«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են»․ իսկ Ամուլսարն ու՞մն է

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են»․ իսկ Ամուլսարն ու՞մն է

Հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովուրդը պիտի համոզվի, որ իշխանությունը իրենն է և ինքը կարող է մասնակցություն ունենալ կարևոր որոշման ընթացքում։ Ամուլսարը փորձաքար է ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացման գործընթացում։

2018 թվականի սեպտեմբերին,  լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանն  ինչպես կմեկնաբանի ակցիայի մասնակիցների քայլերը՝ բռնությամբ կառավարության շենք ներխուժելու փորձը, վարչապետը պատասխանեց. «Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են»: 

Եվ որպեսզի այդ խոսքերը չմնան որպես դատարկ հնչյուններ, կյանքի կոչվեն, կարող ենք ամրագրել, եթե կառավարության շենքի դռները ժողովրդինն են և կարող են խփել, Ամուլսարն էլ ժողովրդինն է, և նա պետք է որոշի ինչպես իրացնի իր իրավունքը։ Հանրաքվեի վերաբերյալ կա պարզ բացատրություն և պետք է այդ ճանապարհով որոշել համաժողովրդական այդ հարցը։

 

Հանրաքվեն անմիջական ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտն է և ժողովրդի անմիջական իրավաստեղծ գործունեության մեխանիզմը։ Այն պետության և յուրաքանչյուր քաղաքացու համար կարևոր որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության ձևերից է։ Հանրաքվեի մասնակցի ընդունած որոշումը ազդում է գործընթացի արդյունքի վրա և պետք է ամրապնդվի խնդրո առարկա հարցի վերաբերյալ մասնակցի տեղյակ լինելով։ Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է՝ Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով։ Հանրաքվեի անցկացման պայմանները և ընթացակարգը կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ և օրենքներով։ Հանրաքվեները լինում են ժողովրդական, պետական կամ կիսովի նախաձեռնությամբ։

Սա չի՞ նշանակում, եթե իշխանությունը չի գնում հանրաքվեի՝ պետական մակարդակով, կա նաև հանրաքվե դնելու այլ տարբերակ՝ ժողովրդական։ Ժողովուրդը պիտի փորձի իրացնել իր իրավունքը՝ ժողովրդավարական Հայաստանում։