Զախարովան ՀՀ իշխանությունների քայլերն «արկածախնդրություն» է համարում
Մոսկվան ակնկալում է, որ Երևանում գիտեն «խաղաղության ուկրաինական բանաձևի» հետ կապված այս կամ այն հանդիպումների վերաբերյալ ռուսական դիրքորոշման մասին և իրատեսորեն են գնահատում նման արկածախնդրությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության վերաբերյալ առցանց համաժողովին։
«Մենք պարբերաբար տեղեկացնում ենք հայկական կողմին, շփումների մեջ ենք։ Մենք կարծում էինք, որ Երևանում շատ լավ հասկանում են, որ նման մտերմիկ հավաքները ոչ մի կապ չունեն քաղաքական կարգավորում գտնելու, խաղաղություն հաստատելու հետ»,– ասել է Զախարովան։
Նրա խոսքով` նման հավաքների բոլոր մասնակիցները պետք է հաշվի առնեն, որ հակամարտության լուծումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության, այդ հանգամանքն անիմաստ ու անպտուղ է դարձնում նման հանդիպումները։
Նա նաև ընդգծել է, որ նմանատիպ դատողություններ են հնչել արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից Երևանում կայացած միջազգային համաժողովի ժամանակ:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 10–ին, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդաժողովներն իմաստ չունեն առանց Ռուսաստանի մասնակցության:
Կարծիքներ