Այդ ռեպլիկից հետո վարչապետի ձեռքը պետք է բռնեին ու տանեին Ժամանակակից արվեստի թանգարան, հետո` ՆՓԱԿ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթին։ Այս առիթով Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ նկատել է, թե անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։ «Ու սա կապ ունի պետականության ու անկախության ընկալման այն պրոբլեմների հետ, որի մասին խոսում ենք։ Աշակերտներին խթանում ենք, որ գնան թանգարաններ, գնում են ու տեսնում շատ կարեւոր ժառանգություն, բայց անկախությունից հետո բաց է, վակուում է, ոչ մի բան չկա»,- նշել է նա ու ընդգծել, որ սա շատ լուրջ պրոբլեմ է, ու պետք է ֆոնդերը համալրել։ «Հայաստանի ազգային պատկերասրահում ժամանակակից նկարիչների մշտական ցուցահանդես չկա»,- դժգոհել է Փաշինյանը։
Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրային կառավարման փորձագետ, քանդակագործ Արթուր Գեւորգյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնել մի շատ կարեւոր հանգամանք, այն է` ՀՀ Ազգային պատկերասրահն ունի սահմանափակ տարածք. «Միայն գրաֆիկական աշխատանքների, էսքիզների եւ նմանատիպ թղթային աշխատանքների ծավալը, եթե չեմ սխալվում, 1 մլն-ից ավելի է: Եվ եթե Հայաստանի ազգային պատկերասրահի վերջին 37 տարիների գործունեությունը նայենք, ապա պարբերաբար ձեռք են բերվել ժամանակակից հայ, ինչպես նաեւ սփյուռքում ապրող նկարիչների ամենատարբեր ստեղծագործություններ, բայց դրանք ցուցադրելու համար պատկերասրահը պետք է ունենա տարածք: Չես կարող էքսպոզիցիան տարին մեկ քանդել եւ անել նոր ցուցադրություն, ինչ է թե՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է գալ ու տեսնել իրեն ծանոթ ինչ-որ նկարչի աշխատանքները: Ավելին` չես կարող նաեւ 3 տարին մեկ այդ հսկայածավալ աշխատանքն անել, որին ներգրավվում են մի քանի տասնյակ մարդիկ, այդ պրոցեսը երբեմն ենթադրում է ամիսներ ու տարիներ, քանի որ դա ժամանակատար, ռեսուրսատար աշխատանք է»:
Ինչ վերաբերում է նրան, որ անկախությունից հետո արվեստի դաշտում վակուում է, ապա. «Այդ ռեպլիկից հետո ՀՀ օրվա վարչապետի ձեռքը պետք է բռնեին ու տանեին Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ մշտական ցուցադրության են ներկայացված ժամանակակից ստեղծագործողներ, ցույց տային այն հսկայածավալ կապիտալը, որը հավաքել են լուսահոգի Հենրիկ Իգիթյանը եւ իրենից հետո եկած պատասխանատուները: Ի դեպ, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանն առաջինն է, որ բացվել է Խորհրդային Միության տարածքում եւ շնորհիվ նույն՝ Հենրիկ Իգիթյանի, ունի մի արտակարգ հավաքածու, որտեղ ոչ միայն հայ ստեղծագործողներ կան, այլեւ` այլազգի: ՀՀ օրվա վարչապետին պետք է տանեին նաեւ ՆՓԱԿ` ցույց տալու այսօրվա այլընտրանքային, ժամանակակից ստեղծագործողներին, ամենատարբեր հավաքածուները, որն ունի ՆՓԱԿ-ը, բայց Ազգային պատկերասրահն այն կառույցը չէ, որտեղ երկրի վարչապետը, ղեկավարը կարող է խմբագրումներ անել կամ ինչ-որ բան փոխել»։ Ա. Գեւորգյանն անդրադառնում է Փաշինյանի այն դիտարկմանը, որ անկախ Հայաստանի արվեստը թանգարաններում շատ քիչ է ներկայացված։
«Հետն էլ համեմում է, որ «իրական Հայաստանից» ոչ մի բան չկա, եւ ասում է` միայն խորհրդային ժամանակների ժառանգությունն է...: Ես ենթադրում եմ, որ մարդկության պատմության ունիկալ արվեստի մի ուղղություն այլեւս անտեսվելու է մեզանում, խոսքը սոցռեալիզմի եւ խորհրդային մշակույթի մասին է, որն ինչքան էլ գաղափարական էր, միեւնույն ժամանակ ուներ կատարման շատ բարձր որակներ եւ ստեղծել է աշխարհի պատմության մեջ եզակի ստեղծագործություններ: Ընդ որում, ՀՀ ազգային պատկերասրահն ունի բավականաչափ նմուշներ այդ տարիներից եւս: Այսինքն՝ կա՛մ այդ ամբողջը կհայտնվի մարգինալ գծից այս կողմ, կա՛մ, հատկապես այսօր, սոցռեալիզմով շատ հետաքրքրված են այսօրվա կոլեկցիոներները, օրինակ՝ Հարավային Ամերիկայում շատ մեծ ընդունելություն ունի սովետական արվեստը, եւ ֆանտաստիկ հզոր կոլեկցիոներներ կան ու պատրաստ են գումարներ ծախսել, գալ ու ձեռք բերել իքս արվեստագետի ստեղծագործությունը՝ խորհրդային ժամանակաշրջանից»,-ընդգծում է զրուցակիցս ու ուշադրություն հրավիրում մի կարեւոր հանգամանքի վրա։ «Այստեղ կա մեկ այլ կարեւոր հանգամանք եւս, երբ հատկապես աճուրդների մասին օրենք է ընդունվում, ու դրա հետ կապված՝ գնագոյացման մասին է խոսում ՀՀ օրվա ղեկավարը: Ու սա երեւի թե հենց դա էլ նշանակում է, որ ժամանակի ընթացքում այդ մարգինալ դաշտ դուրս բերված ու ֆոնդերում կուտակված սոցիալիստական շրջանի արվեստը գնալու է ինչ-որ մի ճանապարհով: Ամեն դեպքում, այն, ինչ հիմա կատարվում է ու հնչում է բարձրաձայն, ենթադրել է տալիս, որ այդպես է լինելու»,- մտավախություն է հայտնում քանդակագործը:
«Բայց այդ ստեղծագործողները, որոնք նաեւ ազգային թեմաներով են նկարել, նրանց զավակները կան եւ այդ ժառանգության իրավահաջորդն են: Ես գիտեմ, որ շատ լուրջ արձագանքի կարժանանա այն հանգամանքը, եթե հանկարծ որեւէ մի նկար պատից հանվի: Ավելին` դրա հիմքը նաեւ պետք է ունենալ: Իսկ եթե խնդիր կա՝ այսօրվա արվեստը ներկայացնել որեւիցե մեկին, դրա համար կա ժամանակակից արվեստի այլ կառույցներ կառուցելու եւ ֆոնդերի միջոցով այդ խնդիրը լուծելու տարբերակը, բայց Ազգային պատկերասրահին ձեռք տալ կամ ազգային մշակութային շտեմարաններին ձեռք տալ՝ կատեգորիկ չի կարելի: Այսօրվա ղեկավարը եկած օրվանից` 18թ․-ից, անընդհատ անդրադառնում է մեր Ազգային պատկերասրահին.... այստեղ կա լուրջ հարց` ինչո՞ւ... մեկ ասում է` պատկերասրահի աշխատանքները հանենք-տանենք, ցույց տանք գյուղերի երեխաներին... ոչ մեկը չի ասում, որ գյուղերի երեխաները չպետք է տեսնեն այդ աշխատանքները, հատկապես որ աբոնեմենտային տարբերակով տոմսերի հնարավորությունը տալիս է այդ առիթը: Մյուս կողմից՝ եթե մենք խոսում ենք մշակութային ժառանգության եւ արժեքային նիշերի ու գնագոյացման կանոնների մասին, ապա կոնկրետ պատկերասրահի հետ կապված, մինչեւ վաճառք ունենալը պիտի ունենալ կոնկրետ ստեղծագործության ապահովագրության անձնագիրը: Առանց դրա որեւիցե մի ստեղծագործություն որեւէ մի նորմալ աճուրդում չի կարելի իրականացնել: Ավելին ասեմ` այդ աճուրդային կենտրոնը եւ այն փորձագետները, որ կփորձեն գնահատել այդ ամբողջը, միեւնույն ժամանակ պետք է ունենան անկախ փորձագետների՝ կից ամրացված եզրակացություն, որովհետեւ, դիցուք, Բարսեղյան Բարսեղը կարող է ասել, որ, ենթադրենք, Մերկուրովի գծանկարն արժե այսքան, բայց դա աճուրդի ժամանակ վաճառվի շատ էժան կամ շատ թանկ, բայց պետք է իմանալ, թե դրա հաստատումը արտաքին փորձագիտական աղբյուրներից ով է արել, ունեցե՞լ են, թե՞ ոչ: Գոյություն ունի միջազգային պրակտիկա, որն ասում է հետեւյալը, որ դու, որպես երկիր, պետք է ունենաս մենաշնորհային կամ ապամենաշնորհային կառույցներ, որոնք քեզ կարող են տալ անկախ փորձագիտական եզրակացություն: Այդպիսի փորձագիտական կենտրոն Հայաստանն ունի, որը կարող է գնահատել ցանկացած մշակութային արժեք՝ սկսած հնաոճ իրերից մինչեւ նկարներ: Իսկ դրա հետ կապված՝ գոյություն ունի ընթացակարգ. պետությունը դիմում է փորձագիտական կենտրոնին եւ ստանում է փորձագիտական գնահատական, որն էլ հիմք է դառնում՝ այդ գնով այդ ապրանքը ձեռք բերելու համար: Հիմա, երբ խոսում ենք Ազգային պատկերասրահից, ապա աշխարհի բոլոր ազգային պատկերասրահներն ունեն իրենց առանձին գնահատողները` փորձագետները, ովքեր կարող են առաջարկել գին եւ հաստատել այդ արժեքը»:
Թանգարանի տնօրենի կարծիքով, եթե երկրի ղեկավարը նման հարցերով իսկապես մտահոգված է, ապա պետք է կանչեր թանգարանագետների, թանգարանների պատասխանատուների ու, նախարարի հետ համատեղ, խորհրդակցություն անցկացներ. «Ու հասկանային՝ այդ խնդիրն իրենց ուսերո՞վ է, կարո՞ղ են լուծել, ի՞նչ ժամկետներում, ու նոր գնային առաջ: Մի բան էլ ասեմ` 92-93թթ․, երբ մենք ծանր պատերազմի մեջ էինք, նախարարության չգիտեմ որ սենյակից մի կարծիք հնչեց, թե Ազգային պատկերասրահի նկարները բերեք վաճառենք, որ լուծենք մեր զինվելու խնդիրը: Սակայն այդ ժամանակ մշակութային բուհերի, Գեղարվեստի ինստիտուտի ուսանողները կատեգորիկ իրենց անհամաձայնությունը հայտնեցին, եւ այդ առաջարկն արժանացավ մեր լուրջ դիմադրությանը: Ես հանրությանը, իմ թանգարանագետ կոլեգաներին կոչ կանեի՝ ուշադիր լինել այս տեսակ խնդիրներին եւ իշխանություններին հասցնել մեր մասնագիտական տեսակետը, որպեսզի վաղը, մյուս օրը չունենանք անցանկալի իրականություն»:
Կարծիքներ