Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար 

Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով: 

Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող   «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

Թրեյնինգի մասնակիցները օրգանական գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ նոր գիտելիքներ ձեռք բերեցին այնպիսի թեմաների մասին, որոնց կյանքի կոչելը հայաստանյան բազմաթիվ գյուղական համայնքների  առօրյայի մի մասը կարող են դառնալ: Գիտելիքներ տրամադրվեց օրգանական մթերքի վերամշակման, փաթեթավորման և պահպանման, օրգանական մեղր, թեյ և խոտաբույսեր արտադրելու նրբությունների ու հեռանկարների մասին: 
Ոլորտային մասնագետները հատուկ շեշտադրմամբ ներկայացրին հետևյալ թեմաները՝

    • Օրգանական մթերքի վերամշակում,
    • Օրգանական մթերքի սերտիֆիկացում,
    • Օրգանական մթերքի պահպանում,
    • Օրգանական մթերքի փաթեթավորում,
    • Վայրի հավաքի և բուսական թեյերի զրոն,
    • Օրգանական բուսահումքի մթերման գործընթացը,
    • Օրգանական վայրի հավաքի իրականացման հիմնական սկզբունքները, 
    • Մթերման անձնակազմ,
    • Հավաքի ժամանակահատվածի  որոշում,
    • Հումքի հավաք,
    • Թունավորման ախտանիշները,
    • Հումքի առաջնային մշակում,
    • Օրգանական մեղրի հավաստագրման ստանդարտները, 
    • Բուժանյութեր, տարածքների ընտրություն, պարագաներ,
    • Օրգանական մթերքի շուկայահանում։ Ինչպե՞ս դիվերսիֆիկացնել օրգանական մեղրը,
    • Օրգանական մթերքի վաճառք, մարկետինգ:

 «Մեր նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելն է, ոլորտի արտադրողներին օժանդակելը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համատեղ աջակցությամբ օրգանական մթերք արտադրողները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել օրգանական սնունդ արտադրողի հավաստագիր և անհամեմատ մեծացնել արտահանման հեռանկարները:  Իսկ այսպիսի սեմինար-թրեյնինգների միջոցով մենք մեր շահառուներին տրամադրում ենք նոր գիտելիքներ, որոնց շնորհիվ նրանք կկարողանան մեծացնել իրենց հմտություններն օրգանական մթերքի արտադրության ոլորտում»,- իր խոսքում նշել է NABU-Հայաստանի տնօրեն Նարեկ Գրիգորյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությունը մեկնարկել է 2015 թվականին՝ «Oրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում: