Ալիևը պարզ տեքստով խոսում է ագրեսիայի գնալու մասին

Ալիևը պարզ տեքստով խոսում է ագրեսիայի գնալու մասին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- Ալիևը հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը չի մասնակցի, քանի որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ներկայությունն արդեն որպես չորրորդ կողմ: Ի՞նչ է նշանակում սա:

- Հանդիպումը փաստացի չեղարկել է Ալիևը, ով փորձում էր մեղքը բարդել հայկական կողմի վրա: Ալիևը նախապայման է դրել, որպեսզի Մակրոնը ներկա չլինի հանդիպմանը: Մինչդեռ Պրահայում հանդիպումը քառակողմ էր: Փաշինյանն էլ, ենթադրում եմ, պնդել է, որ հանդիպումը պետք է լինի քառակողմ՝ շարունակելով պայմանական ասած «պրահյան» ձևաչափը: Փաշինյանի մոտեցումը այս իրավիճակում հասկանալի է ու տրամաբանական: Ժամանակին ես և այլ փորձագետներ քննադատում էինք բրյուսելյան ձևաչափը՝ մի շարք պատճառներով: Նախ, այնտեղ տեղ էին գտնում Լեռնային Ղարաբաղի հետ կապված արտահայտություններ, որոնք չէին արտացոլում հակամարտության էությունը, ավելին՝ խեղաթյուրում էին այն: Բացի այդ, Միշելի միջնորդությունը որևէ էական արդյունք չբերեց: Եթե հիշեք, օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Միշելի միջնորդությամբ: Դրանից ընդամենը 13 օր անց Ադրբեջանը հարձակվեց ՀՀ-ի վրա: Մենք չունեցանք որևէ դատապարտող արձագանք ԵՄ-ից: Պատճառները տարբեր են, բայց պատճառներից մեկն էլ այն է, որ ԵՄ-ի համար Ադրբեջանը դարձել է «հուսալի գործընկեր» գազային մատակարարումների հետ կապված: Այստեղ աբսուրդն այն է, որ նույն Ադրբեջանը գնում է ռուսական գազ և դա վաճառում ԵՄ-ին: Գազպրոմի և ՍՈՔԱՐ-ի վերջին պայմանագիրը դրա վառ ապացույցն է: Ու այս անհեթեթությունը ԵՄ պաշտոնյաներն անվանում են ռուսական գազից հրաժարում կամ դիվերսիֆիկացում: Արդյունքում բոլորը վճարում են Ադրբեջանին որպես միջնորդ, Ադրբեջանն էլ զինվում է մեր դեմ՝ որպես ագրեսոր: Միտքս այն է, որ զուտ բրյուսելյան միջնորդությունը որևէ օգուտ չի բերել, նույնիսկ խնդիրներ է առաջ քաշել, դրա համար Փաշինյանը ուշացումով հասկացել է, որ կարևոր է ԵԱՀԿ ՄԽ անդամ պետության՝ Ֆրանսիայի ներկայությունը:

- Ո՞րն է դրա նպատակը:

- Նպատակն այն է, որ հանդիպումը օգուտ տա: Օրինակ՝ Պրահայի հանդիպումից հետո ԵՄ դիտորդները ժամանեցին Հայաստան: Իհարկե, նրանց արդյունավետության մասին գնահատականներ կարող ենք հնչեցնել ապագայում՝ տեսնելով, թե արդյոք զեկույցներն ունենում են ազդեցություն որոշում կայացնողների վրա: Բայց փաստը մնում է փաստ, որ նրանց ներկայությունը ժամանակավորապես զսպել է Բաքվին: Թեև այս փուլում արդեն ակնհայտ է, որ Բաքուն գնում է նոր լարվածության, առնվազն փորձում է դա անել: Մի հանգամանք էլ նշեմ, որն, ըստ իս, ևս կարևոր է: Բրյուսելը կամ նույն ԵՄ-ն չունեն ինստիտուցիոնալ հիշողություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչը առկա է ԵԱՀԿ ՄԽ անդամ բոլոր երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի մոտ: Ուստի Ֆրանսիայի ներկայությունն այդ առումով ևս կարևոր է:

- Նախկինում որպես երրորդ կողմ ներգրավվել են Շառլ Միշելն ու Վլադիմիր Պուտինը: Այժմ ինչո՞ւ է Մակրոնի ներկայությունը պարտադիր համարում Փաշինյանը:

- Ես արդեն նշեցի, թե ինչ խնդիրներ է առաջ բերել Միշելի միջնորդությունը, այդ տրամաբանությամբ շարունակել չարժի: Ստացվում է նույն օգոստոսին հանդիպում են, մոտ երկու շաբաթ անց Ադրբեջանը հարձակվում է ՀՀ-ի վրա՝ պատճառում մարդկային ու տարածքային կորուստներ՝ մնալով անպատիժ: ԵՄ-ն անգամ հավուր պատշաճի Ալիևին ագրեսոր չի կոչում, փոխարենն ասում են՝ «հուսալի գործընկեր»: Դրա համար էլ կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետության՝ Ֆրանսիայի նախագահը որպես միջնորդ ներկա լինի հանդիպմանը: Դա կօգնի, որ հանդիպումը դառնա արդյունավետ:

- Չեղարկված հանդիպումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

- Ինչպես նշեցի, Ալիևը պարզ տեքստով խոսում է ագրեսիայի գնալու իր մտադրությունների մասին: Ընդ որում՝ և՛ Լաչինի միջանցքի ուղղությամբ, և՛ ՀՀ-ի՝ մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի ու Ջերմուկի: Նրանք ակնհայտորեն լարում են իրավիճակը: Մեզ համար կարևոր է դա զսպել: Ըստ իս՝ այսպես թե այնպես դա Միշելի միջնորդությամբ չի զսպվելու: Օգոստոսի 31-ի հանդիպումը ու դրան հաջորդած ագրեսիան գալիս է փաստելու իմ ասածը: Մենք պետք է ինտենսիվ աշխատենք ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ՝ փորձելով կանխել հետագա գործողությունները: Երեկ նաև նկատեցի, որ ԱԳՆ մամլո խոսնակը նշել էր, որ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին ԱԳ նախարարների մակարդակով անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները, բայց այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։ Իսկ Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ ՀՀ-ն չի ուզում որևէ բան ստորագրել՝ փորձելով դա դարձնել առիթ նոր ագրեսիայի համար: Իրականում ստացվում է՝ Ադրբեջանն է տորպեդահարում գործընթացը, որպեսզի հարցերը փորձի լուծել ռազմական ճանապարհով: Այս իրավիճակում մեզ պետք է փաստերով խոսել ու քննարկել այս ամենը այն միջնորդների հետ, որոնք ունակ են զսպել Բաքվի ագրեսիան: Բայց, երկարաժամկետ առումով, մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն է, զինված ու պատրաստված հանրությունը, որն ունակ է դիմադրել: Եթե մենք այդ տրամաբանությամբ աշխատենք, վստահեցնում եմ Բաքուն իրեն շատ ավելի զգուշավոր կպահի: