Ահաբեկի՞չ են, արդյոք, մեր գերիները՝ Իլհամի կարծիքով

Ահաբեկի՞չ են, արդյոք, մեր գերիները՝ Իլհամի կարծիքով

Արտահերթ խորհրդարանական ընտրության նախաշեմին վրաց-ամերիկյան նախաձեռնությամբ՝ ականապատված տարածքների քարտեզների դիմաց Իլհամը մեզ հանձնեց 15 գերի: Այդ փաստը վկայեց, որ գործողության մասնակիցներին ձեռնտու էր Նիկոլի՝ պաշտոնին մնալը, եւ այն կյանքի կոչվեց վերջինիս վերընտրությունն ապահովելու նպատակով: Դա նորմալ էր, համապատասխանում էր այդ երկրների ղեկավարների եւ անձամբ Նիկոլի շահերին: Նիկոլն օգտվեց այդ եւ բազմաթիվ այլ հանգամանքներից եւ պարտության մատնեց իր մրցակիցներին, այդ թվում՝ երկրի ապագան:

Եվ քանի որ գերիների վերադարձի խնդիրը Նիկոլի ապաշնորհության պատճառով վերածվել է առեւտրի առարկայի, նրանց ամբողջական վերադարձն առանց նախապայմանի՝ իրատեսական չէ: Հունիսի 20-ի ընտրությունն էլ ցույց տվեց, որ, վերջին հաշվով, հայաստանցի ակտիվ ընտրողների հարաբերական մեծամասնության համար երկրի ապագան որեւէ արժեք չունի: Իսկ այդ համատեքստում դժվար թե որեւէ արժեք ունենա մեկ կամ երկու հարյուր գերիների վերադարձի խնդիրը: Կարծում եմ՝ բնական է, որ մի քանի հազար երիտասարդի մահվան նկատմամբ անտարբեր բիոզանգվածը նույն վերաբերմունքը ցուցաբերի նաեւ գերիների ազատության եւ, վերջին հաշվով՝ կյանքի նկատմամբ:  

Վաղուց արդեն հաղթանակից «հաբռգած» Ադրբեջանի նախագահ Իլհամը մեր ռազմագերիներին համարում է ահաբեկիչներ, եւ նրանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվում են քրեական հետապնդումներ: Վրաց-ամերիկյան նախաձեռնության պահին Բաքվում ընթանում էր բանտերում մնացած նրանց ընկերակիցների մի այդքան մասի դատավարությունը: Մինչ այդ, արդեն ավարտվել էր առաջին խմբի գերիների («1+2+14» անձ) դատավարությունը, եւ տղաներից մեկին դատապարտել էին 20 տարվա, իսկ մյուսներին՝ մի քիչ պակաս չափով ազատազրկման: Այդ գործընթացում Նիկոլի իշխանությունը, բնականաբար, զրո մասնակցություն ունեցավ: Այդ հարցով փորձեցին ինչ-որ բան անել Մարդու իրավունքների պաշտպանն ու Փաստաբանների պալատը:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ռազմագերիների վերադարձի հարցով մեր Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում ներկայացրել է իրենց պահանջը՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Բայց թուրքը թուրք չէր լինի, եթե չավելացներ մեկ ուրիշ բան: Այն է՝ Նիկոլի տրամադրած ականապատման քարտեզների 50 տոկոսը կեղծ է, եւ դա եւս բարդացնում է գերեվարված անձանց վերաբերյալ որեւէ երկխոսություն: Իհարկե, քարտեզները կեղծ չէին կարող լինել, լկտի սուտ էր արեւելքից թուրքի ասածը: Թուրքերի հետ քիրվայության ջատագովներին՝ սա ի գիտություն… 

Գերիների վերադարձի պահից ինձ անընդհատ անհանգստացնում էր տրամաբանական մի հարց՝ եթե Բաքվի բանտերում պահվող մեր տղաները, ըստ Իլհամի, ոչ թե գերի են, այլ ահաբեկիչ, ապա ինչպե՞ս է վրաց-ամերիկյան նախաձեռնությանը հաջողվել նրանց մի մասին վերադարձնել տալ՝ առանց որեւէ իրավական ընթացակարգի: Այսինքն՝ Ադրբեջանի նախագահը պետք է ձեւական առումով իրավական ինչ-որ գործընթացի միջով անցկացներ մեր տղաներին՝ դատարանի վճռով դատապարտում, այնուհետեւ նախագահի մակարդակով ներման շնորհում: Նման բան տեղի չունեցավ՝ կա՛մ նախաձեռնողներին էին Իլհամին հասկացրել, որ նման թիթիզ բաների հետեւից չեն ընկնելու, կա՛մ Իլհամի շրջապատը չէր ֆայմել: Այդ երեւույթի մասին ես նույնիսկ գրել էի Ֆեյսբուքում՝ մեկ-երկու համապատասխան հասցեատիրոջն ուղարկելով դրա հղումը:

Դա այն էր, ինչ կարող էր օգտագործել ՀՀ իշխանությունը գերիների հարցով բանակցություններին, եթե վարչապետ չլիներ Փաշինյան Նիկոլը: Բայց Նիկոլը հաղթեց Հայաստան պետությանը, ու ադրբեջանցիներն էլ արագ գլխի ընկան այդ բացթողնման առումով: Եվ քանի որ դրանք տեղի ունեցան՝ տիկին Զոհրաբյանի հետ խոսող Սեիդովը հատուկ շեշտել է այդ պահը․ «…եթե ուզում եք քննարկենք ձեր տեռորիստների վերադարձի հարցը, բնականաբար՝ դատավճիռները լինելուց հետո…»: 

Դժբախտաբար, հասկանալի է, որ Նիկոլի շրջապատում չգտնվեց որեւէ մեկը, որ կբարձրաձայներ ասվածի մասին, ու դա ԱԳՆ-ի մակարդակով կգնար որպես պաշտոնական հայտարարություն: Հասկանալի է նաեւ, որ եթե գտնվեր էլ՝ վերընտրությունից հետո Նիկոլը թքած ունի դիվանագիտական նման նրբությունների՝ էլ չասած հենց գերիների ճակատագրի վրա: Այդ ամենը հասկանալի է, բայց հասկանալի չէ, թե ինչպես կպահենք մեր պետականությունը, եթե երկրի ղեկավարն ու նրա ողջ շրջապատն է մանուկ: Իսկ արեւելքից ու արեւմուտքից շրջապատված ենք թուրքի այն տեսակով, որը երբեք չի հրաժարվել պատմական հայրենիքի այս փոքր անկյունից մեզ ամբողջովին վտարելու գաղափարից: