Թումանյանն ու Տերյանը՝ գետնին, ռուսները՝ Դադիվանքում, քրեական գործերը՝ կորցրած

Թումանյանն ու Տերյանը՝ գետնին, ռուսները՝ Դադիվանքում, քրեական գործերը՝ կորցրած

Նոյեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ բնակավայրերը եւս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ նոյեմբերի 20-ը: Բնակիչներին դեռ նախորդ երեկոյան էին հորդորել, որ երեք օրում պետք է տեղափոխվեն: Այս 7 գյուղերում մոտ 2 հազար բնակիչ կա: Հայտարարվում է նաեւ, որ պետությունը միջոցներ է ձեռնարկում տարհանվողների գույքը տեղափոխելու, նրանց կացարաններով ապահովելու համար: Սակայն պետական աջակցությունը նման դեպքերում կա՛մ սուղ է լինում, կա՛մ ընդհանրապես չի լինում: Վանաձորի բնակիչ, կամավոր-բարեգործ Հակոբ Միկոյանը դրանում արդեն համոզվել է նախորդ օրերի փորձից: Նա, ինչպես ինքն է ասում՝ «ո՛չ գործարար, ո՛չ պաշտոնյա, ո՛չ մի բան էլ չի, ուղղակի որոշել է օգնել»: 

2 «կամազ», մեկ «մերսեդես», մեկ «զիլ» ու 2 «ֆորդ»՝ դեպի Մարտակերտ

Մի քանի օր առաջ իր ավտոմեքենայով նա մեկնել է Քարվաճառ՝ մի ընտանիքի օգնելու, որ տեղափոխվի: Ճանապարհորդության ընթացքում տեսել է, թե ինչ անօգնական են մարդիկ, սկսել է օգնել՝ ում պատահի, զանգել է պետական ատյաններ՝ պահանջելով, որ տեր կանգնեն պետական ունեցվածքին, փրկել է Քարվաճառի դպրոցի գրադարանը: Եվ երեկ, երբ արդեն քարվաճառցիների տեղահանումը լավ-վատ ավարտված էր, նա շտապել է Մարտակերտի գյուղեր՝ նոր աղետյալներ որոնելու: Նախորդ փորձից կամավորն արդեն հասկացել է, որ հիմնական խնդիրը գումարն է լինելու: Իր ընկերների հետ նա դրամահավաք է կազմակերպել եւ մեկ գիշերվա մեջ 1 մլն դրամ է հավաքել մարտակերտցիների կարիքների համար: 2 «կամազ» բեռնատարներով, մեկ «մերսեդես» փոքր ֆուռով, մեկ հատ «զիլով» ու 2 «ֆորդով» մտել է Արցախ: «Դուք պատկերացնո՞ւմ եք, մեկ գիշերվա մեջ մեկ միլիոն դրամ գումար հավաքվեց՝ աջակցության համար։ Հրաշք ենք բոլորս: Մի ընկճվեք, ամեն բան դեռ մեր ձեռքերում է: Պարտվեցինք այսօր, բայց հաղթելու ենք վաղը»,- ոգեւորված գրել է հայտնի սոցցանցում մյուս կամավորը՝ Հռիփսիմե Մկրտչյանը, որը Հակոբի բացակայությամբ հավաքում է բարեգործական գումարները: Պատկերացնելու համար նշեմ, որ Մարտակերտից Հայաստան հասնելու համար իրեր տեղափոխողները 150 հազար դրամ են պահանջում, եւ սա դեռ էժան է համարվում: Հակոբ Միկոյանի հետ զրույցի ընթացքում նրա նախորդ ճանապարհորդության մի քանի ցնցող դրվագների տեղեկացանք: 

Ռուս զինվորներն ապրում են Դադիվանքում

Քարվաճառցիները բոլոր տները վառել են: Բոլորը միաժամանակ չեն վառել: Ամեն բնակիչ գույքը հանելուց հետո տունը «պաժառ» է տվել, գնացել: Նրանց մոխրացած տները եկել ու տեսել են Դադիվանքի պահապան ռուս խաղաղապահները: Մի դպրոցի շենք, մի մանկապարտեզ անգամ չի եղել, որ մարդիկ մահճակալները դնեն, քնեն: Նրանք հիմա ապրում են եկեղեցում: Քնում, սնվում են եկեղեցում: Որքանո՞վ է դա ճիշտ: 

Քարվաճառ քաղաքի գրադարանում արժեքավոր ամեն ինչ՝ դասասենյակների համակարգիչները, դուռ-պատուհան-«պառավո», արիստոն, թալանել են: Մնացել են գրքերը, որոնք, ինչպես պարզվեց, ոչ մեկին պետք չեն: Հակոբի խոսքն է. «Մտա գրադարան, տեսա՝ գրքերը թափված, սաղ մեր գրողները դեմքիս են նայում, ասում են՝ մեզ վեկալ ստեղից: Սիրտս լցվեց»: Հակոբը որոշել է փրկել մեր գրողներին: Պահոցի դուռը փակ է եղել: Մոտեցել է տեղի ԱԱԾ պետին, խնդրել է օգնել, ջարդել դուռը, ու այսպես ԱԱԾ պետն ու Հակոբը ջարդել են դուռն ու «կտրել» Քարվաճառի գրադարանը: «Մի հատ տուրիստական ֆիրմա կար, Դադիվանք էր բերել 7 մեքենա, խնդրել եմ, ասել եմ՝ անցնելուց արի Քարվաճառով անցնենք, գրքերը տանենք, Մատենադարան հանձնենք»: 

ԿԳՄՍ-ից մուննաթ են եկել՝ նախարարը խի՞ պետք ա քո զանգին պատասխանի

Քարվաճառում բոլոր պետական մարմիններն անելիք ունեին տեղահանման օրերին: Բայց ոչ ոք ներկա չի եղել, ոչ մեկը տեր չի կանգնել պետական հարստությանը: «Ամենաշատը գործ ուներ անելու ոստիկանությունը ու չէր անում: Ոստիկաններին զանգում, ասում էինք՝ եկեք, տեր կանգնեք, ճանապարհներին խցանումներ են, եկեք, կարգավորեք երթեւեկությունը, փայտ կտրողներին հանեք այդտեղից: Ամբողջ ճանապարհի եզրով փայտահատները դրած՝ փայտ են կտրում: Գիտեն աշխարհի վերջն ա, բնությանը վնաս են տալիս՝ չմտածելով, որ բնությունը մարդկությանն է, բնությունն ազգություն չի ճանաչում, չի կարելի այդ օրը գցել: Զանգել եմ 1-02 , ոչ ոք չէր գալիս, զանգում էի 911, ասում եմ՝ աստիճան տվեք, մեքենա տվեք, գույքը հավաքենք, բերենք հանձնենք պետությանը, չէին տալիս: Զանգել եմ նախարարություն, ասում եմ՝ եկեք տեր կանգնեք դպրոցի գույքին, գրադարանին, զանգերիս չեն պատասխանում: Հետո զանգում, մուննաթ են գալիս՝ նախարարը խի՞ պետք ա քո զանգերին պատասխանի»:

ԿԳՄՍ նախարարի խոսնակ Օֆելյա Կամավոսյանը հայտնեց, որ Հակոբը զանգել է փոխնախարարներ Խզմալյանին եւ Խաչատուրյանին։ «Ես ընդամենը բացատրել եմ, որ խոսքը փոխնախարարների մասին է, հնարավոր է՝ զբաղված են եղել, ամեն րոպե անծանոթ համարի կարող է եւ չարձագանքեն։ Խնդրել եմ, որ ինձ փոխանցի։ Տիկին Խաչատուրյանին տեղյակ եմ պահել, ասաց, որ իրենք էլ փորձել են ավելի ուշ կապվել Հակոբի հետ, չեն կարողացել, թերեւս կապի հարց է եղել։ Այսքան բան։ Հետո արդեն խոսել են Արցախի նախարարի հետ, եւ ուղղորդել ենք իրենց հետ աշխատել, գույքը տեղափոխել այնտեղի դպրոցներ։ Սա է իրականությունը»,- ասաց խոսնակը։ Բայց փաստ է, որ պաշտոնյաներն օպերատիվ չեն գործել, եւ փաստ է, որ Քարվաճառի դպրոցը, մշակույթի տունն ամբողջությամբ թալանվել են՝ պրոյեկտորներ, համակարգիչներ, տարազներ: «Արմատ» լաբորատորիաների տնօրենն է եկել, որ իր գույքը տանի: Դատարկ պատերն է գտել միայն: Իր մեքենաներով օգնել է դպրոցում մնացած աթոռ-սեղանները հանել:  

Կովն ու հորթը՝ 150 հազար դրամով

Հիմնարկներում՝ դատախազությունում, վարչական շենքում, ընտրական տեղամասում, փոստային բաժանմունքում, հատորներով փաստաթղթեր են մնացել: Մոտ 500-600 տների սեփականության վկայականներ են շաղ տված եղել քաղաքապետարանում, քրեական գործեր՝ դատախազության աշխատասենյակներում թափված: Մի մասը հանձնվել է ոստիկանությանը: 

Մի ցուլը, կովն արժեն 400-500 հազար դրամ: Գեղարքունիքի մարզի ժողովուրդը կովը 150 հազար դրամով է գնել քարվաճառցիներից: Մեկը նույնիսկ հորթն էլ հետն է 150 հազարով վերցրել: Թալանի համը ժողովրդի բերանն է ընկել: Զոհված զինծառայողի եղբայրը գնացել է նրա թաղմանը մասնակցելու, մեքենան է փչացել, թողել է ճանապարհին, եղբորը թաղել, վերադարձել է երկու օրից ու մեքենայի կմախքն է գտել: Ամբողջը թալանված: Բարի մարդիկ էլ՝ քիչ, բայց կան: Մի տղա՝ Մովսես անունով, փող է տվել, վարձել է հնդիկ բանվորների, որ գան, մի բնակչի տունն ամբողջությամբ ազատեն: Տավարը բարձած մի աղջիկ լաց է եղել: Ասել է՝ տուն-տեղ չունեմ, ո՞ւր տանեմ տավարս: Գիշերվա ժամը հազարին մի կերպ, սրան-նրան զանգելով՝ մի անկյուն են գտել՝ Մեծ Մասրիկ գյուղում: Աղջիկը մնացել է այնտեղ: