«Բրյուսովի» ընտրված ռեկտորը եւս դիմել է դատարան

«Բրյուսովի» ընտրված ռեկտորը եւս դիմել է դատարան

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններից հետո իրավիճակը բուհի շուրջ շարունակում է մնալ լարված ու անկայուն։

Մի կողմից՝ ռեկտորին ընտրած հոգաբարձուների խորհրդի արձանագրությունը չի ստորագրել հենց խորհրդի նախագահ Համբարձում Մաթեւոսյանը, ով ընտրություններից անմիջապես հետո հրաժարական ներկայացրեց։ Մյուս կողմից էլ՝ 12/8 ձայների հարաբերակցությամբ ռեկտոր ընտրված Կարինե Հարությունյանը մինչ օրս չի հրամանագրվել ռեկտորի պաշտոնում։ Ավելին, ինչպես արդեն գրել ենք, քրեական վարույթներ են հարուցվել դատախազությունում, որոնցից մեկը կասկածի տակ է դնում հենց հոգաբարձուների խորհրդի աշխատանքը՝ «խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ»։ Ի դեպ, ռեկտորի մյուս հավակնորդ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը դատարան է դիմել ու պահանջել անվավեր ճանաչել ռեկտորի ընտրությունների արձանագրությունը։

Իրավիճակը համալսարանում անորոշ է՝ պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ հունվարի 11-ին լրացել է ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը։ Մեզ հետ զրույցում վերընտրված ռեկտորը նշեց, որ բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Դավիթ Գյուրջինյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն արձանագրությունը, որը Համբարձում Մաթեւոսյանը չի ստորագրել։ «Որը եւ կիրառվել է որպես հայցի ապահովման միջոց, դա ուղարկվել է հարկադիր կատարման ծառայությանը, որը որոշում է կայացրել՝ չկնքել աշխատանքային պայմանագիր, դա արվել է շատ արագ՝ 2-3 օրվա ընթացքում»,- ասում է Կ․ Հարությունյանն ու նշում, որ այդ ամենը տեղի է ունեցել տարեվերջին, երբ ինքն արձակուրդում է եղել, եւ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի վրա․ «Հիմա իրավական տեսանկյունից դա էլ հասկանալի չէ, արդյոք ինքը՝ Ակոպյանը, կարո՞ղ է պայմանագրի ավարտից հետո էլ շարունակել պարտականությունները կատարել, թե՞ ոչ։ Դրա համար մենք դիմել ենք պետական գերատեսչություններին, որպեսզի մեզ պարզաբանում տան, թե ինչպես պետք է այս իրավիճակը հանգուցալուծվի»։

Կ․ Հարությունյանը շարունակում է հաճախել համալսարան, բայց առայժմ ոչ թե ռեկտորի, այլ՝ դասախոսի կարգավիճակում, քանի որ համատեղության կարգով նաեւ դասավանդում է։ Չի թաքցնում՝  սպասողական վիճակ է, ի վերջո, ինչպե՞ս պետք է այս իրավիճակը հանգուցալուծվի․ «Ես էլ եմ դիմել դատարան՝ պահանջով, որ կառավարությունը հաստատի մրցույթի արդյունքները, որովհետեւ դրա բոլոր փաստական հիմքերը կան՝ ե՛ւ հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը, ե՛ւ քվեաթերթիկները, ե՛ւ տեսագրությունը, իսկ նիստն անցել է սահմանված կարգի համաձայն, եւ անկախ այն փաստից՝ արձանագրությունը ստորագրված է, թե ոչ, մրցույթի արդյունքները պետք է հաստատվեն»։

Ռեկտորի մյուս հավակնորդ Դավիթ Գյուրջինյանից փորձեցինք ճշտել, թե որն է դատարան դիմելու իր դրդապատճառը, ինչու է ցանկանում անվավեր ճանաչել ռեկտորի ընտրությունների արձանագրությունը, գուցե ինչ-որ խախտումնե՞ր է նկատել, բայց Դ․ Գյուրջինյանն ավելի քան կտրուկ էր՝ նշելով, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ։  

Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը եւս փաստեց, որ գրություններ են ուղարկել տարբեր գերատեսչություններ, որպեսզի ստանան իրավական պարզաբանումներ, թե ինչ լիազորություններ ունի ինքը։ «Մենք հարցում ենք ուղարկել արդարադատության եւ կրթության նախարարություններ, որպեսզի ասեն, թե հիմա ով է կրում պարտավորությունները»,- ասում է նա ու նկատում, որ դեկտեմբերի վերջին հարուցված քրեական վարույթների շրջանակում որոշ մարդիկ արդեն հարցաքննվել են, ինքը՝ ոչ, եւ ավելին ասել չի կարող։
Ստեղծված իրավիճակում ստացվում է, որ փաստացի Բրյուսովի անվան համալսարանը ռեկտոր չունի եւ կառավարման ճգնաժամի առաջ է կանգնել։ Ուստի, ինչպես ընդգծում է Ց․ Ակոպյանը, պահանջում, խնդրում են պատկան մարմիններից՝ շատ արագ ձեւավորել հոգաբարձուների խորհուրդ։

Հիշեցնենք, որ 2022 թ. վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ին, ԿԳՄՍ նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը համապատասխան գրությամբ հայտնել է համալսարանին՝ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու, այլ կերպ ասած՝ հոգաբարձուների խորհուրդը լուծարելու մասին։ «Դեկտեմբերի 30-ին անակնկալ կերպով նամակ ստացանք նախարարից, որտեղ գրված էր, որ կառավարության եւ լիազորի իրենց ներկայացուցիչները, խորհրդի 10 անդամներ դիմումներ են գրել՝ խորհրդի կազմից դուրս գալու համար, իսկ օրենքի համաձայն, եթե կեսը դուրս է գալիս, խորհուրդը լուծարվում է»,- ասում է Ակոպյանն ու նկատում, որ գրության մեջ չի եղել որեւէ հիմնավորում կամ պարզաբանում, թե ինչու են խորհրդի անդամները գնացել այդ քայլին՝ խորհուրդը կանգնեցնելով լուծարման փաստի առաջ։   
Ինչ վերաբերում է նոր խորհուրդ ձեւավորելուն, ապա, ինչպես տեղեկացրեց պրոռեկտոր Ց․ Ակոպյանը, համալսարանն իր ընտրությունն արդեն արել է, եւ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը՝ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունները՝ 5-ական անդամներով, անցած շաբաթ արդեն ուղարկել են նախարարություն եւ սպասում են, որ ձեւավորվի նաեւ մյուս կազմը, որպեսզի վարչապետի հրամանով նոր խորհուրդ հաստատվի։ «Օրենքի համաձայն, մինչեւ հունվարի 30-ն իրենք պարտավոր են խորհուրդ ձեւավորել, եթե չէ, մենք իրենց կմեղադրենք անգործության մեջ, քանի որ օրենքն է դա պահանջում»,- ասում է նա ու եւս մեկ անգամ բարձրաձայնում բրյուսովցիների պահանջը՝ նախ ձեւավորել խորհուրդ, ապա հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները, հակառակ դեպքում, ինչպես նկատում է Ակոպյանը, «բոլորը համալսարանում տրամադրված են պայքարի»։  

Ինչ է ստացվում․ նախ՝ հրաժարականներ, հետո՝ քրեական վարույթներ, ապա՝ դատական հայցեր, ի վերջո՝ լուծարված հոգաբարձուների խորհուրդ եւ կառավարման ճգնաժամ։ Այս ամենն ի ցույց է դնում իշխանության դեմքը, որն ամեն գնով ուզում է սանձել «անսանձներին» ու վերահսկողություն սահմանել նաեւ բուհական համակարգում։