Կարեկցանքի արժանի

Կարեկցանքի արժանի

Անկեղծորեն սկսել եմ կարեկցել հայ արեւմտամետներին: Նրանց նախկին վերամբարձ տոնից, հաղթողի, պայքարի մարտիկի կեցվածքից գրեթե ոչինչ չի մնացել: Նրանք այնպիսի շոկ են ապրում համաշխարհային վերջին իրադարձություններից, որ դժվար է ասել, թե ինչպես են այդ սթրեսը հաղթահարելու: Մի կողմից՝ իրենց ֆինանսական ապագայի անորոշությունը, մյուս կողմից՝ իրենց սիրելի Արեւմուտքի ապագայի անորոշությունը խոր շփոթության մեջ է գցել նրանց: Արեւմուտքն էլ արդեն միանշանակ ու անվերապահորեն սիրելի չէ, որովհետեւ պարզ չէ, թե որ պետություններից է կազմված այն: Ահա` իրենց պաշտելի ԱՄՆ-ում այնպիսի իրադարձություններ են կատարվում, որ հայ արեւմտամետները մնացել են երկու քարի արանքում` Թրամփին պաշտպանել չեն կարող, բայց քննադատել էլ դեռ չեն համարձակվում: Ուկրաինայի պարտությունը երեւի նրանց նույնքան ցավ է պատճառում, որքան բուն Ուկրաինայում ապրողներին: Ստացվեց, որ հայ արեւմտամետ շրջանակները ոչ միայն քաղաքագիտական վերլուծություններ անելու, իրավիճակը հասկանալու եւ կանխատեսելու ունակ չեն, այլեւ, ինչպես ասում են` բոլոր ձվերը դրել են մեկ զամբյուղի մեջ եւ հիմա փաստի առաջ հայտնվել: Ու հիմա չգիտեն` արեւմտյան քաղաքակրթությունը միայն Եվրոպա՞ն է, հնարավո՞ր է արդյոք Եվրոպային տարանջատել ԱՄՆ-ից, եւ ինչպե՞ս վերաբերվել ԱՄՆ վարչակազմին ու նախագահին, որն իրենց ատելի Պուտինի ձեռքն է սեղմում, Ուկրաինային եւ իրենց սիրելի Զելենսկուն նեղացնում:

Չգիտեն` արդյոք Եվրոպան կկարողանա՞ տարանջատվել Միացյալ Նահանգներից եւ ինքնուրույն քաղաքականություն վարել: Եթե ոչ, ապա ի՞նչ են անելու իրենց եվրաքվեի հետ եւ ամենակարեւորը` որտեղի՞ց են իրենց գրանտները ստանալու: Որովհետեւ պարզվեց, որ հայ գրանտակերների շարժիչ ուժը ոչ թե գաղափարներն են, այլ՝ փողը: