Ֆրանսիական հեռուստատեսությունը 44օրյա պատերազմում ադրբեջանական վանդալիզմը գովերգող ֆիլմ է նկարահանել

Ֆրանսիական հեռուստատեսությունը 44օրյա պատերազմում ադրբեջանական վանդալիզմը գովերգող ֆիլմ է նկարահանել

Hraparak.am-ը զրուցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Դուք վերջերս եք վերադարձել Փարիզից, ի՞նչ առաքելությամբ էիք այնտեղ:

-Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում՝ իմ ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ հանդիպումներ եմ ունեցել տարբեր պաշտոնյաների հետ: Օրակարգը մեկն էր՝ կանխել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացի դեկլարատիվ հայտարարություններից, որևէ այլ առարկայական քայլի դիմելու պատրաստակամություն չտեսա: Ամեն դեպքում ֆրանսիացի պատգամավոր իմ գործընկերները շարունակելու են հետևողական լինել: Հենց այդ օրերին Փարիզում Ադրբեջանի մշակութային կենտրոն կոչված մի «ախոռ», որովհետև մի քիչ դժվար է պատկերացնել քոչվորների մշակութային կենտրոնը, կազմակերպել էր մի ֆիլմի ցուցադրություն՝ «Վերադարձ դեպի Ղարաբաղ»: Ինձ համար ամենացավալին այն էր, որ ֆիլմը նկարահանվել էր Ֆրանսիայի ամենահեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից: Ֆիլմի հովանավորը Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի օլիգարխներն էին: Ֆիլմը, եթե կարճ փորձեմ ձևակերպել՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական վանդալիզմի և ռազմական հանցագործությունների  արդարացումն ու գովերգումն էր: Եվ երբ հայ համայնքի և Ֆրանսիայում հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդները փորձեցին ֆիլմի ընթացքում մուտք գործել այդ մշակութային կենտրոն՝ խանգարելու այդ մշակութային վանդալիզմի ցուցադրումը, որոշակի ընդհարում եղավ: Ամենազարհուրելին այն էր, որ Ադրբեջանից ծնկաչոք խաղաղություն մուրացող Հայաստանի իշխանությանը պատասխանեց Ադրբեջանի մշակութային կենտրոնի աշխատակից մի կին՝ ասելով․ «ինչ-որ արել ենք, ճիշտ ենք արել և ցավում ենք, որ չենք կարողացել ավելի շատ հայ սպանել»: Սա է Ադրբեջանի հետ մեր ծնկաչոք խաղաղության օրակարգի շրջանակներում ադրբեջանական պատասխանը: Հայ հեղափոխական դաշնակցության տղաներից մեկի հանդեպ, որքան տեղեկացա, դեսպանությունը փորձում է քրեական գործ հարուցել: Բայց ես կարծում եմ, որ իրենք որևէ բանի չեն հասնի, որովհետև ակնհայտ էր, որ բռնության գործադրում չի եղել: Պարզապես տղաներն ուզում էին մուտք գործել և շատ ցիվիլ բացատրել, որ այն, ինչ դուք ցուցադրում եք՝ պատմության խեղաթյուրում է և դա ուղղակի աղավաղում է հայ մշակութային  ժառանգությունը: Սա իմ առաջին այցը չէր: Ես պարբերաբար հրավերներ եմ ունենում եվրոպական տարբեր կառույցների կողմից, այդ թվում նաև՝ Ռուսաստանից: Իմ օրակարգում Արցախի մշակութային ժառանգությունն է, ռազմագերիների հարցն է, տեղահանված արցախցիների հարց է: Առաջիկայում այց ունեմ Մոսկվա՝ էլի նույն օրակարգով: Ես իմ գործը որպես հասարակական կազմակերպության ղեկավար, որպես քաղաքական գործիչ անում եմ և անելու եմ իմ հնարավորությունների առավելագույնի շեմով:

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ ի՞նչ քննարկումներ են եղել Ֆրանսիա կատարած Ձեր այցի ժամանակ:

-Մինչ մենք այստեղ ոչինչ չենք անում, Ադրբեջանն արդեն հասցրել է այս ընթացքում հրատարակել եվրոպացի գիտնականների, մշակութաբանների ձեռամբ մի քանի հաստափոր գիրք, որտեղ Արցախի մշակութային ժառանգությունը ամբողջապես ներկայացվում է որպես աղվանական և ադրբեջանական մշակութային ժառանգություն: Հետևողականորեն ջնջվում են օկուպացված տարածքներից մեր եկեղեցիների, սրբավայրերի վրայից հայկականության հետքերը: Եվ երբ, որ ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին հարցրեցի, թե երբ են պատրաստվում դիտորդական առաքելությամբ մեկնել Արցախ, չէ՞ որ այնտեղ ամեն րոպե ջնջվում է հայկականության հետքը, ինձ ասացին, որ իրենք Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ են, և երբ որ ստանան Ադրբեջանի թույլտվությունն այն ժամանակ էլ կգնան Արցախ: Ես նրանց պատասխանեցի, որ այդ թույլտվությունը իրենք կստանան այն ժամանակ, երբ որ այնտեղ հայկականության որևէ հետք չի լինի: Ինչպես դա եղավ՝ Ջուղայում, երբ որ Ջուղան սարքեցին հրաձգարան, ավիրեցին վերջին խաչքարը՝ հետո նոր-նոր միայն տարբեր դիտորդական առաքելություններին, այդ թվում՝ Եվրոպական պառլամենտին Ադրբեջանը բարեհաճեց թույլ տալու այցելելու Ջուղա: