Ադրբեջանը նախապատրաստվու՞մ է լուրջ սադրանքի

Ադրբեջանը նախապատրաստվու՞մ է լուրջ սադրանքի

Ադրբեջանում, ըստ ինֆորմացիոն աղբյուրների, սկսվել է պահեստայինների անսպասելի զորակոչ․ զինկոմիսարիատներ են կանչվել նույնիսկ 20 տարի առաջ պահեստազոր զորացրվածներ եւ ուղարկվել վարժանքների, իսկ փողոցներում ոստիկանները սկսել են ժամանակավորապես բռնագրավել մասնավոր փոքրալիտրաժ բեռնատարները՝ բանակի կարիքների համար։ Եվ այդ ամենը կատարվում է առանց ռազմական դրություն եւ համընդհանուր հավաքագրում հայտարարելու: Զորակոչվածներից մեկի կնոջ խոսքով, ամուսնուն սկզբում ասվել է, որ վերջինս հավաքների կլինի ընդամենը 15 օր, բայց ավելի ուշ ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2 ամիս։ Դրան զուգընթաց Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից Թուրքիայից եւ Իսրայելից իրականացվել են թռիչքներ՝ Ադրբեջան տեղափոխելով ռազմական նշանակության բեռներ: Հավելենք, որ Ադրբեջանում (այդ թվում՝ Նախիջեւանում) է գտնվում թուրքական ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը, որոնք տեղակայվել էին վերջերս տեղի ունեցած զորավարժանքների նպատակով: Ըստ մեկ այլ աղբյուրի, սիրիական վարձկան զինյալների հետ պայմանագրեր են կնքվել 3 ամիս ժամկետով, եւ երեք խմբաքանակից առաջինը` 1000 մարդուց բաղկացած, հաջորդ շաբաթվա ընթացքում տեղափոխվելու է Ադրբեջան։ 

Ռազմական պատրաստություններին զուգահեռ, ադրբեջանական կողմը հզոր «հարձակում» է նախաձեռնել քարոզչական ճակատում, որի դրսեւորումներից են Իլհամ Ալիեւի ելույթներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ անձամբ վարչապետ Փաշինյանի, ինչպես նաեւ ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքի տեղեկատվությունը 2018-ին վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի եւ ադրբեջանական կողմի շփումների մասին (թեեւ վերջինս հերքել է այդ լուրը՝ ասելով, որ որպես վարչապետի խորհրդական՝ որեւէ շփում չի ունեցել ադրբեջանցիների հետ): Չմոռանամ նշել, որ երեկ Արցախի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը զգուշացրել է ադրբեջանական կողմին, որպեսզի վերջինս կրկին չառերեսվի հուլիսյան իրադարձությունների հետ: Բայց կարծում եմ, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ադրբեջանական հերթական սահմանային սադրանքին, ինչը կարող է համադրելի լինել ոչ թե 2020 թվականի հուլիսյան, այլ շատ ավելի ծանր՝ 2016-ի ապրիլյան դեպքերի հետ: 

ՀԳ. Բազմաթիվ անգամ է ասվել, գրվել, որ Փաշինյանը չի կարողանում «հրաժեշտ տալ» 2018-ի ապրիլ-մայիսյան օրերին, այլապես 2016-ի ապրիլի փոխարեն չէր հվիշատակի 2020-ի հուլիսը, որովհետեւ Իլհամը շատ ավելի դաժան ծեծ է կերել ոչ թե այս տարի, այլ չորս տարի առաջ: 
ՀԳ 2. Եթե Իլհամը, այնուամենայնիվ, կյանքի կոչի նախապատրաստությունները, ապա պետք է վերջ դրվեն ներհայաստանյան բոլոր տեսակի բաժանումներին ու հետապնդումներին. բաժան-բաժան արված եւ ներքին հակասություններով ու ատելությամբ լցված հասարակությունը չի կարող դիմագրավել արտաքին վտանգներին:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ