«Փաստ». Արտադրողները կարող են սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել

«Փաստ». Արտադրողները կարող են սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30% -ից եւ սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը եւս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը:

Մեր տեղեկություններով, սուպերմարկետների ցանցերի կողմից արտադրողների հանդեպ սկսված ճնշումները նոր թափ են ստանում, որին ի պատասխան, արտադրողները որոշել են իրենց հերթին քայլեր ձեռնարկել:

Մսամթերք արտադրող մի շարք ընկերություններից մեզ տեղեկացրեցին, որ նման պահանջ իսկապես կա «Երեւան Սիթի», «Զովք», «ՍԱՍ», «Ծիրան», «Արեւ», «Էվրիկա» եւ այլ սուպերմարկետների ցանցերի կողմից, ինչը ընդունելի չի կարող լինել իրենց համար:

Ցավոք, առայժմ ոչ մի արձագանք չկա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Եվ այս պայմաններում, մեր տեղեկություններով, արտադրողները որոշել են միավորել իրենց ուժերը՝ հարցին արդարացի լուծում տալու համար:

Մասնավորաբար, եթե քայլեր չձեռնարկեն վերը նշված փաստերն ուսումնասիրելու եւ անբարեխիղճ մրցակցային պայմանները վերացնելու ուղղությամբ, ապա բոլոր ընկերությունները ստիպված կլինեն ծայրահեղ քայլեր ձեռնարկել, սուպերմարկետներին բոյկոտ հայտարարել, գուցե նաեւ միահամուռ անժամկետ գործադուլ հայտարարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում