«Հրապարակ». Անձամբ ես չեմ ձգտում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն

«Հրապարակ». Անձամբ ես չեմ ձգտում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը երեկ պետք է դուրս գրվեր «Արմենիա» բժշկական կենտրոնից, բայց մինչ այդ հրաժարական ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Պատճառը, ըստ ԲԴԽ լրատվական ծառայության հաղորդագրության, առողջական խնդիրներն են։ Թեեւ ողնաշարի ճողվածքը հրաժարականի պատճառ լինել, իհարկե, չի կարող։ Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մի քանի օր առաջ «ողնաշարի գրիժայի» վիրահատության էր ենթարկվել։ Վիրահատության օրն արդեն մենք գրել էինք, որ մի քանի օր անց Ջհանգիրյանը հրաժարական է ներկայացնելու՝ պատճառաբանություն բերելով «առողջական խնդիրները», իսկ իրական պատճառը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրությունն է, որտեղ Ջհանգիրյանի կողմից օրենքի ու էթիկայի խախտման բազում դրվագներ կան, եւ որից պարզ երեւում է նրա ակնհայտ միջամտությունն արդարադատությանը։ Նրա այս պահվածքը հատկապես զայրացրել էր իշխանության «փայատեր» սորոսականներին, ովքեր եւ միացան Ջհանգիրյանի հրաժարականի պահանջներին։ 

Երկուշաբթի օրը ԲԴԽ-ն պետք է խորհրդի նոր նախագահ ընտրի՝ ԲԴԽ-ի գիտնական-անդամներից։ Բանն այն է, որ, ըստ օրենքի, ԲԴԽ նախագահ կարող են առաջադրվել մի փուլում՝ դատավոր-անդամներից որեւէ մեկը, մյուս փուլում՝ ԲԴԽ գիտնական-անդամներից մեկը։ Այս պահին գիտնական անդամները հինգն են՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Վիգեն Քոչարյանն ու Դավիթ Խաչատուրյանը։ Ի դեպ, գիտնական-անդամներն ավելի իշխանական են եւ Փաշինյանին ենթակա, քան դատավոր-անդամները։ Իզուր չէ, որ Վարդազարյանի դեմ վարույթն ու որոշումը կայացվեցին հենց գիտնական-անդամների ձեռքով։ Ինչ վերաբերում է ԲԴԽ ընտրվելիք նախագահին, ապա Լիպարիտ Մելիքջանյանն օրերս ԱԺ-ի կողմից ընտրվեց վճռաբեկ դատարանի դատավոր, սակայն դեռ շարունակում է հանդիսանալ ԲԴԽ անդամ, բայց չի կարող թեկնածու առաջադրվել։ Այսինքն՝ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն ընտրություն պետք է կատարի փաստացի 3 անդամի միջեւ՝ Բեքմեզյանի, Քոչարյանի եւ Խաչատուրյանի։ Դավիթ Խաչատուրյանը Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է եւ Սորոսի հիմնադրամի նախկին նախագահը, ուստի դժվար թե իշխանությունը գնա նման արտառոց նշանակման։ Ավելի հավանական է թվում Գրիգոր Բեքմեզյանի թեկնածությունը, սակայն Բեքմեզյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն առանձնապես հակված չէ այդ պաշտոնին։

«Ես շատ նեյտրալ եմ վերաբերվում ցանկացած նման տեղեկությանը, որովհետեւ գտնում եմ, որ խորհրդի բոլոր գիտնական-անդամներն ունեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ։ Անձամբ ես չեմ ձգտում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելուն, մի քանի անգամ ասել եմ, որ ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է, եւ նախագահի պաշտոնը լրացուցիչ բեռ է, որը, ըստ էության, առավելություն չի տալիս ԲԴԽ անդամներին։ Խորհուրդը պետք է որոշի փակ-գաղտնի քվեարկությամբ, խորհուրդն ինչ էլ որոշի, մենք պարտավոր ենք ընդունել այդ որոշումն ու շարժվել այդ որոշմամբ։ Հավատացեք, ես ոչ մի բանով առավել չեմ խորհրդի մյուս անդամներից եւ նույնիսկ վստահ չեմ, որ քվեարկության ժամանակ իմ ձայնն ինձ եմ տալու»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ նշելով, որ եթե, այնուամենայնիվ, խորհուրդն իրեն ընտրի, ինքը պարտավոր է ենթարկվել խորհրդի որոշմանն ու պաշտոնավարել որպես ԲԴԽ նախագահ։

Հարցին, թե ինքն իսկապե՞ս կարծում է, որ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն առողջական խնդիրներով է պայմանավորված, ոչ թե սկանդալային ձայնագրությամբ, Բեքմեզյանն ասաց․ «Ես ոչ մի հիմք չունեմ պարոն Ջհանգիրյանին չվստահելու։ Ես հաստատ գիտեմ, որ վիրահատել են, եւ հաստատ գիտեմ, որ իսկապես վիրահատության կարիք կար»։