայուն մեծամասնության սահմանադրական պահանջը վերացնելը հետաձգելու մասին է: 2015 թվականից ով չէր ալարում՝ հելնում ու քննադատում էր սահմանադրական այդ նորմը: Իսկ դրա հեղինակ ՀՀԿ-ն էլ արդարանում էր, թե անընդհատ պատերազմական վիճակի մեջ գտնվող խորհրդարանական կառավարում ունեցող երկրի առումով դա լավագույն լուծում էր քաղաքական քաոսից խուսափելու տեսակետից: Բնականաբար, իմաստն այն էր, որ պատերազմի ակտիվ փուլի դեպքում քաղաքական վայրիվերումները չնվազեցնեին պետության պաշտպանունակությունը:

Բայց կյանքը ցույց տվեց, որ  պետության պաշտպանունակության բազմաթիվ գործոնների շարքում դա ոչ միայն առաջնայինը չէր, այլ ընդհանրապես ունեցավ զրոյական նշանակություն: Սակայն առաջնային դարձավ որևէ քաղաքական ուժի, որ արդեն մեծամասնություն էր կազմում Ազգային ժողովում, իշխանության պահպանման գործում: Ինչը դրսևորվեց նաև գործողի պարագայում: Ինչը կդրսևորվի նաև 2026-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Ինչևէ, խորհրդում կողմ են արտահայտվել այդ նորմի  վերացմանը, սակայն դեմ են եղել այդ փոփոխությունները իրականացնել 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ու դա մեկնաբանել են որպես Սահմանադրության առումով համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Այսինքն, պետք է գրվի նորը և ոչ թե կատարվեն առանձին-առանձին փոփոխություններ: 

Ասեմ, որ գործող իշխանության մոտեցումը խորհրդարանական կայուն մեծամասնության սահմանադրական պահանջը վերացնելու ժամկետի առումով իսկապես խիստ համակարգային է, կամ էլ, ինչպես արդարադատության նախարար Մինասյանն է ասել, տրամաբանական է: Բայց տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե «նոր Սահմանադրության տրամաբանության ներքո» գործընթացի, այլ իշխանության պահպանման առումով համակարգային ու տրամաբանական մոտեցման հետ: Որովհետև, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, Նիկոլը (իսկ գործող իշխանությունը Նիկոլն է, որ կա) չի զլացել սահմանադրական առանձին դրույթները փոխել այն ժամանակ, երբ դա իրեն անհրաժեշտ է եղել: Եվ ոչ միայն չի զլացել, այլև դա կատարել է այլ սահմանադրական դույթներ խախտելով:

Ու հենց Նիկոլի իշխանության պահպանման պատճառով է, որ Ադրբեջանում համաձայն են Անկախության հռչակագրից Լեռանային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ հիշատակումները հանելը հետաձգելուն: Ուրիշ հարց, որ Բաքվից անընդհատ հնչում և հնչելու է այդ պահանջը: Եվ դա ոչ միայն Նիկոլին հիշեցնելու համար է արվում, այլ ենթադրաբար Նիկոլի կողմից քցվելուց ապահովագրվելու նպատակով: Որովհետև քցվելու դեպքում թշնամին ստիպված է լինելու մեծ պատերազմ նախաձեռնել, ինչը հաստատ ձեռնտու չէ նրան. ի՞նչ իմանաս, թե ինչ կպատահի դրա ընթացքում: 

Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության դրույթը հանելուն, ենթադրում եմ, որ դա արևմտյան համապատասխան կառույցների պահանջ է: Ինչը բարձրաձայնվում է տեղական ՀԿ-ական գործիչների կողմից: Այլապես դժվար է ընկալել «սորոսական» հեղափոխականների (Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Տիգրան Եգորյան) խիստ հետաքրքրվածությունն այդ հարցում: Որովհետև երբ այդ հարցում նման դիրքորոշում է հայտնում որևէ կուսակցության ղեկավար (ասենք «Լուսավոր»-ի ղեկավար Մարուքյանը), դա ընկալելի է: Քանի որ 2026 թվականի ընտրությունների մասնակից կուսակցությունները կայուն մեծամասնության դրույթի բացակայության պարագայում լրացուցիչ հնարավորություն կստանան ԱԺ մուտք գործելու առումով: Իսկ ՀԿ-ների կողմից դա կարող է կատարվել դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: Դրամաշնորհներն էլ տրվել ու շարունակում են տրվել հիմնականում Արևմուտքից: