Կոտայքում Փաշինյանին են փոխանցել «Սու-30», «Իսկանդեր», «Սեւ թուղթ», բանան

Կոտայքում Փաշինյանին են փոխանցել «Սու-30», «Իսկանդեր», «Սեւ թուղթ», բանան

«Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակները այցելություններ են կատարել Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան քաղաքներ։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ֆլեշմոբի շրջանակներում «ՊԱՐԱ» ՀԸ լրագրող Գրիգոր Գևորգյանը փոխանցել է թղթից պատրաստված ինքնաթիռ, որի վրա գրված է «Սու-30»։ Թղթե ինքնաթիռը խորհրդանշում է Արցախի 44-օրյա պատերազմի օրերին այդպես էլ իրենց նպատակին չծառայած «Սու-30» կործանիչները, որոնք գնվել էին իմքայլական վարչապետի օրոք։

«Դե Գրիգորը թղթե «Սու-30»-ն է ուզում նվիրել կապիտուլյանտին։ Որովհետև շատ լավ հիշում ենք նրան ոչ նպատակային և անտրամաբանական գործողությունները, այդ թվում՝ նաև սպառազինության մեջ «Սու-30» ավելացնելը, որն ընդամենը պետք եղավ իրեն [Փաշինյանին] «լայվեր» անելու և սելֆիների համար։ Այ էդ «Սու-30»-ը մենք նորից հետ ենք ուղարկում իրեն», - թղթե ինքնաթիռի խորհուրդը մեկնաբանեց Կարապետ Պողոսյանը Հրազդան քաղաքում։ «Որ գարաժից դուրս չելավ», - ավելացրեց Մկրտիչ Վարդանյանը։

Աբովյան քաղաքում Արծրուն անունով քաղաքացին փոխանցեց թղթե «Իսկանդեր», որը «պայթելուց» հետո նմանվում է խաչի։ «Ուրեմն այս 10 տոկոսանոց «Իսկանդերը» նվիրում ենք կապիտուլյանտին և իրան զգուշացնում ենք՝ եթե այս «Իսկանդերը» պայթեց, հետևանքը կլինի սա [ցույց է տալիս թղթե խաչը]», - նշեց աբովյանցին։

 «Մենք անպայման կփոխանցենք Նիկոլօղլուն», - հավելեց Մկրտիչ Վարդանյանը։

Քաղաքացիներից մեկն էլ փոխանցեց «Սեւ թուղթ»։ «Ես ասեմ։ Արմենն Աբովյանից է։ «Սեւ թուղթը» բնականաբար խորհրդանշում էր վերջին ամիսներին Նիկոլի կողմից մեզ պարգևած մահերը, ամենօրյա «Սեւ թղթերը»», - մանրամասնեց Պողոսյանը։

Մեկ ուրիշ աբովյանցի փոխանցեց մեկ հատ բանան։ «Անունս Էրիկ է։ Բանանով էկել ա, բանանով էլ կեթա», - ասաց Էրիկը։