2.36 միլիարդ եվրոյի նախընտրական «փուչիկը» կփրկի՞ Փաշինյանին

2.36 միլիարդ եվրոյի նախընտրական «փուչիկը» կփրկի՞ Փաշինյանին

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը իր սոցհարթակներից մեկում հրապարակում է արել Երևանում կառուցվող «Ինժիներական քաղաքի» շինարարության մասին: Գրել է, որ ուրախ է տեսնել Ինժեներական քաղաքի շինարարության առաջընթացը, մասնավոր հատվածի զարգացումը, նորարարությունը և ձեռներեցությունը ԵՄ-ի համար առաջնահերթություն են։

«Հայաստանի տնտեսական և ներդրումային ծրագրի միջոցով մենք նախատեսում ենք մոբիլիզացնել 2.36 միլիարդ եվրո՝ տնտեսական դիվերսիֆիկացմանը, կայուն զարգացմանը և տնտեսական աճին աջակցելու համար»,-գրել է Մարագոսը:
Նման մի հայտարարությամբ, հիշեցնենք, Եվրամիությունը հանդես էր եկել 2021թ թվականի ընտրություններից առաջ, երբ խոստացել էին € 2.5 միլիարդ եվրո տրամադրել Հայաստանին, սակայն այդ գումարներն այդպես էլ Հայաստան չհասան: Հիշեցնենք, որ իշխանությունն արդեն ամբողջ եռանդով նախընտրական քարոզարշավ է իրակաանցնում եւ հիմա խնդիր ունեն նորից խաբելու ժողովրդին` խոստանալով խաղաղություն, դրամաշնորհներ, վիզաների ազատականացում եւ այլ մանր ու մեծ բաներ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինչպես այն ժամանակ ասացին, որ երկու եւ կես միլիարդ եվրո ներդրում են անելու և իշխող քաղաքական ուժի օգտին ծառայեց դա որպես նախընտրական ՓԻԱՐ քայլ, նույնը կրկնվում է:

«Այն ժամանակ դա ինչ-որ չափով դերակատարություն ունեցավ: Հիմա նույնն են ասում, որ տեսեք` ներդրումներ ենք անելու, հասկանալով, որ Գյումրիում, Փարաքարում և մնացած այլ վայրերում իշխանության վարկանիշը կտրուկ ընկել է և  հավանականությունը` տապալվելու շատ ավելի մեծ է, քան գիտակցում են ՔՊ-ականները, որ մյուս տարի իրենք, եթե նույնիսկ թիվ մեկ խմբակցությունը լինեն, վարչապետի փոփոխություն է լինելու, ինչը ձեռնտու չի Եվրամիության ղեկավարությանը: Հետևաբար, նրանք սկսում են փողի ՓԻԱՐ ակցիան, որը նույն պատմությունն է կրկնում, ուղղակի այս անգամ դա չի աշխատի»,-ասաց Բադալյանը:

Մեր դիտարկմանը, որ շատերը վստահ են, որ անկախ հանրության տրամադրություններից ու ստացած քվեներից՝ Փաշինյանը «կհաղթի», Բադալյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 2021 թվականի ընտրություններից հետո, եթե դա անվանենք հաղթանակ, ինչը բավականին վիճելի է, դրանից հետո ընտրությունների զգալի մասում պարտվել է, բացի այդ սոցիոլոգիական փակ հարցումներում առաջին տեղում է, բայց չի հաղթում, երրորդ հանգամանքն այն է, որ Փաշինյանի ու իր թիմի դեմ լուրջ պայքար չի գնացել, չորրորդ` այն ժամանակ նրանք ԱՄՆ-ի նման հզոր քաղաքական տանիք ունեին, հիմա այդ տանիքը չկա: Հինգերորդ, Եվրամիությունն այն ժամանակ կենտրոնացած էր ռուսական կողմի դուրս մղման վրա, հիմա Ուկրաինայի խնդիրը կա, հիմա իրենց ուղղվածությունը Ուկրաինան է: Ռուսաստանը տարված էր Ուկրաինայով և լուրջ հետաքրքրություններ այստեղ չուներ, իսկ հիմա շատ լուրջ հետաքրքրություն ունի, փոխվել են այն գործիչները, որոնք զբաղվում են Ռուսաստանի ազդեցությունը վերականգնելու հարցում, այդ թվում նաև Հայաստանում: Եվ այդ նոր գործիչներն իրենց ձեռքի տակին ունեն բավականին զարգացած գործիքակազմ, լավ աշխատում են և բավականին լավ տիրապետում են իրավիճակին»,-ասաց քաղտեխնոլոգը:

Այս բոլոր հանգամանքներին գումարվում են այլ գործոններ ևս՝ վարչապետի վարկանիշի անկում, 2021 թվականից հետո տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիա, տնտեսական հետընթաց և այլն: Այսինքն, բոլոր այս գործոնների հանրագումարը ապացուցում է, որ Եվրամիության կողմից իրագործվող այս ակցիան այլևս չի աշխատելու և ՔՊ-ի հաղթանակն այս պահի դրությամբ բացառվում է՝ կարծում է Բադալյանը:

«Եթե անգամ ինքը մեծամասնություն ունենա, ոնց որ ուներ Գյումրիում, չէ որ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններում մեծամասնություն էր, բայց քաղաքապետ ընտրվեց ուրիշ մարդ: Այսինքն, այդ մեխանիզմը կարող է աշխատել: Հիմա երբ ասեն հաղթել ենք՝ նկատի կունենան, որ Ազգային Ժողովում ունեն մեծամասնություն, թե վարչապետ՝ սա է տարբերությունը»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Հարցին, էլ ի՞նչ մեխանիզմներ կարող է գործադրել Եվրամիությունը՝ Փաշինյանին օգնելու համար, ասաց` փողի մասին խոստում, որն այլևս չի աշխատելու: