Մարուքյանի առաջարկը զայրացրել է «Իմքայլականներին»

Մարուքյանի առաջարկը զայրացրել է «Իմքայլականներին»

Շատերը նկատեցին, որ Ազգային Ժողովի անցնող  քառօրյայի ընթացքում իշխող ֆրակցիան փորձում էր արհեստական ակտիվություն դրսեւորել՝ չնայած այն հանգամանքին, որ քառօրյայում հույժ հրատապ եւ երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից բխող նախագծեր չկային ընդգրված: Բանն այն է, որ Լուսավոր Հայաստանի ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը բուռն քննարկման է արժանացել «Իմ Քայլը» ֆրակցիայում եւ եղել են պատգամավորներ, որոնք կողմ են եղել ԱԺ աշխատանքները դադարեցնելու եւ սեղմ կազմով գործունեություն ծավալելու ընդդիմադիր գործընկերոջ առաջարկին: Սակայն ֆրակցիայի «ասիչներին» զայրացրել է Մարուքյանի պահվածքը, որ այդ առաջարկն արել է ոչ թե մեկ օր առաջ տեղի ունեցած խորհրդի նիստում, այլ հրապարակային՝  ԱԺ լիագումար նիստի ընթացքում:

Դրա համար էլ որոշել են արհեստական ակտիվությամբ ցույց տալ, որ լավ էլ կարեւոր նախագծեր են քննարկում ու անթույլատրելի է աշխատանքները դադարեցնելը: Ընդդիմությանը պատին ծեփելու գործի առաջամարտիկը եղել է Ռուբեն Ռուբինյանը, ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել ֆրակցիայի «չաթը», որտեղ երեւում է, թե ինչպես է Ռուբինյանը կտրուկ արձագանքում պատգամավոր Արմեն Փամբուխչյանի դիտարկմանը, թե՝ «Պետք չէր թռնել Էդմոնի դեմքին, անմեղի մեջ առաջարկ էր», եւ Ռուբինյանի պատասխանը․ «Անմեղի մեջ չէր, էդքան անմեղ էր, թող երեկ ասեր»: