Իջևան-երկո՞ւ

Իջևան-երկո՞ւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ է արել ջերմուկցիներին եւ հարակից բնակավայրերի բնակիչներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանքի ճանապարհները: Վարչապետն ազդարարել է, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, հետեւաբար, Հայաստանն իրավական որեւէ հիմք չունի պնդելու, որ հանքը չշահագործվի, իսկ չշահագործվելու որոշումը կբերի երկրի միջազգային վարկի անկման՝ դրանից բխող տնտեսական հետեւանքներով:

Վարչապետի խոսքերի մեջ կա ե՛ւ մտահոգություն, ե՛ւ անորոշություն, ե՛ւ համոզվածության պակաս, իսկ մյուս կողմից՝ հստակ մեսիջներ, որ ինչ էլ լինի՝ հանքը շահագործվելու է: Այսինքն, Փաշինյանը հա՛մ տվայտվում է, հա՛մ հասկացնում, որ հանքի շահագործմանն այլընտրանք չկա: Ի դեպ՝ հիշեցնենք, որ Փաշինյանին հստակ այլընտրանք առաջարկվել էր՝ անցկացնել հանրաքվե, բայց նա որոշեց այլ ճանապարհով գնալ, քանի որ պարզվել է, որ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չկա: Եվ Փաշինյանը տվայտվում է՝ ուղիղ եթերից հեքիաթներ է պատմում փոքրիկ գնաճի, խելացի քաղաքականության շնորհիվ դրամի կայունության պահպանման, իր ավտոմեքենան վաճառելու եւ գումարը դրամով բանկ դնելու մասին: 

Գանք Ջերմուկի տարածաշրջանի բնակչությանն ուղղված նրա կոչին՝ ապաշրջափակեք հանքի ճանապարհները: Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Ուրեմն ընդամենը օրեր առաջ Փաշինյանը Ստեփանակերտում ձայնը գլուխն էր գցել, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Լավ: Ես հիմա հարցնում եմ՝ պարոն Փաշինյան, իսկ Ջերմուկն ու հարակից բնակավայրերը Հայաստան չե՞ն: Իհարկե՝ Հայաստան են: Այդ դեպքում, հարգելի վարչապետ, ինչո՞ւ եք Ձեր կոչը միայն ջերմուկցիներին ուղղում: Հաստատ այնպես չէ, որ պողոսները բացառապես Ջերմուկում եւ հարակից բնակավայրերում են անգրագետ, չէ՞: Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, տո հենց Իջեւանում քի՞չ անգրագետ Պողոս կա: Նրանց էլ է վերաբերում Ամուլսարի խնդիրը: Այդպես չէ՞: Իսկ արցախցիների՞ն: Ի դեպ՝ արցախյան շատ բնակավայրեր աշխարհագրորեն ավելի մոտ են Ամուլսարին, իսկ ջրային պաշարներով էլ՝ շատ ավելի ամուր կապված Սեւանի հետ, քան, ասենք՝ Ամասիայի տարածաշրջանը: Այնպես որ, հիասթափված ենք ՀՀ Ձեր խիստ մասնավոր կոչից՝ ուղղված խիստ սահմանափակ թվով մարդկանց: Տպավորություն ունենք, որ Դուք առաջնորդվում եք «բաժանիր, որ տիրես» սկզբունքով:

Տարբեր առիթներով Փաշինյանը մեզ հաճախ է տարբեր մասերի բաժանել՝ սեւերի եւ սպիտակների, հայերի եւ սփյուռքահայերի, հայաստանցիների եւ արցախցիների: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ անգամ բաժանեց հայերի եւ իջեւանահայերի, իսկ իջեւանահայերին էլ իրենց հերթին բաժանեց փայտահատների եւ միամիտ անցորդների: Առաջինների անունը դրեց մաֆիա ու սկսեց կոտորել: Այս տարվա հուլիսին էր: Օսիպյանով, Վանեցյանով լցվել էին Իջեւան: Չե՞ք հիշում՝ ախր, ծեծուջարդը սաստիկ էր, հիվանդանոց ընկածների մեծ մասն էլ ոստիկաններ էին, որոշ տեղեկություններով՝ ոչ սթափ: Ինչու եմ այս ամենը մանրամասնությամբ հիշում: Բանն այն է, որ ջերմուկահայերին մնացած հայերից առանձնացնելուց հետո Փաշինյանի քաղաքական թիմը սկսել է քննարկել մի բավականին նուրբ հարց, որ վերաբերում է ժողովրդի եւ ոստիկանության միջեւ ազատ ոճի ըմբշամարտի, բռնցքամարտի եւ բեյսբոլի հերթական մրցաշարին: Փաշինյանը հանքի տերերին խոսք է տվել, որ նշված օրը սարի ճանապարհը բաց է լինելու, իսկ դա նշանակում է, որ «մրցաշարը», ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, քանի որ կողմերը լի են վճռականությամբ:

Ճիշտ է, «Իմ քայլը» խմբակցությունից մի գրագետ Պողոս հայտարարել է, որ «բանը ոստիկանությանը չի հասնի», բայց դա ընդամենը օդի տատանում է, այլ կերպ ասած՝ հղում անգրագետ պողոսների բարձր գիտակցությանը, թե նրանք կհասկանան՝ խոսքն ինչի մասին է, եւ ճանապարհը կբացեն: Ըստ իմքայլականի. «Այս պահին որոշումը հետեւյալն է, որ հանքի շինաշխատանքների նախապատրաստական փուլը չպիտի խոչընդոտվի, ինչը նորմալ է։ Ես ի սկզբանե ասել եւ ասում եմ․ եթե պետք է հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր։ Ես վարչապետի ելույթից լսեցի, որ էս պահին իրավական հիմքեր չկան։ Եթե մի տարվա ընթացքում իրավական հիմքեր ի հայտ կգան, որոնք թույլ կտան հանքը փակել, նշանակում է՝ այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն։ Իսկ այս պարագայում, երբ, ըստ էության, առանց իրավական հիմքի, ուղղակի թողնում եք, որ այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, որ Հայաստանը՝ որպես պետություն, դարձնում է շատ կասկածելի, անվստահելի գործընկեր»: Ի դեպ, ինչպես միշտ, շատ հիմար բան է ասել: Եղբայր, եթե հանքի շահագործումը թույլ չտալով՝ Հայաստանն օտարների աչքում է դառնում անվստահելի, ապա հանքը շահագործելով՝ անվստահելի է դառնում մեր՝ հայաստանցիներիս աչքում:

Այսինքն ի՞նչ, ստացվում է, որ ՀՀ իշխանություններն օտարների եւ մեր միջեւ ընտրում են առաջինների՞ն: Եվ կամ՝ ի՞նչ է նշանակում՝ եթե մեկ տարի անց տեսնենք, որ թունավորում կա, ապա «որոշակի գործողություններ կլինեն»: Այնքան գրագետ է իմքայլական Պողոսը, որ նույնիսկ վախենում է ասել՝ կփակենք հանքը: Մյուս կողմից էլ այն հարցը կա, թե որտեղ են լինելու այսօրվա իշխանությունները մեկ տարի անց, որ մի բան էլ թունավորումներից հետո «որոշակի գործողություններ կիրառեն»: Մենք այդ մասին կխոսենք մեկ տարի անց, իսկ այժմ ամենակարեւոր խնդիրը ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախումներ թույլ չտալն է, մանավանդ որ վերջին մեկուկես տարվա ավանդույթներով թե՛ վարչապետն է ժողովրդինը եւ թե՛ ոստիկանությունը: 

ՀԳ. Մի բան էլ թեմայից դուրս ասեմ: Պարոն Փաշինյան, կուզենայի տեղեկացնել, որ ամեն օր իմ պատշգամբի տակով փայտ տեղափոխող բեռնատարներ են անցնում, որոնք մայրաքաղաք փայտ են ներկրում Իջեւանի եւ Դիլիջանի կողմերից: Չե՞ք կարծում, արդյոք, որ ճիշտ ժամանակն է կենդանի եթերով հայտարարելու, որ փայտի մաֆիան Հայաստանից վերացված է, իսկ փայտով բեռնված տասնյակ բեռնատարները՝ աչքի խաբկանք են: Ինձ նման շատերն են սա նկատել եւ կարող են մտածել, որ Իջեւանի մեծ կռիվը փայտի բիզնեսը մեկից խլելու եւ մյուսին փոխացելու համար էր ընդամենը: Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ ծեծել տվեցիք անմեղ իջեւանցիներին: