Եթե պետական արխիվի ֆոնդ է, ուրեմն կորած չէ, եթե կորած չէ, ապա ի՞նչն է առգրավվել

Եթե պետական արխիվի ֆոնդ է, ուրեմն կորած չէ, եթե կորած չէ, ապա ի՞նչն է առգրավվել

ՀՀ քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնակի մշակութային արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» գեղանկարը եւ Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարը. «2018-2019թթ. ընթացքում «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 121.380.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով մի շարք մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ եւ այլն,  ներառյալ՝ երկու մշակութային առանձնակի արժեք ներկայացնող՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող՝ 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայաստան» գեղանկարը եւ Հովհաննես Զարդարյանի վրձնին պատկանող՝ 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը»:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 3-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների մասով (գողություն, առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակություն, պաշտոնեական անփութություն):

Նախաքննության ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Մ. Սարյանի «Հայաստան» գեղանկարը եւ Հ. Զարդարյանի «Վերածնունդ» եռանկարի կենտրոնական մասը հնարավոր է գտնվեն ֆոնդապահոցներից մեկում: 2020թ. մայիսի 7-ին կատարված քննչական գործողության արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնակի արժեք ներկայացնող՝ Մ. Սարյանի վրձնին պատկանող «Հայաստան» գեղանկարի էսքիզը եւ Հ. Զարդարյանի վրձնին պատկանող «Վերածնունդ» եռանկարը:

Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանից հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է խոսքը, որ ֆոնդապահոցի մասին է եւ ինչպե՞ս կարող էր նկարը այնտեղ հայտնվել. «Անկեղծ ասած, հաղորդագրությունից ինձ համար անհասկանալի մնաց, թե դա ի՞նչ ֆոնդ է, եթե արխիվի ֆոնդ է, ապա հարց է ծագում`պետակա՞ն արխիվի ֆոնդ է, եթե պետական արխիվի ֆոնդ է, ուրեմն կորած չէ, եթե կորած չէ, ապա ի՞նչն է առգրավվել....»-ասում է Ռ. Սարյանն ու նկատում, որ գուցե նախաքննությամբ պայամանավորված առայժմ որոշ մանրամասներ չեն ուզում հրապարակել:     

«Սա 90-ական թվականների հետ կապված պատմություն է, որովհետեւ այն, ինչ գտնվել է եւ առգրավվել, Սարյանի` Առնո Բաբաջանյանի համերգադահլիճի աստիճանավանդակը զարդարող եռամաս վիտրաժի համար արված պաննոյի էսքիզն է, որը բաղկացած էր 3 մասից`ամեն մեկը 4.5 մ., հիմա գտնվել է միայն մի մասը: Հարց է ծագում`մյուս երկուսը որտե՞ղ են»,-ասում է Ռ. Սարյանն ու նկատում, որ այս եւ շատ այլ գործեր պահպանվում էին «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը հետո հանձնվեց ի պահ Ազգային պատկերասրահին. «Բայց մինչեւ պատկերասրահին հանձնվելը խայտառակ վիճակում է պահպանվել: Դեմիրճյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկի նկուղում էր պահվում այդ գործը, որտեղ կոյուղու ջրեր էին վազում, խոնավություն էր, ցուրտ, առնետներ, անպատկերացնելի է, թե ինչպես կարելի էր նման կերպ պահպանել մշակութային արժեքները, բայց դա եղել է մոտ 30 տարի առաջ, եթե ոչ ավել: Մի խոսքով բարձիթողի վիճակ էր ու եթե մի բան փրկվել է ու գտնվել, իհարկե պետք է ուրախանալ: Իսկ թե որտեղից  է առգրավվել եւ այլն, այդ մանրամասներին տեղյակ չեմ»:

Ի դեպ, թանգարանի արխիվում պահպանվում է 1966թ. գրություն` Սարյանի ստորագրությամբ, որտեղ նկարիչը դիմում է մշակույթի այն ժամանակվա նախարար՝ Հ. Մ. Բաղդասարյանին, ասելով, որ գործն արդեն ավարտված է, բայց հոնորարը դեռևս վճարված չէ: Գրության մեջ հիշատակվում է ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի համար ապակենկար /վիտրաժ/ «Հայաստան» թեմայով երեք պաննո՝ յուրաքանչյուրը 4,5 х 2 մ: «Այնտեղ այդ ամբողջ ինֆորմացիան կա` Սարյանի ստորագրությամբ»:     

Առհասարակ, ինչպե՞ս կարող են ֆոնդերից նման գործեր կորել, դրանք ի սկզբանե չե՞ն գրանցվում պահոցներում, Ռուզան Սարյանը եւս մեկ անգամ նշեց, որ դա կորել է սովետական տարիներին կամ արդեն 90-ականներին, երբ բարձիթողի եւ անտեր վիճակ էր. «Շատ մեծ քանակությամբ արժեքներ են կորել, սա ընդամենը մի դրվագ է»: Թե որքանո՞վ է սա անփութություն եւ ինչքանո՞վ` հանցավոր մտադրություն, Ռ. Սարյանն ասաց. «Համենայնդեպս, եռանկարի մնացած 2 մասը գողացել են` չկա, իսկ այս մեկը փաստորեն պահպանվել է եւ պետք է շնորհակալ լինել»,-ասում է նա ու ընդգծում, որ նման անփույթ ձեւով էլ վերաբերվում ենք մեր մշակութային արժեքներին,-«Օպերայում հրաշալի մի թանգարան կար, մենք կորցրեցինք այդտեղ պահվող հրաշալի բեմանկարներ, զգեստները,  նույն Սարյանի «Ալմաստ» օպերայի համար արված եւ նրա էսքիզներով կարված թատերական զգեստները, որոնցով բեմ են բարձրացել մեր հայտնի երգիչները` Պավել Լիսիցյանը, Տաթեւիկ Սազանդարյանը և ուրիշներ: Մինչդեռ, դրսում այդ ամենը պահպանում են մարդիկ, ոչ թե աղբի հետ միասին գցում աղբաման: Մենք անընդհատ ասում ենք Թուքիայում սա են քանդում, նա են ոչնչացնում, իսկ մեզ մոտ միթե նույնը չի՞ արվում, մեր ժողովրդին պետք է կրթել, այս ամենը անկրթության արգասիքներ են: Պետք է տեր կանգնենք մեր մշակույթին եւ ժառանգությանը»: