Ավտոբուս նստած քաղաքացիների կեսից ավելին չի վճարել

Ավտոբուս նստած քաղաքացիների կեսից ավելին չի վճարել

Երեւանի ավտոբուսներից հավաքագրվող գումարների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանը տվյալներ չի հրապարակում։ Օրեր առաջ ամեն օր թվեր էին հրապարակում, հիմա ասում են` գրավոր հարցում ուղարկեք: Նույն պատասխանը տվեցին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ից։ Մինչդեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ անցում կատարվեց միասնական տոմսային համակարգին, Տիգրան Ավինյանի խոսնակն ամեն օր պարտաճանաչ կերպով թվեր էր ներկայացնում, թե այսօր 30 միլիոն ենք հավաքագրել` 7 միլիոնով ավելի շատ, քան մինչ համակարգին անցնելը, եւ այդպես շարունակ։ Իսկ այժմ, երբ փետրվարի 1-ից ուղետոմսի գինը սահմանվեց 150 դրամ, եւ սկսվեց բոյկոտի մեծ ալիք, ո՛չ խոսնակի կողմից, ո՛չ ավագանու ՔՊ-ական ֆրակցիայի ղեկավար Արմեն Գալջյանի, որը եւս «թվեր» էր տարածում, մեկ թիվ անգամ չի հրապարակվում, ինչը խոսում է այն մասին, որ հավաքագրված գումարը բավականին քիչ է` չեն ուզում բոյկոտողներին ուրախացնել եւ բոյկոտը խթանել։

Երեկվա գործակարգավարական նիստի ժամանակ էլ Տիգրան Ավինյանը խուսափեց հստակ ներկայացնել, թե որքան գումար է հավաքագրվել։ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը կարծում է՝ դա փաստում է, որ բոյկոտը հաջողվել է․

«Գործակարգավարական նիստի ժամանակ, որպես հաշվետու ժամանակահատված, իրենք ներկայացնում էին հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածը եւ ասում ուղեւորությունների թիվը, թե քանի ուղեւոր է նստել, այսինքն` նկատի ունեն, թե քանի հոգի է վճարել։ Նշածս մեկ շաբաթվա ընթացքում հավաքագրվել էր 1 միլիոն 442 հազար ուղեւորություն, եթե դա բաժանում ենք մեկ շաբաթվա վրա, ստացվում է՝ օրական 206 հազար ուղեւորություն։ Որպեսզի հասկանանք՝ խնդիրը որտեղ է, ոնց ենք մենք վստահ, որ բոյկոտը հաջողել է, ասեմ. փաստարկն այն է, որ ավագանու նիստի ժամանակ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի գծով պատասխանատուն է, օրական ուղեւորությունների թվերը վերցրել է 2014 թվի՝ նախորդ իշխանությունների կողմից պատվիրակված միջազգային կազմակերպության անալիզն ու հաշվարկը, որը ցույց էր տալիս, որ Երեւանում օրական վերգետնյա տրանսպորտից օգտվում է մոտ 550 հազար հոգի։ Մեկ այլ տեղեկատվություն կա, որը պաշտոնական է եւ 2019 թվականի․ ըստ այդ տեղեկատվության՝ իրենք օրական ունեցել են 485 հազար ուղեւորություն, իսկ այժմ, ինչպես նշեցի, օրական ֆիքսել են 206 հազար ուղեւորություն, այսինքն՝  206 հազար հոգի է վճարել, իսկ ուղեւորությունները շատ են։ Վերցնենք միջին թիվ ուղեւորության՝ կես միլիոն, ստացվում է, որ կեսից ավելին նստել է եւ չի վճարել»։ Ավագանու անդամը նշում է՝ այստեղ կա 2 տարբերակ․ «Կա՛մ 500 հազար ուղեւորություն ունեցող քաղաքային իշխանությունը հավաքագրել է կեսից քիչը նույնիսկ, այսինքն՝ մարդկանց մեծ մասը չի վճարել, կա՛մ էլ, եթե էդպես չէ, իրենք պնդում են, որ Երեւանում սկսել է տրանսպորտից օգտվել 2 անգամ ավելի քիչ մարդ, քան 5 կամ 10 տարի առաջ»։