Armenian Assembly. Մեր աշխատանքը հեռու է ավարտված լինելուց

Armenian Assembly. Մեր աշխատանքը հեռու է ավարտված լինելուց

Մայիսի 28-ը ամենասիրելի եւ լուսափայլ տոներից է ողջ հայության համար: Այս տարի, սակայն, Առաջին Հանրապետության 103-րդ տարեդարձի օրը ամպամած է 2020-ի 44-օրյա պատերազմում ունեցած 3050 զոհերի կորստյան վշտով (որ թվերի վերջնական հրապարակումից հետո հնարավոր է 3100-ի հասնի, անգամ անցնի), Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար մտահոգությամբ, վերջապես նախօրեին ՀՀ տարածքից առեւանգված վեց զինվորների վերադարձման անհանգստությամբ ու սպասումով: 

Սակայն հանրապետության տոնը այս տարի նաեւ այն առանձնահատկությունն ունի, որ տասնամյակներ տեւած ազգային մի պայքար` հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման միջազգային արշավը 2021-ին կարեւոր հանգրվան է հատել` ԱՄՆ նախագահը Մեծ Եղեռնի իրադարձություննները կոչել է իրավական տերմինով` ցեղասպանություն: Սա ինչ է նշանակում աշխարհում գործող հայկական ամենահզոր եւ ազդեցիկ լոբբիստակյան կազմակերպության` Armenian Assembly-ի համար, ում իրավամբ պատկանում է ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն հասնելու դափնին: 

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում հարցազրույց Հայկական համագումարի (Armenian Assembly) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Բրայանի հետ ծանոթացել եմ 2016-ին Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում կազմակերպված Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառմանը: 

- Թանկագին Բրայան, հաշվի առնելով, որ թերեւս իր հիմնադրման օրից Armenian Assembly-ն անշեղորեն հետամուտ է եղել հայոց ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ վարչակազմերի եւ գործող Նախագահի կողմից, որքանով էր Armenian Assembly-ն մոտեցել այս նպատակին 2021-ի ապրիլի 24-ի նախօրեին, եւ ինչ էր դեռ մնում անել: 

 - Հայոց ցեղասպանության հաստատումը Միացյալ Նահանգների կողմից հայոց շահերի պաշտպանության ուղղությամբ տասնամյակներ ներդրված անխոնջ  ջանքերի բարձրակետն էր: Մենք խորապես երախտապարտ ենք ամենքին, ովքեր տարիների ընթացքում սատարել, խրախուսել եւ օգնել են մեզ կառուցելու այն հիմքը, որը իրականություն դարձրեց այս տարվա ապրիլի 24-ի ճանաչումը: Հայոց ցեղասպանության հաստատումը արտացոլում է Ամերիկայի լավագույն բնութագծերը եւ հարգանքի տուրք է հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների հիշատակին:  Սա առանցքային դրվագ է մարդու իրավունքների պաշտպանության պատմական ուղեգծում: 

Այդուհանդերձ, այս նշանակալից հաղթանակի շուրջ խորհելիս, մեր աշխատանքը հեռու է ավարտված լինելուց: Մինչ մենք խոսում ենք Ադրբեջանը դեռ անազատության մեջ է պահում պատերազմական գերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց` չնայած 2020-ի նոյեմբերի 9 հրադադարի հայտարարությանը եւ Ժնեւյան կոնվենցիային, որի ներքո դրված է նաեւ Ադրբեջանի ստորագրությունը: Մենք նաեւ անհանգստացած ենք Freedom Support Act-ի 907-րդ բաժնի առկախումով, նկատի առնելով Ադրբեջանի շարունակվող թշնամական գործողությունները հայերի հանդեպ: Ի հավելումն դրա մենք նաեւ աշխատում ենք Արցախին մարդասիրական եւ ականզերծման աջակցություն ցուցաբերելու եւ Հայաստանի տնտեսական զարգացմանը օգնելու ուղղությամբ: Հետեւաբար, մենք ցանկանում եւ կոչ ենք անում, որպեսզի էլ ավելի մեծ թվով ներկայացուցիչներ անդամագրվեն Կոնգրեսում հայկական հարցերի երկկուսակցական հանձնախմբին: 

- Ես համոզված եմ, որ Թուրքիան ինչպես միշտ այս տարի էլ մինչեւ վերջին պահն արել է ամեն ինչ, որպեսզի ապրիլի 24-ին նախագահ Բայդենի կողմից “ցեղասպանություն” բառը չարտասանվի: Չհաջողեցին: Այդուհանդերձ ցանկանում եմ հարցնել` Ձեր կարծիքով թուրքերն ինչի՞ց են այդպես երկյուղում`պատմական ճշմարտության արձանագրումի՞ց, թե՞ քաղաքական հետեւանքներից եւ հեռանկարներից, որ կարող են դրան հետեւել: Առհասարակ ի՞նչ բնույթի զարգացումներ կարող են լինել: 

- Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը աննկատ տարածվող, սակայն մեծ վնասի հանգեցնող վարք է: Այդ պատճառով էլ, երբ ԱՄՆ-ի նման գերտերությունը ճանաչում է հայոց ցեղասպանությունը, այդ հաստատումը զորեղ ազդակ է:  Դա հարկադրում է Թուրքիայի իշխանություններին եւ պետական հաստատություններին առերեսվել սեփական պատմությանը, մի ընթացք, որից նրանք խուսանավել են ամբողջ 100 տարի: ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիային հնարավորություն է ընձեռում ժխտողականությունը շարունակելու փոխարեն հաշտվել սեփական պատմության հետ: 

- Թուրքիայի հարաբերությունները Արեւմուտքի հետ նկատելի վատթարացան վերջին տարիներին բազմաթիվ պատճառներով` ներառյալ Պուտին-Էրդողան bromance-ը, ռուսական C-400 համակարգերի գնումը, եւ այլն:  Ձեր կարծիքով Հարավային Կովկասում իրենց համատեղ ներկայությունը հաստատելու ռուս-թուրքական ձգտումը` ի հաշիվ ԱՄՆ, ԵՄ շահերի եւ ներգրավվածության, որ վերջնահաշվում հանգեցրեց 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, արդյո՞ք ավելի բարդացրեց ԱՄՆ հարաբերությունները Թուրքիայի հետ, կամ Վաշինգտոնին ավելի մոտեցրե՞ց ցեղասպանության ճանաչմանը: 

- Մենք երկար ժամանակ այն կարծիքին ենք եղել, որ ցեղասպանության հաստատումը չպետք է պատանդ լինի Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերություններին: Հայոց ցեղասպանության իրողության հաստատումը ԱՄՆ-ի կողմից հարգանքի հավաստում է ամերիկյան պատմության` հպարտություն ներշնչող մի դրվագի հանդեպ, երբ ամերիկյան դիվանագետները աշխարհին ահազանգեցին կատարվող սարսափելի  արարքների մասին եւ օգնեցին փրկել մի ժողովրդի: Արվածը մի է գործ է, որի  համար բոլորս իբրեւ ամերիկացիներ կարող ենք պարտություն ապրել. ԱՄՆ աննախադեպ մարդասիրական միջամտությունը` հանուն հայ ժողովրդի փրկությանն օժանդակելու: Հայոց ցեղասպանության հաստատումը եւ ճանաչումը ոչ միայն հարգանքի տուրք է ԱՄՆ դերակատարությանը, այլեւ այս վարչակազմի կողմից մարդու իրավունքերի առաջադասման քայլ է, որպես արտաքին քաղաքականության անկյունաքար: 

 - Դուք տեղյա՞կ եք Մինսկի խոմբի համանախագահները ե՞րբ տեսանելի կակտիվացնեն իրենց գործունեությունը եւ ըստ Ձեր իմացության ԱՄՆ վարչակազմը ինչպե՞ս է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հետագա ընթացքը:  Մասնավորապես, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հայտարարությունը ԼՂ տարածքում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ամերիկյան ծրագրի մասին այժմ փակվա՞ծ թեմա է, թե՞ԱՄՆ-ը խորհում է  Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ տեղակայված ռուսական ուժերը ԵԱՀԿ խաղաղապահներով համալրելու մասին` ՄԱԿ կամ ԵԱՀԿ մանդատի ներքո: 
 
- Վերջերս կայացած Սենատի լսումներում, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան առաջնորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում Բայդենի վարչակազմի պաշտանյաները հստակորեն “մատնանշել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի տեւական քաղաքական կարգավորման հասնելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը շարունակելու կարեւորությունը` ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների”: Մենք գտնում ենք, որ վարչակազմի համար  ճիշտ եւ ժամանակին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի գործընկերների հետ ընդգծել ուժի չկիրառման գերակայությունը, որպես հիմնարար սկզբունք, որ պետք է հարգվի, ինչպեսեւ ինքնորոշման իրավունքը: Մենք  մեծապես հորդորում ենք Միացյալ Նահանգներին վերակտիվացնել Մինսկի խմբի գործընթացը եւ կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել` հակամարտությամը արդար եւ տեւական հանգուցալուծում գտնելու համար: 

 - Այժմ, Հայաստանը գրեթե վստահաբար ընթանում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը հուսով եմ, վերջ կդնի Փաշինյանի ամբոխավարական կառավարմանը, որ կատարյալ աղետ դարձավ Հայաստանի եւ ՀՀ միջազգային հարաբերությունների համար` ներառյալ ԱՄՆ-ի հետ: Ի՞նչ շանսեր կան ՀՀ նոր իշխանության համար Սպիտակ Տան հետ շփումները եւ համագործակցությունը ակտիվացնելու, եւ ինչ խորությամբ:

- Բայդենի կառավարությունը ընդգծել է, որ իր համար առաջնորդող սկզբունքներ են  ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, ազատ եւ արդար ընտրությունները, որպես աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների կառուցման վճռորոշ գործոններ:  Անշուշտ, եթե Հայաստանին հաջողվի 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ազատ եւ արդար բնույթը արձանագրել նաեւ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ապա Միացյալ Նահանգների եւ համախոհ երկրների համար այդ ձեռքբերումը նշանակալից անդրադարձ կունենա Հայաստանի հետ համապարփակ համագործակցության  վրա: