Արբանյակի վրա 8 միլիոն մսխողը «Հրապարակին» է մեղադրում այդ մասին գրելու համար

Արբանյակի վրա 8 միլիոն մսխողը «Հրապարակին» է մեղադրում այդ մասին գրելու համար


ԲՏԱ նախարարի պաշտոնը զբաղեցնող, կառավարության ամենաերիտասարդ ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը խիստ հուզվել էր մեր հրապարակումից, որտեղ ներկայացրել էինք ՔՊ-ի փակ նիստում իր հրապարակած աղմկոտ բացահայտումները։ Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ կուսակցական հավաքին ԲՏԱ նախարարը մանրամասն պատմել է, թե ինչ վատ ծրագիր են մշակել իր նախորդ նախարարները հայկական արբանյակ տիեզերք ուղարկելու հետ կապված, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է վատնվել՝ «մսխվել», իշխանության հերթական փիառ ծրագրի համար։

Հայրապետյանն անգամ խոստովանել էր, որ այդ արբանյակը 2 ամսից կընկնի, կա նաեւ նախաձեռնված քրեական վարույթ։ Երեկ ԱԺ-ում լրագրողները նրան հարցեր են տվել մեր հրապարակման մասին, նախարարը բուն հարցերին պատասխանելու փոխարեն թիրախավորել է մեր լրագրողին, ռազբորկա սարքել տեսախցիկների առաջ եւ հաշիվ պահանջել լրագրողից, թե ձեր գրածի համար պետք է պատասխան տաք։ Լրագրողը պահանջել է, որ նա ուղիղ ասի` հաջողվե՞լ է արդյոք այդ ծրագիրը, եթե այո, ապա ինչ օգուտ է ստացել պետությանը։ Սակայն Հայրապետյանը հրաժարվել է մեր լրագրողի հարցերին պատասխանել: Փոխարենը` մյուս լրագրողների հարցերին պատասխանելիս բառացիորեն հաստատել է մեր գրածը:

Հայտարարել է՝ «ArmSat-1»-ը տիեզերք ուղարկելով՝ ի սկզբանե խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծելու. « 8 միլիոն դոլարի ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի։ Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ՝ կոնկրետ լուծաչափերով, դրանք չեն կարող լինել աշխարհի մյուս արբանյակների նման որակ ապահովող լուսանկարներ, բայց ի սկզբանե մենք նմանօրինակ խնդիր չենք էլ դրել»։ Ասել է նաեւ՝ «Նման գնահատական, որ երկու ամսից կարող է արբանյակն ընկնել, մենք չունենք, բայց մի օր ընկնելու է, ինչպես բոլոր արբանյակները»:

Մեր ճշտող հարցին՝ 8 մլն դոլարով անորակ լուսանկարներ ապահովելուց բացի՝ ի՞նչ օգուտ է տվել այդ արբանյակը, չէ որ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում էր, թե անվտանգային լուրջ խնդիրներ է լուծելու հայկական արբանյակը, նախարարը չի պատասխանել բուն հարցին։ Սա ՔՊ-ական իշխանություններին հատուկ գործելաոճ է. պետբյուջեից միլիոններ ծախսելով ինչ որ անհեթեթ ծրագիր իրականացնել, դրա մեկնարկին տեղեկատվական գրոհ եւ լայնածավալ գովազդ իրականացնել, թե` դարի նախագիծը կամ հայտնագործությունն են արել, ինչպես չթռչող «ՍՈւ»-երի դեպքում արեցին: Իսկ տարիներ անց, երբ պարզվի, որ դա հերթական «փուչիկն» է եղել եւ պետությանը մեծ վնասներ են հասցվել` ծածկադմփոց անել, մեղքը տարածել բազում մարդկանց վրա, արդարացումներ գտնել եւ լրագրողներին մեղադրել` այդ ամենի մասին գրելու համար։