2 միլիոն դրամ` մակագրման համակարգի վերագործարկման համար. նախարարությունը նոր համակարգ է ուզում 

2 միլիոն դրամ` մակագրման համակարգի վերագործարկման համար. նախարարությունը նոր համակարգ է ուզում 

Շուրջ 10 ամիս անց, մայիսի 5-ից վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։

Դատական գործերի էլեկտրոնային, այսինքն համակարգչի միջոցով մակագրման ձևը դադարեց գործել, երբ նախորդ տարվա ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, ինչից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այբբենական կարգով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համակարգի աշխատանքի վերաբերյալ դեռեւս դժգոհություններ չի լսել։

Արդարադատության նախարարությունից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է հատկացվել համակարգի վերագործարկման համար, պատասխանեցին, թե գործող մակագրման համակարգի վերագործարկումը իրականացվել է Բարձրագույն Դատական Խորհրդի կողմից և Արդարադատության նախարարությունը գումար չի հատկացրել։

Նաեւ ավելացրին, որ այս համակարգը ավելի քան 8 տարի առաջ է մշակվել և այժմ  նախարարությունը քաղաքացիական գործերի թվայնացման մրցույթ է հայտարարել, որով նախատեսվում է նաև մշակել լիովին նոր մակագրման համակարգ։

Ըստ նախարարության` նոր մակագրման համակարգը վերաբերելու է դատական համակարգի բոլոր գործերին։

Մենք Բարձրագույն դատական խորհուրդ հարցում էինք ուղարկել, թե որքան գումար է տրամադրվել մակագրման համակարգի վերագործարկման համար, պատասխանել են` 2 միլիոն դրամ։

Իսկ ինչ վերաբերում է նոր մակագրման համակարգ ներդնելուն, նշել են, որ այս պահին պաշտոնական որեւէ տեղեկատվություն առկա չէ։