Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններով զբաղվում է ոստիկանությունը

Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններով զբաղվում է ոստիկանությունը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է․

«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:

Հիշեցնենք, որ մենք  գրել էինք՝  երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր: Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո: