Եթե այս անգամ չենք հաղթել, ուրեմն՝ պատերազմը դեռ ավարտված չէ. արցախցի երիտասարդներ 

Եթե այս անգամ չենք հաղթել, ուրեմն՝ պատերազմը դեռ ավարտված չէ. արցախցի երիտասարդներ 

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը «Տարածաշրջանային զարգացումների տնտեսական հետևանքները» թեմայով կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, պետական հատվածում աշխատող տնտեսագետներ: Մասնակիցների մեջ էր նաև ՀՀ-ից հրավիրված դոցենտ Սուրեն Պարսյանը: Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են աշխարհաքաղաքական առկա և սպասվող մարտահրավերները, նախանշվել են դրանց դիմագրավելու ուղիները։

Արցախի առաջ ծառացած հարցերի շուրջ զրուցեցինք վերոնշված միջոցառման մի քանի մասնակիցների հետ: 

Արցախում պարենային անվտանգության ապահովման հարցի վերաբերյալ մեզ հետ զրույցում Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը նշեց. «Գյուղատնտեսությունն ու նրա զարգացումը պարենային անվտանգության հիմնական աղբյուրն է, ուստի անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսությունը: Խոսելով գյուղատնտեսության զարգացման մասին՝ չի կարելի անտեսել գյուղատնտեսական հողերի արդյունավետ ու նպատակային օգտագործման կարևորությունը:

Արցախի գյուղատնտեսակն հողերի մեծ մասը պատերազմից հետո մնացել է թշնամու բռնազավթման տակ: Սակայն պետք է նշել, որ մի շարք այլ հանգամանքներ էլ կան, որ խոչընդոտում են առկա գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանը, օրինակ՝ վարելահողերի մեծ մասն իր նպատակային նշանակությամբ չի օգտագործվում: Պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի հենց այդ խնդիրների վերացմանն ու լուծմանը: Անհրաժեշտ է ստեղծել սննդի կայուն համակարգ, ապահովել բոլորի համար սննդարար ու անվտանգ սննդամթերքի հասանելիությունը՝ շարժվելով դեպի կայուն սպառման մոդելներ և ավելացնել էկոլոգիապես մաքուր արտադրությունը»:
Հարցին, թե այժմ ի՞նչ տնտեսական ռիսկերի առաջ է կանգնած Արցախը, ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Քրիստինե Կարպետյանը պատասխանեց. «Ռուսաստանի տնտեսական վիճակը չի կարող չազդել մեզ վրա: Ռուբլու արժեզրկման արդյունքում Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերների գնողունականությունը նվազելու է ու սա ազդելու է մեր բնակչության եկմուտների ու գնողունակության վրա: Պետք է նաև հաշվի առնել, որ Արցախում այսօր կան ռուս խաղաղապահներ, որոնք օգտագործում են ռուսական արժույթը: Տնտեսական ռիսկերից կարող է հանդիսանալ նաև արտահանումների կրճատումը, որը նույնպես կարող է լինել ռուսական արժույթի արժեզրկման հետևանք: Իսկ տնտեսական տատանումների արդյունքները տեսանելի կլինեն ավելի ուշ»:

ԱրՊՀ  ուսանողուհի Մերի Գաբրիելյանն էլ ասաց. «Դարերի ընթացում մեր ժողովրդի փորձառությունը ցույց է տվել, որ մենք նույնիսկ անհնարին թվացող հաղթանակների կարող ենք հասնել միայն միասնական լինելով: Սա մեր ժողովրդի պայքարն է և որքան էլ որ ցանկանան կոտրել մեզ՝ չի ստացվելու: Մեր կամքը անկոտրում է: Հայը միշտ պատերազմից հաղթականած է դուրս եկել ու եթե այս անգամ չենք հաղթել, ուրեմն՝ պատերազմը դեռ ավարտված չէ»:

Զրուցեցինք նաև միջոցառման մասնակից Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ: «Այսօր Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդն ամեն կերպ խոչընդոտներ է ստեղծում սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների համար։ Խնդիրներ կան կապված գյուղտեխնիկայի աշխատանքների հետ, օրինակ՝ հաճախակի տեղեկանում ենք, որ որևէ գյուղում թշնամու զինված ուժերը կրակահերթեր են արձակել գյուղտեխնիկայի ուղղությամբ։ Նման պայմաններում բնականաբար չի կարող լինել ոչ մի դրական կանխատեսում», ասաց նա:
Արշակ Աբրահամյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է վերաբերվում վերջերս ՀՀ վարչապետի և իշխանական պատգամավորների կողմից Արցախի կարգավիճակի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին՝ մասնավորապես Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը և Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունենալու կամ Արցախի ժողովրդի անվտանգությունը Ադրբեջանի կազմում երաշխավորված լինելու ՀՀ որոշ իշխանական պատգամավորների տեսակետների վերաբերյալ: «Նախ պետք է ՀՀ վարչապետը հստակ բացատրի, թե՝ «նշաձողի իջեցում» ասելով ինչ նկատի ունի։ Արցախը շատ հստակ ձևակերպել է կարմիր գծերը, այն է` երբևէ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Միանգամայն հասկանալի է, որ ՀՀ և ԱՀ  իշխանությունների դիրքորոշումները չեն համընկնում արցախյան հիմնահարցի լուծման շուրջ։ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ այսպես ասած Ադրբեջանի կազմում ցանկացած ինքնավարություն չի կարող պաշտպանել Արցախի ազգաբնակչությանը Բաքվի վարչական գերակայումից։ Ադրբեջանը ամեն ինչ անելու է Արցախի էթնիկ կազմը փոխելու համար, իսկ Արցախի ժողովուրդը դատապարտված է լինելու տեղահանման և ցեղասպանության։ Պետք է նաև հստակ ընդգծել, որ Արցախում չի կարող լինել հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցում`քանի որ առկա է էթնիկ անհամատեղելիություն»,- նշեց Ա.Աբրահամյանը :