Իսկ որտե՞ղ է այդ «Արիաստանը»

Իսկ որտե՞ղ է այդ «Արիաստանը»

Հայ ուսանողն «ուղղել է վարչապետի սխալը» եւ ասել, որ մենք կովկասցի չենք, արիացի ենք: Մամուլն իսկույն արձագանքել է: Ֆեյսբուքի «ազգայինները» վայրկենապես տարածել են, եւ հայ քաղաքագետը նյութի տակ ռուսերենով  մեկնաբանություն է արել, թե սիրելի ուսանողներ, ախր ու՞մ եք ինչ բացատրում, չե՞ք տեսնում «նրա եմիշանման գլուխը, նա թուրք է»: Սույն քաղաքագետն ռուսաստանյան Regnum-ի հարթակից արտասվախառն աղերսանքներ է հղում «ռուսաց ցար» Պուտինին, պաղատում, որ Փաշինյանին հեռացնի իշխանությունից, որովհետեւ «նա ամերիկյան պրոյեկտ է, թուլացնում է Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում»: Ստացվում է, որ Պուտինին դիմելիս Հայաստանի աշխարհագրական արեալը կարելի է ռուսների նախընտրած ձեւով անվանել «Անդրկովկաս»՝ մոռանալով մեր «արիացի լինելը» , բայց երբ վարչապետ Փաշինյանն է ասում՝ «բոլորս կովկասցի ենք»՝ նկատի ունենալով, երեւի, որ կարելի է ցանկացած հարցում ընդհանուր հայտարարի գալ, ապա դադարում է հայ լինելուց, քանի որ մենք կովկասցի չենք, արիացի՞ ենք:

Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է գտնվում այդ «Արիաստանը»: Հնարավո՞ր է պարզել: Մեկուկես դար է՝ գիտնականներն այդ հարցով բանավիճում եւ այդպես էլ մի համաձայնեցված տեսակետի չեն գալիս: Եւ ամենավերջում. Սովորաբար ադրբեջանական քարոզչությունն է ասում, որ հայերս կովկասցի չենք, եկվոր ենք: Հիմա ո՞վ է «թուրք»: Մեզ կովկասցի չհամարող երիտդաշնակցակա՞նը, նրան ի աջակցություն գրառում կատարող քաղաքագե՞տը, թե՞ վարչապետը, որ Հարավային Կովկասում գտնվող Հայաստան պետության ղեկավարն է: