Գործի նյութերից կարևոր փաստաթղթեր են անհետացել

Գործի նյութերից կարևոր փաստաթղթեր են անհետացել

Իրավապաշտպան, «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը, ով 2021 թվականի նոյեմբերի 11-ին վրաերթի էր ենթարկվել Սայաթ-Նովա-Խանջյան-Թումանյան հատվածում, ահազանգում է՝ իրեն վրաերթի ենթարկելու մասին նյութերի միջից անհետացել են բժշկական հետազոտությունների փաստաթղթերը:

«Դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել բժշկական փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ, և իրականացվել է թերի փորձաքննություն»- ասում է եզդի իրավապաշտպանը:

«Ո՞վ կարող է ասել փաստաթղթերի անհետացման պատճառն ու դրանց գտնվելու վայրը»- հռետորական հարց է հնչեցնում Այսեր Իսայանը, մի կողմից էլ՝ չբացառելով, որ փաստաթղթերն անհետացել են հետաքննիչի ձեռքով: «Հետաքննիչը հիմք ընդունելով սոսկ Արմավիր բ/կ-ի ռենտգեն հետազոտությունը, մարմնական վնասվածքներս որակել է որպես թեթև՝ առողջությանս կարճաժամկետ վնաս պատճառող, և այդ հիմքով մերժել է քրեական գործի հարուցումը: Իսկ դուպլեքս և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի /ՄՌՏ/ հետազոտության արդյունքները տակով է արել, որ քրեական գործի հարուցումը մերժելու ծանրակշիռ հիմք ունենա: Փաստորեն, ըստ հետաքննիչի սարքած նյութերի՝ ես թեթև վնասված եմ ստացել և 6-21 օրվա ընթացքում կապաքինվեմ: Բայց ի՞նչ ապաքինման մասին է խոսքը, երբ երեք ամիս է՝ կիսաանկողնային վիճակում եմ»:

Հիշեցնենք՝ ՃՏՊ-ի հետևանքով Այսեր Իսայանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում: 

Նախորդ տարվա նոյեմբերին մենք այս դեպքին անդրադարձել էինք: Կատարվածի մեջ Իսայանն այդ ժամանակ դիտավորություն չէր տեսնում, և դեպքն էլ չէր կապում իր մասնագիտական գործունեության հետ: Թեև ընկերները խորհուրդ էին տվել ենթադրությունների մեջ առաջ չընկնել, ինքը վստահ էր՝ վրաերթը կանխամտածված չէր: Իսկ հիմա, երբ պարզել է, որ նյութերից անհետացել է առողջության մասին երկու կարևոր փաստաթուղթ, հասկացել է՝ ընկերները ճիշտ էին, չարժեր շտապել:

«Փաստաբանիս միջոցով իմացա, որ դուպլեքս և ՄՌՏ հետազոտության արդյունքները չկան: Ըստ դրանց՝ բավականին լուրջ առողջական խնդիրներ եմ «շալակել», որոնցից ազատվելու միակ տարբերակը վիրահատությունն է: Բայց հիմա ինձ ամենաշատը հուզում է այն, որ վրաերթը գուցեև ակամա չէր, ինչպես նախկինում կարծում էի, այլապես ինչպե՞ս կարող էին գործից կարևոր փաստաթղթեր անհետանալ»:

Թեթև մարմնական վնասվածք պատճառելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մեջ հետքաննիչին մեղադրող Իսայանը զայրացած է հետաքննիչի՝ գործի նկատմամբ  ոչ պրոֆեսիոնալ ու կամայական մոտեցումից: Ասում է՝ դեպքի միակ վկային՝ վարորդի կողքը նստած ուղևորին, չի հարցաքննել: «Հարցնում եմ՝ ինչու՞ չես հարցաքննել, գուցե այնպիսի բան ասի, որ նոր հանգամանքնե՞ր ի հայտ գան, պատասխանում է՝ նպատակահարմար չեմ գտել: Ինչու՞, որովհետև կարևոր պաշտոնյա՞ է, հեղինակություն ու մեծ կապե՞ր ունի…»:

Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը տուժող Իսայանը չի ստացել: Վերջինս բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն, ոստիկանություն, ՄԻՊ, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան՝ հանցագործության սխեման բացահայտելու, բժշկական փաստաթղթերի անհետացման հանգամանքները պարզելու և պատվիրատուներին ի հայտ բերելու պահանջով: